Նուիրում եմ մայրենիի՝ լեզուի ու խօսքի Մաքրութեան հաղորդաշարերի հեղինակներ Արտեմ Սարգսեանին եւ Հենրիկ Յովհաննիսեանին:
Մաշտոցի յոբելեանները միշտ նշուել են համազգային հանդիսաւորութեամբ, փորձելով (սակայն երբէք չկարողանալով) նրա վաստակի արժանին լրիւ հատուցել, որովհետեւ դժուար է Նրա մեծութիւնը ամբողջութեամբ ընդգրկել: Մաշտոցեան յոբելեանների առիթով, կրկին անդրադառնում ենք, որ Մաշտոցը միշտ մեզ հետ է՝ գրելու թէ կարդալու պահին, մեր մշակոյթի հետ առնչուելու պահին թէ մեր լեզուի յարատեւման ամենօրեայ պայքարի պահին: Երբ խորհում ենք աշխարհի ժողովուրդների պատմութեան մէջ մեր տեսակի ներկայութիւնը պահպանելու մասին, մեր խոհերը մեզ տանում են դէպի Նա, դէպի մեր լինելութեան ոսկեդարի ակունքները:
Այս նիւթը վերնագրելիս եւ տեքստում շեշտել եմ առաւելապէս Մաշտոց անունը, հետեւելով նրա կենսագիր Կորիւն պատմիչի եւ հին աղբիւրների օրինակին, ովքեր (ըստ ակադ. Յ. Մանանդեանի), վիճելի եւ կասկածելի են համարել Մեսրոպ անունը, ինչը սկսել են գործածել աւելի ուշ ժամանակներում: Անցնող տարուայ՝ Մաշտոցի ծննդեան 1650-ամեակի առիթով, կրկին մեր խոկումներն ու մտորումները մեզ մղում են խոնարհումի, ի գնահատումն նրա կատարած այն մեծ գործի, ինչը բնորոշում է Մաշտոցին՝ որպէս հայ ժողովրդի ինքնագիտակցութիւնը արթնացնող սերմնացանի եւ ինքնութեան յետագայ պահպանման պայքարը ուղղորդողի: Յիշել Մաշտոցին՝ նշանակում է յիշել նրա գործը: Իսկ այդ գործը նրա գրաստեղծումն է, ինչը մեր ժողովրդի դէպքում նոյնացաւ ազգակերտում կոչուող երեւոյթի հետ: Հետեւաբար, նրա ծննդեան յոբելեանը նշելու առիթով պարտաւորուած ենք զգում կրկին ու կրկին անդրադառնալ ինքնազոհողութեամբ ապրած իր Աստուածահաճոյ գործունէութեանը՝ հայոց գրերի գիւտին, մէկ անգամ եւս շեշտելու համար երկու բառով պարզապէս գրերի գիւտ կամ յայտնագործութիւն համարուածի տարողութիւնն ու հետեւանքները: Կանխամտածուած, չեմ յիշատակում գրաստեղծման թուականը, որովհետեւ այդ տարեթիւը մինչեւ օրս համարուել է 405 թուականը: Մինչդեռ, Մաշտոցի աշակերտ եւ կենսագիր Կորիւնի «Վարք Մաշտոցի» գրքի վերջում տրուած նախնական (հին) ժամանակագրութեան (ինչն աղաւաղուել է յետագայում) վերականգնուած ճիշտ տարբերակի, պատմիչներ Մովսէս Խորենացու, Փաւստոս Բիւզանդի, Ասողիկի վկայութիւնների, Մատենադարանի երեք ձեռագրերի տեքստերի եւ ականաւոր հայագէտներ Մ. Չամչեանի, Լեոյի. Ն. Ադոնցի, ու մանաւանդ Յ. Մանանդեանի կողմից պատմական անցքերի ու փաստերի համադրմամբ կատարուած հաշուարկումների հիման վրայ գիտականօրէն ապացուցուած