Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական «մտահոգություններ»

Մայիս 31,2013 13:00

«Ցավոք սրտի, ընդդիմությունը Հայաստանում շատ թույլ է: Այնինչ դա ցանկացած ժողովրդավարական պետության հիմքն է, եւ մենք մեծապես շահագրգռված ենք, որ ընդդիմությունը մեր երկրում կայանա»: Այս տեսակի խոսակցությունները մենք լսում ենք 1995 թվականից ի վեր, եւ նման «խիստ ժողովրդավարական» մտքերի հեղինակները, բնականաբար, օրվա իշխանություններն են: Փոքր-ինչ վերաձեւակերպելով հայտնի ասույթը՝ կարելի է ասել, որ երբեք իշխանավորները այնքան երեսպաշտ չեն լինում, որքան ընտրություններից հետո: Բառիս բուն իմաստով ամեն գնով (վերջերս առավելապես «նյութական միջոցներով») ընտրություններում սեփական հաղթանակը ապահովելով՝ նրանք այնուհետեւ կոկորդիլոսի արցունքներ են թափում, թե՝  ախ, ինչ վատ է, որ Հայաստանում ընդդիմություն չկա:

Ընդդիմություն չունենալու այս պաշտոնական «ափսոսանքը» հակասության մեջ է մտնում այն խոստովանությունների հետ, որոնք off the record վարում են իշխանության ներկայացուցիչները: Ստորին՝ «թաղային» մակարդակով. «Բա մենք կթողԱնք, որ սրանք իմ թաղում ինՇ-որ դվիժենիներ անեն՝ ստեղ մենք ենք ռուլիտ անում»: Ավելի բարձր՝ հանրապետական մակարդակով. «Աստված չանի, որ այսինչը դառնա գյուղապետ, քաղաքապետ կամ նախագահ՝ նա խոսացող է, իսկ մենք՝ գործ անող»: Դրանք, իհարկե, արդարացումներ են, որոնցով փորձում են քողարկել տնտեսական կամ քաղաքական լծակները կորցնելու տարրական վախը:

Թերեւս չարժե էլ լրջորեն բանավիճել նման «ոչ պաշտոնական» մտահոգությունների հետ, որովհետեւ մենք հնարավորություն չենք ունեցել էմպիրիկ ձեւով ստուգելու այս պնդումների հավաստիությունը: Իշխանությունը Հայաստանում իբր փոխվել է միայն մի անգամ՝ 1998 թվականին, բայց ղեկը անցել է ոչ թե ընդդիմադիրներին, այլ հենց իշխանության մի մասին՝ վարչապետին եւ ուժային նախարարներին: Ճիշտ է, այդ «իշխանափոխության» արդյունքում պաշտոններ ստացան որոշ նախկին ընդդիմադիրներ՝ ԱԺՄ-ականներ եւ  դաշնակցականներ, բայց ասել, թե դրա հետեւանքով ինչ-որ բան տապալվեց կամ հակառակը՝ ինչ-որ բան ծաղկեց, հնարավոր չէ. մնաց պետական ինստիտուտների միեւնույն՝ «գաղջ» կարգավիճակը: «Ռուլիտ անելու» ոճը չի փոխվել:

18 տարի հնչող «պաշտոնական ափսոսանքների» շարքից է նաեւ հետեւյալ պնդումը. «Ընդդիմությունը չհաղթեց, որովհետեւ չկարողացավ միավորվել»: Թեեւ այստեղ կա որոշակի ռացիոնալ հատիկ՝ ամբիցիաներն իրոք խանգարում են մեր բազմաթիվ ընդդիմադիր խմբերին, բայց, մեծ հաշվով, «միավորման» խնդիրը դնելը եւ այդ նպատակին չհասնելու դեպքում հիասթափվելը իշխանության խայծն է: Միավորվեն ընդդիմադիրները, թե չմիավորվեն, քննադատեն իրար, թե չքննադատեն՝ այդ ամենը որոշ երանգներ մտցնում է, բայց վերջնական արդյունքի վրա չի ազդում՝ այն պարագայում, երբ իշխանությունն ունի չոր՝ չթողԱլու տրամադրություն:

Ընդդիմադիրների թերությունները, իհարկե, շատ են, բայց դրանք համեմատելի չեն իշխանությունների արատների հետ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Ara says:

    “չթողԱլ”-շատ բնորոշիչ է ասված իշխանական մտածելակերպի և մակարդակի մասին:

  2. ani says:

    Լիովին համամիտ եմ

  3. Լավատես says:

