Հակոբ Կարապետյանը երեկ մեզ հայտնեց, որ երկու շաբաթ առաջ ոստիկանությունում ինքը առերեսվել է Տուրբոյի հետ։
«Արդեն մոտ 40 օր է անցել միջադեպից։ Քրեական գործի հարուցումից հետո ես երկու անգամ նախաքննական մարմնում՝ ոստիկանությունում ցուցմունք եմ տվել եւ ամենայն մանրամասնությամբ ներկայացրել եմ իմ դեմ կատարված բռնության հանգամանքները, նշել եմ այն մարդկանց անունները, որոնց որ ճանաչել եմ, ում անունները որ չգիտեմ՝ նկարագրել եմ նրանց արտաքինը, հայտնել եմ, որ պատրաստ եմ առերեսվել նրանց հետ եւ առերեսման ժամանակ հաստատել իմ խոսքերը»,- ասաց լրագրողը եւ պատմեց, որ դրանից հետո տեղի ունեցած առերեսման ժամանակ Աշոտ Պապայանը՝ Տուրբոն, դեմքի շատ լուրջ արտահայտությամբ ասել է, որ Հակոբ Կարապետյանին չի ճանաչում, նրան ընդհանրապես երբեւէ չի տեսել, բարձրացած աղմուկից հետո միայն մամուլում տեսել է լրագրողի լուսանկարները։ «Ես էլ իմ նախկին ցուցմունքները եւ ասածները պնդեցի, ասացի, որ ամեն ինչ շատ լավ եմ հիշում, իրեն էլ շատ լավ եմ հիշում, իր դեմքը հիշում եմ, որ միջադեպից հետո, երբ իմ տեսախցիկը ինձ վերադարձրին, ես իրեն նկարեցի եւ հետո իմ այդ արած լուսանկարով կարողացա գտնել իրեն եւ պարզել, թե նա ով է»,- երեկ մեզ պատմեց Հակոբ Կարապետյանը։
Նրա խոսքով, առերեսման ժամանակ Պապայանը նաեւ պնդել է, որ ոչ միայն չի մասնակցել ծեծին, այլ նաեւ ականատես չի եղել դրան ու գաղափար անգամ չի ունեցել, որ որեւէ միջադեպ է տեղի ունեցել. «Նա մինչ այդ ասաց, որ միջոցառման կազմակերպիչը ինքն էր։ Ես էլ նրան հարցրեցի՝ հնարավո՞ր է նման բան, որ դուք լինելով միջոցառման կազմակերպիչը՝ միջադեպի մասին տեղեկացված չլինեիք, իսկ ահա քաղաքապետարանի մյուս աշխատողները լավ էլ տեղեկացված լինեն դեպքի մասին։ Նա ասաց՝ եթե միջադեպ լիներ, ինքը կիմանար դրա մասին»։ Կարապետյանը նաեւ Պապայանին հարցրել է, թե միջադեպից հետո երբ ինքը Պապայանին հանցագործ եւ ծեծի հեղինակ էր անվանում, ինչու ինքը չէր արձագանքում, որեւէ պարզաբանում չէր տալիս տեղի ունեցածի մասին, կամ էլ չէր հերքում միջադեպի հետ իր առնչությունը. «Ես իրեն ասացի, որ ինքը հանրային դեմք է, ինչո՞ւ որեւէ կերպ չի արձագանքում այդ ամենին, ինքն էլ ասաց, թե դա իր իրավունքն է»։
Լրագրողը համաձայնից մեր այն դիտարկմանը, որ եթե քրեական գործում Պապայանը մինչեւ օրս որպես կասկածյալ չի անցնում, ուրեմն ոստիկանությունը արժանահավատ է համարում ոչ թե իր, այլ Պապայանի ցուցմունքները։ «Այո։ Դեպքից անցել է 40 օր, եւ գործում որեւէ կասկածյալ չկա։ Դեպքը ոստիկանների ներկայությամբ եւ օրը ցերեկով էր տեղի ունեցել, եւ դա իսկապես «ուչաստկովիի» գործ է»,- ասաց Կարապետյանը եւ հիշեցրեց, որ ոստիկանության հնարավորությունները պետք է որ հերիքեին նման պարզ հանցագործությունները բացահայտելու համար:
Կարդացեք նաև
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում