Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական էլիտա եւ աղքատ ժողովուրդ

Մայիս 31,2013 12:35

Հայաստանում տասնյակ կուսակցություններ գտնվում են խաղից դուրս վիճակում: Ընդ որում` շատ վաղուց:

Այդուհանդերձ, նրանցից քչերն են համակերպվել ու համակերպվում փաստացի խաղից դուրս վիճակին և ամեն կերպ փորձում են ջրի երեսին մնալ, իսկ առավել անհաջողակները, որոնք վաղուց ջրի երեսին չկան, ճգնում են վերստին ջրի երես դուրս գալ:

Որովհետև արդեն գրեթե բոլորն են հասկացել, որ Հայաստանում քաղաքականությունը բիզնեսի պես բան է, և եթե հաշվի առնենք նաև, որ վաղուց Հայաստանում ապաքաղաքական գործարարներ չկան, պիտի ընդունենք նաև, որ Հայաստանում քաղաքականությունն ավելին է, քան նույնիսկ` բիզնեսը:

Այլ հարց է, որ Հայաստանում քաղաքականություն, որպես այդպիսին, նույնպես չկա: Եթե երբեմն-երբեմն կոմունիստները սոցիալիզմի առավելություններից խոսում են, դա նշանակում է, որ տվյալ պահին Հայաստանում կամ նոյեմբերի 29-ն է, կամ էլ`մայիսի 1-ը: Եվ եթե դաշնակցականները ժողովրդի կարիքներից են խոսում, իսկ ՕԵԿ-ը` արդարությունից, կնշանակի` Հայաստանում վերստին ընտրություններ են: Եվ եթե միակ մարքսիստն է վերստին մարքսիզմից խոսում, ուրեմն` ընտրություններն ավարտվել են:

Իսկ եթե ավելի անկեղծ` անկախացած Հայաստանում էն գլխից քաղաքականություն չի եղել. Միջկուսակցական և ներքաղաքական հարաբերություններ ու ռազբորկաներ եղել են, բայց քաղաքականություն չի եղել, և հիմա էլ միակ կոմպոնենտը, որ Հայաստանի քաղաքական դաշտում բացակայում կամ սաստիկ քչություն է անում, վերստին քաղաքականությունն է:

Այժմյան Հայաստանում արդեն նույնիսկ նախընտրական շրջանում քաղաքականությունից չեն խոսում: Լավագույն դեպքում քաղաքագիտական վերլուծություններ են կատարում, և եթե բարեբախտաբար ՀԱԿ-ն ու անձամբ Տեր-Պետրոսյանն էդ վերլուծությունները բարձրաձայն և նույնիսկ ցուցադրաբար են կատարում, մյուսներն էդ նույնն անում են մեկուսի, մտովի ու լռելյայն, և եթե ՀԱԿ-ն ու անձամբ Տեր-Պետրոսյանը երբեմն նույնիսկ այլ կուսակցության շահերից ելնելով են իրենց քաղաքագիտությունը բանեցնում, մյուսներն էդ նույնն անում են միայն ու միայն ազգի շահերից բխվելով, և եթե սովորաբար ազգի շահերն ու իրենց իսկ կուսակցության շահերը մեկին մեկ համընկնում են, դա ընդամենը երջանիկ պատահականություն է:

Մինչդեռ արդեն քսան տարուց ավելի է` Հայաստանում մոլեգնում է վայրի կապիտալիզմը: Այդուհանդերձ, այդ վայրենու գոյությունը շատերը միայն հիմա են տեսնում ու զգում:

Սկզբում առաջնորդների հորդորներին անսալով և անկախությանն ու ամեն ինչին ըմբռնումով մոտենալով` կապիտալիզմի շռնդալից մուտքն ու գոյությունը չտեսանք ու չտեսնելու տվինք: Այնուհետև պատերազմ էր, և կապիտալիզմը ծվարեց ու թաքնվեց ցրտի ու մթի մեջ, իսկ դրանից հետո էլ միանգամայն բարեհաջող շպարվեց հաղթանակի շպարով և նույնիսկ հաղթանակի հեղինակ ու համահեղինակ դարձավ:

Հետո լույս եղավ, և վայրենին ու վայրագն արդեն լույսերի մեջ էր անտեսանելի: Ամեն ինչ տեսնում էինք` իրենից բացի: Ամեն երգ լսում էինք` իր շռնդալից հաղթերգից բացի:

Երգերն իսկապես տարատեսակ ու զանազան էին, հիմնականում` մարդու իրավունքների թեմատիկայով տոգորված, բայց էդ իրավունքների մեջ չէին մտնում մարդու հաց ուտելու իրավունքը, մարդու բուժման իրավունքը, գլխին տանիք ունենալու իրավունքը… Կրթվելու ու կրթության իրավունքի մասին խոսելն անգամ շռայլություն է:

Միայն չասեք թե` ընտրակաշառք վերցնող ժողովորդը արժանի է չքավորության ու սովի: Մեզանից շատերին երբևէ ընտրակաշառք առաջարկող չի էլ եղել:

Միայն չասեք թե` հեղափոխություն չանող ու չպայքարող ժողովուրդը կուշտ փորով հաց ուտելու կամ բուժվելու իրավունք չունի:

Աշխարհում պայքարած ու չպայքարած բազմաթիվ ժողովուրդներ են մարդավայել ու ապահով կյանքով ապրում, չնայած նրանցից որևէ մեկի մտքով չի անցել ինքզինքն անվանել կամ վերանվանել Ապահով ԱՄՆ, կամ, ասենք, Ապահով Չինաստան: Ինչ վերաբերում է կոնկրետ մեզ, վերջին երկուսուկես հազարամյակում հայերիս հիմնական զբաղմունքը պայքարն է եղել: Իսկ թե դրանից առաջ ինչով ենք զբաղվել, Վարպետյանը կասի:

Էս վերլուծությունս միգուցե արդեն անտեղի ու չափազանց ուշացած է, որովհետև գազի ու ամեն ինչի էս ամենավերջին թանկացումներից հետո նույնիսկ ամենաանհասկացողների համար ամեն ինչ պարզ դարձավ: Պարզ դարձավ, որ մեր հասարակությունն արդեն վերջնականապես բաժանված է երկու հիմնական ու անհավասար խմբերի` կապիտալիստների և ոչ կապիտալիստների, ավելի հայերեն ու հասկանալի ասած` հարուստների ու աղքատների:

Մնացյալը լռություն է: Եվ եթե երբեմն-երբեմն ինչ-որ աղմուկ է լսվում, դրանք կուսակցությունների ու կուսակցականների բազարներն են, որոնց արդյունքում մեկը շատ է շահում, մյուսը` քիչ, երրորդը` ավելի քիչ:

Իսկ տուժողը, ինչպես միշտ, ժողովուրդն է:

 

 ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031