    Ցանկացած իշխանության առաջին անհրաժեշտ պայմանը (բայց ոչ բավարար)՝ ուժեղ լինելն է: Մակարդակով լինել, բայց՝ թույլ նույնքան վտանգավոր է ազգի համար, որքան անմակարդակ, բայց՝ ուժեղ: Խնդիրը մակարդակով մարդկանց մեջ մակարդակով ոգի հայտնաբերելու մեջ է:

  4. Կարո Մելիքյան says:

    Ընդդիմադիրները չկարողացան միավորվել իսկ իշխանությունները չկարողացան փողերը չբաժանել։

  5. Մուրադ Իսկաջյան says:

    Կարծում եմ, որ մենք մինչև թաղում թաղային խուժանին չհաղթենք, վերևներում միշտ քմծիծաղով պիտի ասեն. -«Ցավոք սրտի, ընդդիմությունը Հայաստանում շատ թույլ է»: Ճիշտ է ձուկը գլխից է հոտում, բայց այն պոչից են սկսում մաքրել:

    • Ruben says:

      Ճիշտ է, ձուկը գլխից է հոտում, բայց այաստեղ գլուխը մողեսի է, այն էլ դրսում: Պետք է բռնել գլխից, թե չէ պոչերը (Լեւոն, Ռոբերտ, Սերժ և այլոք) հա էլ կաճեն:

  6. Spartak says:

    Թույլ ընդդիմություն ունենալու մտավախությունն էր,որ ասպարեզ բերեց Րաֆֆիին:Համաժողո վրդական ալիքը դրա ապացույցն է:Մարդիկ հավատացին ու…ու հիասթափվեցին:Այդպես հավատացին ու հիասթափվեցին նաև Արթուր Բաղդասարյանի և Արտաշես Գեղամյանի ժամանակ:Հավատացողների ու հիասթափվողների մեջ էի նաև ես:Այսքանից հետո տեղին է իշխանությունների ձևակերպումը՝ ,,Ցավոք սրտի,ընդդիմությունը Հայաստանում շատ թույլ է,,:Շինծու ընդդիմությունը միշտ էլ դատապարտված է դրան, ու երբեք չի փոխվելու ,,ռուլիտ անելու,, ոճը:Ցավալի է, և այսպես մինչև ե՞րբ:Արտագաղթի պատճառներից մեկն էլ սա չէ՞:

  7. Ալբերտ says:

    Է՜է՜է՜ ժողովուրդ ջան, բոլորիդ հետ էլ համամիտ եմ: Ցավալի է, բայց դրանք բոլորն էլ փաստեր են: Դե սա ի՞նչ է նշանակում՝ որ էդ բոլորն էլ մենք ենք, որը տիպիկ արտահայտվեց քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ: Ես մի անգամ էլ եմ գրել էս մասին… Բոլոր այսպես կոչված ընդիմադիր կուսակցությունները դրեցին իրենց թեկնածուներին, առանց գիտակցելու, կամ գիտակցաբար կազմակերպելով պառակտում: Մեկը մյուսից «խելոք» ներկայանալով, չգիտակցելով, որ դա պայքար էր: Ցանկացած թշնամու դեմ պետք է դուրս գանք համախմբված: Հակառակ դեպքում պարտությունները անխուսափելի են: Հարկավոր է դասեր քաղել մեր անցյալից: Մենք խելոք ենք անհատապես, ու միավորվել չգիտենք: Լավ քննադատել ու գնդակահարել գիտենք, նկատի ունեմ խոհրդարանում: Բոլորով էլ սրանք գիտակցում ենք, բայց խելքի չենք գալիս: Չեի ուզենա ինձ խելոքի տեղ դնեի և առանձնացնեի, բայց կուզենայի, համախմբման կոչ անեի, հատկապես ընդիմադիր կուսակցությունների ղեկավարներին,որոնք ընդհամենը մի քանի հոգի են, և կարող են իրենց հետևից տանել ժողովրդին, եթե ցանկանում են մի բան փոխվի…Եթե այդ մի քանի հոգին, որոնց մատերի վրա կարելի է հաշվել, հասկանան, որ սա պայքար է, այլ ոչ թե ձայներ հավաքելու կամ գեղեցիկ ճառելու մրցույթ…մի բանի կհասնենք…Որից հետո նոր կարելի է կուսակցախաղերով զբաղվել, որը արդեն կնպաստի երկրի նորմալ զարգացմանը…. ՄԻ-Ա-ՑՈՒ՛Մ …..ՀԱ-ՄԱ-ԽՄ-ԲՈՒ՛Մ … Հետո նոր՝ ՀԱՂ-ԹԱ-ՆԱ՛Կ….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031