Ծնողները մեծ հույս ունեն, որ նրա աչքերի լույսը այս վիրահատությունից հետո կվերադառնա
Փոքրիկ Ալլան ընդամենը 4 տարեկան է, բայց այս 4 տարիների ընթացքում արդեն 6 անգամ վիրահատության է ենթարկվել. երեխան տեսողության խնդիրներ ունի, այդ վիրահատություններից հետո աջ աչքը սկսել է փոքր-ինչ տեսնել, բայց իր խաղալիքները, ծնողներին, տատիկ-պապիկին ու իրեն շրջապատող առարկաներն ու գույներն ընդհանրապես չի տեսնում:
Կյանքի առաջին օրերին Ալլա Հովհաննիսյանի աչքերի լույսը եղել է, սակայն ինչպես Սանկտ Պետերբուրգի՝ Ալլային վիրահատող ակնաբույժներն են երեխայի տատիկին վստահեցրել՝ փոքրիկի աչքերը վնասվել են. անհասության, այսպես ասած՝ «ակվարիումում» նրան պահելու ժամանակ ուժեղ լուսավորությունը վնասել է նրա տեսողությունը:
Ալլայի տատիկը՝ Ալվարդ Սահակյանը, «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ երբ հասկացել են, որ երեխան չի տեսնում՝ հայաստանյան մի շարք ակնաբույժների են դիմել, սակայն պարզվել է, որ մեր երկրում երեխային անհրաժեշտ վիրահատությունը չեն կատարում: Իսկ այդպիսի վիրահատություն կատարում են Պետերբուրգի համապատասխան կլինիկայում: Տիկին Ալվարդի խոսքերով՝ վիրահատությունը շատ թանկ արժե, երեխայի ընտանիքը բնակվում է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում: Ամեն անգամո երբ երեխային տարել են վիրահատության, դիմել են բարերարների օգնությանը, մի մասն էլ ընտանիքն է դրել՝ խաղողից ստացված բերքը հանձնելու գումարից: Ա. Սահակյանի ներկայացմամբ՝ բերքից ստացված ողջ գումարը ծախսել են երեխայի աչքի վիրահատության համար:
Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Ալլային Պետերբուրգում հերթական վիրահատությունը պետք է անեն, սակայն երեխայի ընտանիքը այս անգամ կանգնած է անելանելի վիճակի առաջ: Տիկին Ալվարդի խոսքերով՝ վերջերս տեղացած կարկուտը հիմնահատակ է արել իրենց խաղողի այգին. «Ամեն անգամ բերքից 1 միլիոն 200 հազար կամ մի քիչ ավել-մի քիչ պակաս էր ստացվում, մի քիչ էլ բարերարներն էին օգնում՝ երեխայի վիրահատության ծախսերը փակում էինք: Բաղ ու բաղչա ունենք, մեր ցանածով էլի փորներս կշտացնում էինք, էլ չգիտեմ, թե ինչ կլինի վիճակներս: Հիմա նորից պետք է վիրահատեն էրեխուն, բայց մի կոպեկ չունենք, ոչ էլ կարող ենք պարտք անել, որովհետեւ ամբողջ բերքը կարկուտը տարել է: Հիմա միակ հույսներս էլի բարերարներն են»:
Բժիշկների խոսքերով՝ 7-րդ վիրահատությունը հնարավոր է՝ վերջինը լինի, եւ փոքրիկ Ալլան մտնի գույների աշխարհ:
«Ինքը գիտի, թե բոլորն էլ էդպես են, գիտի, թե տենց պիտի լինի, բան չի հարցնում: Առարկաներն արդեն գիտի, շոշափելով սովորել է, մեզ չի տեսնում, բայց ճանաչում է, ու մեր ձայները լսելով՝ գիտի, որ ես տատին եմ կամ մաման է, ու մեզ հետ խոսում է: Օրինակ՝ պապը դուռը բացեց մտավ, Ալլան ձայնը ճանաչելով՝ ասում է՝ պապին եկավ»:
Փոքրիկ Ալլային օգնելու համար նրա տատի՝ Ալվարդ Սահակյանի անունով «Հայէկոնոմբանկի» Արմավիրի մասնաճյուղում հաշվեհամար է բացվել դրամով փոխանցումների համար՝ 163108014917, դոլարային փոխանցումների համար՝ 163108024486, եվրոյով՝ 163108024494: Հաշվի առնելով, որ նման երեխաների հաշվին շատ տարածված է բիզնես անելը, հավաստիանալու համար, որ իսկապես գումարը ծախսվելու է վիրահատության համար, ծնողները պատրաստ են ներկայացնել բոլոր փաստաթղթերը:
Ալվարդ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն անգամ Պետերբուրգ մեկնելիս առողջապահության նախարարությունը վճարում է ինքնաթիռի տոմսերի արժեքը. «Ես մատաղ պիտի անեմ, որ այսքան լավ մարդիկ մեզ այսքան օգնում են: Հույս ունեմ, որ սա արդեն վերջին վիրահատությունը կլինի, Աստված մեծ է, երեխայիս կօգնի: Մեզ համար էն մի դոլարի փոխանցումն էլ օգնություն է, ընդհանուր 70 հազար ռուբլի է վիրահատությունը»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