Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախյանը ձայն է տվել Սերժ Սարգսյանին. «Հիմա ուզում եմ դառը խոսքեր ասել»

Մայիս 31,2013 12:23

Հատված արձակագիր Լեւոն Ջավախյանի հետ հարցազրույցից:

– Ինչ կասեք հետընտրական զարգացումների մասին. ավելի շատ՝ հոգո՞ւ, թե՞ հացի սով է սպասում մեր ժողովրդին։

– Նախագահական ընտրության ժամանակ ես իմ ձայնը տվեցի Սերժ Սարգսյանին, դեռ հարցազրույցի ժամանակ ասացի՝ ինչքան էլ ինձ ասեն՝ 30 արծաթով ծախվեցի, այնուամենայնիվ, ձայնս տալիս եմ իրեն։ Չեմ համարում, թե մեծ սխալ եմ արել, իրավիճակն այնպես էր, որ մտածում էի՝ ինձ մեկ սուտն ավելի է հերիք, քան մի քանի ստերը։ Ընդդիմությունից հիսաթափված՝ ես իմ ձայնը տվեցի Սերժ Սարգսյանին, գնահատելով նրա անցած ուղին, փորձը, հաշվի առնելով նաև այն, որ պետությունը, ժողովուրդը, ի վերջո, որբի գլուխ չէ, որ ով ուզի վրան դալլաքություն սովորի։ Հիմա ուզում եմ դառը խոսքեր ասել։ Ոչ ոք չէր սպասում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 500 հազար ձայն կտանի, դա «մեսիջ» էր, որ հասարակության մեջ կուտակվել են հարցեր, որոնք հրատապ լուծում են պահանջում։

Բայց այդ «մեսիջին» Սերժ Սարգսյանն ականջալուր չեղավ, դեռ ավելին՝ մի նոր մշակույթ ձևավորվեց, ձայները փողով են գնում։

Ժամանակին ճիզվիտները մարդկանց ինդուլգենցիա էին վաճառում՝ իբրև մեղքերի թողության վկայագիր։ Հիմա հակառակն է, ձայն են առնում, նոր մեղք գործում։

Սա սարսափելի է։ Ժողովրդին դեգրադացնում են, փչացնում։

Ես մտածում էի, որ ընտրությունից հետո ծրագրային փոփոխություններ կլինեն։ Բայց ի՞նչ ստացվեց, պարզվեց, որ այս երկրի զարգացմանը խանգարում էր միայն սպորտի և երիտասարդության նախարարը։ «Հարկային հանրապետությունը» շարունակում է լինել այնպիսին, ինչպիսին կա։ Ամբողջովին քերում են ժողովրդի միսն ու արյունը, արդեն փղոսկրի սպիտակությամբ ոսկրին են հասել, էլ քերելու բան չկա, անընդհատ հարկեր, հարկեր։ Էլ չեմ ասում՝ խորամանկ աղվեսի նման սպասեցին հենց ընտրությունը վերջացավ, նոր համարձակվեցին ասել գազի գինը բարձրանում է, և ոչ միայն գազի։

Գիտե՞ք, վերնիսաժում եմ աշխատում, մի երիտասարդ կա, ասում է՝ իմ մասին հոդված գրի, որ ինձ վտարեն այս երկրից, ուշքն ու միտքը այս երկրից գնալն է։ Հետո մնում-մնում ասում է՝ ոչ, սա Ռիո դը Ժանեյրո չէ, այսինքն՝ երազանքների երկիրն ու քաղաքը չեն։ Մեկն էլ կողքից ասում է՝ սա իսկի Երևանը չէ, ուր մնաց Ռիո դը Ժանեյրո լինի։ Մեկ ուրիշն էլ ասում է՝ ի՞նչ Երևան, սա իսկական Համզաչիման է, Բոզի գեղ։

Մեր երկիրը, մեր քաղաքը, մեր հրաշք աշխարհը ինչ են դարձրել։ Թող սթափվեն, փոփոխություններ անեն, որ այս երկրի, ժողովրդի վրա ինչ բարդվել է թոթափվի, թե չէ էս պետությունից միայն սփյուռքի նախարարությունն է մնալու։

Թերթում կարդում եմ ու սարսափում, մարդիկ ոտքով են գնում երկրից։ Ես չեմ գնալու, ես սխալ եմ համարում գնալը։ Ո՞ւմ եք թողնում երկիրը։

«Եթե պարտվենք այդ պատերազմում, ապա պիտի կռվենք ապրելու համար, միայն ապրելու համար»։ Ձեր այս խոսքերը ինչպե՞ս կբացատրեք։

– Իմ կարծիքով՝ մարդու կյանքն Աստծու տված պարգևն է։ Կարող էիր չծնվել, չէ՞, եթե ծնվել ու ապրում ես, դա արդեն իսկ երջանկություն է։ Բայց պետությունը պետք է ամեն կերպ ապահովի այդ կյանքը, քեզ պաշտպանի նրանցից, ովքեր խաթարում են այդ կյանքը։ Բայց դուրս է գալիս այնպես, ինչպես լինում է. ոչ թե օգնում են, այլ հենց իրենք են խաթարում կյանքդ։

Ես կյանքն իմ պատմվածքներից մեկում համեմատում եմ մի բաժակ ջրի հետ, որը, սակայն, չեմ համարձակվում միանգամից խմել-պարպել: Այդպես օլիգարխներ են անում, ես կում-կում եմ խմում, որ մանրամասն ապրեմ, վայելեմ այդ կյանքը: Իշխանավորները թող հարամ չանեն այդ կյանքը, թող այդ մի բաժակ ջրի մեջ նամարդություն չխառնեն:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031