«Արդյոք կապահովվի անվտանգությունը Արցախում բնակվող ժողովրդի»,- այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հռետորական հարց հնչեցրեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հկ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով` որեւէ մեկի սիրտը չպետք է ավելի շատ ցավա տարածաշրջանի համար, քան մերը: Անդրադառնալով մադրիդյան սկզբունքներին, Ալավերդյանը նշեց, որ հայ ժողովուրդը չի համաձայնելու այդ «պիղծ» սկզբունքների հետ: Նրա խոսքով` «Ցանկացած ազգ, որը կորցնում է ինքնապահպանոթյունը` դառնում է տարածք»:
Հայ-ռուսական հարաբերությունների մասին էլ հետեւյալն ասաց. «Ռուսաստանը դարեր շարունակ չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ու հայ-ռուսական հարաբերությունների միջով ամենեւին էլ սեւ կատու չի անցել: Լավրովը պայծառ ներկայացուցիչ է ռուսական ռազմավարական մտքի ու նա այնքան փայլուն է ներկայացնում դա, որ Հայաստանում գովասանքի է արժանանում: Նա ներկայացնում է Ռուսաստանի շահերն ու դա բացարձաաես չի բխում Հայաստանի շահերից»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