է, որ մաշտոցեան հայոց գրերը ստեղծուել են ոչ թէ 5-րդ դարի սկզբին՝ 405-ին, այլ 4-րդ դարի վերջերին՝ 391-392 թթ.: Սխալ հաշուարկումը (405-6թ. հաշուարկը) արել էին ֆրանսիացի գիտնական Դիւլորիեն եւ գերմանացի լեզուաբան, հայերէնի մեծ բարեկամ Յ. Մակուարտը: Նրանց այդ «անմեղ» սխալը ցայսօր շարունակւում է մնալ գիտական եւ մեր կեանքի ամենօրեայ շրջանառութեան մէջ: Աւելին, Գ. Տեր-Մկրտչեանը, այդ սխալը «ճշդում է»՝ Մաշտոցի գիւտի համար սահմանելով 405-416 թուականները (սա դեռ մինչ օրս գործող օտարամոլութեանը մեր տուրք տալու լաւագոյն օրինակներից մէկն է): Ակնկալում ենք, որ ՀՀ Գիտութիւնների Ազգային Ակադեմիան աշխարհին պաշտօնապէս կը ներկայացնի պատմական ճշմարտութիւնը՝ շուրջ մէկ եւ կէս տասնամեակով առաջ տանելով մաշտոցեան գիւտի ստեղծման թուականը:
Արդեօք մի՞շտ ենք գիտակցում, թէ ինչու աւելի քան 1600 տարիների ընթացքում այս հայորդին շարունակ յիշուել ու փառաբանուել է, իր գործը քննուել ու գնահատուել է՝ սրբացուելով ժողովրդի ու եկեղեցու կողմից: Ի՞նչն էր գաղտնիքը, որ մեր մեծագոյն զաւակի վաստակի ազգովին մեծարումը դարձաւ Իր՝ այլեւս յաւիտենացուած, փառքը, բացառելով այդ փառքը մէկ այլ ուրիշի հետ կիսելը: Փորձենք համառօտակի պատասխանել այս կարեւոր հարցադրումներին:
Կարդացեք նաև
Նախ, նկատի առնենք, որ 5-րդ դարի պատմական, նաեւ մեր եկեղեցուն առաւել հետաքրքրող զուտ կրօնա-քրիստոնէական հանգամանքներից ելնելով, Մաշտոցին (եւ իր արած աշխատանքը) կտրում են մեր ժողովրդի պատմութեան փաստացի իրական հիմքերից, դարձնելով նրան զուտ երեւակայական ու եթերային մի իդեալ. որպիսին մատուցել է Կորիւնը՝ գրելով, թէ Մաշտոցը գիրը ստեղծեց միայն «արտասուալից աղերսանքներով, հեծեծանքներով ու աղօթքներով»: Բայց կայ նաեւ հակառակը, երբ փորձում են նրան թերագնահատել՝ ներկայացնելով որպէս սովորական «մուրացեալ» գրեր գծագրողի, ով, իբրեւ թէ, ձեւափոխելով օտար՝ յունական, ասորական, արամեական եւ այլ այբուբենների տառերը, ստեղծել է հայոց այբուբենը: Եւ փոխարէնը աւելի բարձր են գնահատել ասորի Դանիել եպիսկոպոսին, յղում կատարելով նրա մօտ պահուող եւ իբր իր հեղինակած տառերի հետ կապուած մեզ յայտնի պատմութեանը: Մինչդեռ, իրականութիւնը աւելի ճիշդ է ներկայացրել պատմահայր Մովսէս Խորենացին, գրելով, թէ՝ Մեսրոպը փափագում էր գտնել հայոց հին գիրը (այդ մասին աւելի մանրամասն՝ ստորեւ), վերծանել դրանց հնչիւնները: Եւ դէպի Ամիդ, Եդեսիա, այնուհետեւ Փիւնիկի վրայով Սամոս դեգերումներից, հեթանոս մատեաններ գտնելու համար փնտրտուքներից՝ «բայց շահ չգտնելուց» յետոյ գրաստեղծման պահը Մաշտոցին շնորհւում է Աստուածային տեսիլքով եւ Աստծոյ թաթի երեւոյթով. «Եւ տեսնում է ոչ երազ քնի մէջ, ոչ տեսիլք արթնութեան մէջ, այլ սրտի գործարանում նրա հոգու աչքերին երեւում է աջ ձեռքի թաթ՝ քարի վրայ գրելիս…: Եւ ոչ միայն երեւաց, այլեւ բոլոր հանգամանքները (այսինքն՝ գրերը) նրա մտքում հաւաքուեցին՝ ինչպէս մի ամանում: Եւ աղօթքից վեր կենալով ստեղծեց մեր նշանագրերը»:
Բնական էր, որ մաշտոցեան «առեղծուածով» զբաղուեցին աշխարհի՝ տասնեակների հասնող լեզուագէտ-պատմաբան գիտնականներ՝ սկսած հին դարերից մինչեւ մեր օրերը, Մաշտոցի աշակերտներ՝ կենսագիր Կորիւնից ու պատմիչներից մինչեւ հին աշխարհի դրացի ազգերի ներկայացուցիչներ, 19-20-րդ դարերի հնդեւրոպական լեզուների օտարազգի եւ հայ լեզուաբաններից, մինչեւ այսօր ապրող մեր սերունդի գիտնականներ,- բոլորն էլ հիմնաւորելով Սուրբի արժանի լինելը իր փառքին: Ուրէմն ո՞րն է պարզաբանման ենթակայ խնդիրը:
Այո՛, 6-7 հազար տարուայ հնութեամբ մշակոյթ ու արհեստներ, մետաղագործական, շինարարական եւ այլ հմտութիւններ ունեցող ժողովուրդը պէտք է որ իր փորձն ու իմաստութիւնը սերունդներին փոխանցելու միջոցն ունենար: Գիտնականները փաստում են, որ Ք.ա. 1-ին հազարամեակի եւ յետոյ՝ նախաքրիստոնէական շրջանի օտար հեղինակներն են վկայել, թէ անհնար է, որ նման զարգացած տնտեսութիւն եւ մշակոյթ ունցող ժողովուրդը, սեփական գիր ու գրականութիւն չունենար: Մեր օրերում, ակադեմիկոս Պ. Հերունին փաստելով Քարահունջի աստղադիտարանի 7000 տարուայ հնութեամբ աստղագիտական չափումների համապատասխանութիւնը այսօրուայ տուեալներին, նոյնպէս կարծում է, որ առանց գիր ունենալու հնարաւոր չէր այդպիսի մակարդակ ունենալ: Գիր ունենալու լաւագոյն ապացոյցներից է նաեւ այն, որ նախամաշտոցեան շրջանի գրաբարեան կանոնարկուած եւ կատարելութեամբ աչքի ընկնող զարգացած լեզուն չէր կարող գրերի ստեղծումից յետոյ կարճ ժամանակամիջոցում այն մակարդակը ունենալ, որ անմիջապէս ստեղծուէր Սուրբ Գրքի՝ աշխարհին զարմացրած յայտնի հայերէն թարգմանութիւնը (նոյնիսկ հայոց հին անգիր բանահիւսութիւնը ունեցել է նման մակարդակ): Բացի այդ, հին հայ հեթանոսական պաշտամունքի շրջանում արդէն ունէինք գրի եւ դպրութեան Տիր չաստուածը, ով գրում եւ պահում էր նաեւ մահուան դատապարտուածների ցուցակը: Յիշենք հայերիս մօտ տարածուած առօրեայ անեծք՝ «գրողի տարած», «գրողի ծոցը գնա՛», կամ՝ «Գրո՛ղը քեզ տանի» արտայայտութիւնները: Այդ «գրողը» Տիրն էր: Հետեւաբար, գիր ունեցե՛լ ենք, որ գրի աստուած է պաշտուել: Աւելին, ըստ պատմաբան եւ սեպագրագէտ Արտակ Մովսիսեանի, մեր ժողովուրդը իր անցեալում ունեցել եւ օգտագործել է 12 գրահամակարգ՝ սկսած ժայռափոր գծապատկերներից ու գաղափարագրերից մինչեւ ուրիշների (մերձաւոր արեւելքի երկրների) ունեցած վանկային սեպագրերից խիստ տարբերուող սեփական տառային սեպագրերը, եւ մինչեւ մեր ժողովրդի մէջ իսկապէս գրագէտ խաւ համարուող քուրմերի գրած մատեաններում գործածած գրերը (որոնք, ցաւօք, հիմնականում դեռ անվերծանելի են): Դրանցից մնացած են համարւում նաեւ, այսպէս կոչուած դանիելեան գրերը, թէեւ իրականում դրանք երբէք էլ ասորի Դանիելի հեղինակածը չէին: Նա միայն այլազգի դպրութիւնների դիւանների մէջ գտել էր հին հայկական գրերից մնացած 22-24 համր գրեր, որոնց հնչիւնային արժէքները արդէն կորսուած եւ մոռացուած էին: Դանիելեան եւ մաշտոցեան գրերի առնչութիւնները լաւագոյնս ուսումնասիրել է գրականագէտ Ալբերտ Մուշեղեանը: Ըստ նրա՝ Դանիելը այդ պակասաւոր տառերով փորձել էր իր իմացած 4-րդ դարի հայերէնին հարմարեցուած այբուբեն ստեղծել՝ իրենց ասորական այբուբենի օրինակով, որը չունէր հայերէնին յատուկ ձայնաւորներ, վանկատման հնարաւորութիւն եւ լեզուա- քերականական հոլովումների, խոնարհումների, ու կցական բառաստեղծումների այլ լուծումներ: Պատմիչների տեղեկութիւնները կան, որ Մաշտոցը նոյնիսկ երկու տարի փորձել է աշակերտներ ուսուցել դանիելեան գրերով եւ համոզուելով, որ դանիելեան գրերով անհնար է արտայայտել հայոց լեզուի հնչական ճոխ համակարգը, ստիպուած էր լրացուցիչ ստեղծել եւս 12 -14 գրանշաններ, միաժամանակ որոշելով լրամշակուած նոր, ամբողջական այբուբենի գրանշանների հնչական արտասանութիւնը: Սխալ էին նրանք, ովքեր կարծում էին, թէ նախամաշտոցեան շրջանում հայերէնի հնչիւնները աւելի քիչ են եղել: Մինչդեռ, ըստ գերմանացի լեզուաբան Մակուարտի, «…Այն ժամանակուայ օտարալեզու յայտնի (նախամաշտոցեան) այբուբեններից ոչ մէկը ի վիճակի չէր արտայայտելու հայերէնի բազմաթիւ ու դժուարին հնչիւնները», աւելացնենք՝ այժմեան գործող լատինական, յունական եւ այլ հիմքերով այբուբենները նոյնպէս ի վիճակի չեն եւ այդ հանգամանքը, ակներեւաբար, խոչընդոտում է հայերի գրական արժէքների լայն տարածմանը: Ալբերտ Մուշեղեանը հերքելով Մաշտոցի գործը թերագնահատողներին, ապացուցում է, որ Մաշտոցի ստեղծած այբուբենում տառերի ձեւը, ձայնաւորները եւ աջընթաց գրելաձեւը չեն վերցուած յունարենից: Նա փաստում է, որ հայերը արդէն Քրիստոսից չորս հարիւր տարի առաջ, քրմերի մեհենական մատեաններում գործածուած հին հայոց գրերում ունեցել են դրանք, թէեւ լրիւ չեն հասել մեզ: Ըստ նրա, Հայոց այդ հին գրերը, որ գործածուել են Հայաստանում, ազգակից էին նախաքրիստոնէական հին ժամանակներում գործածուած հնդկա-արիական կամ kharaposta-խարափոշտա (թարգմանաբար՝ էշի կաշւի մագաղաթ խարա—էշ-,տես խարազան-էշի մտրակ, եւ փոշթա- կաշի, փոստ) գրերին: Ալբերտ Մուշեղեանի հետազօտած այդ գրերը ժամանակին դուրս էին մնացել հնագրագէտների տեսադաշտից, մինչդեռ դրանք եղել են սեմական գրերից տարբեր եւ աւելի կատարեալ: Դանիելեան գրերը, ըստ երեւոյթին, այդ գրերի մնացորդներն են: Տեղին է նկատել, որ մեր լեզուաբանները կարծես թէ դեռ չեն բացայայտել եթովպական գրերի՝ առաջին հայեացքից ընդհանուր նմանութիւնը մեր գրանշաններին, թէեւ նրանց մօտ կան նաեւ ճիշտ մեր նոյն գրանշաններից: Եթովպահայ ազգականներս ասում են, որ, օրինակ, մեր Վ եւ Ս տառերի պատկերով տառեր իրենք էլ ունեն, բայց տարբեր հնչումով: Պատմագէտ Արտակ Մովսիսեանը վկայում է, որ եթովպացիները ունեն «գաղթական գրեր» արտայայտութիւնը, դա համարելով որպէս հնարաւոր տարբերակ կամ հետեւանք՝ կապելով Հայաստանից գնացածների միջոցով այնտեղ քրիստոնէութեան տարածման փաստի հետ: Այս ամէնից յետոյ մեզ իրաւունք ենք վերապահում եզրայանգելու հետեւեալը: Քանի որ.
Ա) Հնդկաստանից մինչեւ Եւրոպա տարածուած հնդեւրոպացի ժողովուրդների (ովքեր դրացի սեմական ժողովուրդներից տարբերուելու համար իրենց անուանել էն արիացիներ), հնդեւրոպական նախահայրենիքը գտնուել է ոչ թէ Ռուսաստանի հարաւում կամ Գերմանիայում եւ կամ՝ Բալկաններում (սրանք մերժուել են գիտնականների կողմից 1938 թ. Վիեննայի համագումարում), այլ, այսօր ընդունուած տեսութեամբ՝ Հայկական Լեռնաշխարհում,
Բ) Այդ արիական ցեղը 6-7 հազար տարիներ առաջ հնդեւրոպական նախահայրենիք Հայկական Լեռնաշխարհից գաղթել ու տարածուել է մինչեւ Եւրոպա ու Հնդկաստան (յայտնի է ժողովուրդների մեծ գաղթ անունով), եւ այդ ժամանակ հնդեվրոպական նախալեզուն տրոհուել-բաժանուել է տարբեր լեզուների,
Գ) Գրի գոյութեան տարիքը նոյնպէս երկարում է մինչեւ 6-7 հազար տարիների խորքը,
Դ) Եւ հաշուի առնելով տարբեր ժողովուրդների այբուբենների փաստարկուած որոշ գրանշանների նոյնը կամ նման լինելը միմեանց եւ հայոց այբուբենի որոշ տառերին,
Ե) Հետեւաբար, վերը նշուած Հնդկա-արիական «Խառափոշթա» (kharaposta) այբուբենը (եւ նրա մնացորդ դանիելեան գրերը) ստեղծուել են Հայկական Լեռնաշխարհում եւ ունեցել են նոյն դերը, ինչպէս, ասենք լատիներէնը՝ էւրոպական այբուբենների համար:
(շարունակելի)
ՆՇԱՆ ՈՐԲԵՐԵԱՆ
(«Մեսրոպեան Ուխտ»
լեզուապահպանական միութիւն)
ՌՈՏ-ԱՅԼԸՆՏ, (ԱՄՆ)
«Առավոտ» օրաթերթ