Այսօր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ԱԺ-ում ներկայացրեց իրենց նախարարության 2012-ի բյուջեի հաշվետվությունը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց՝ մեկ դատապարտյալի վրա ամսական ինչքա՞ն է ծախսվում մեր հանրապետությունում
Նախարարը պատասխանեց՝ 124 հազար դրամ: Նա նաեւ ասաց, որ ԱՄՆ-ում մեկ դատապարտյալի վրա տարեկան ծախսվում է 25-40 հազար դոլար: Համադրելի երկրներում, օրինակ՝ Էստոնիայում 4000-4500 եվրո է, բայց ծախսերի ուղղություններն են տարբեր: Տեխնիկական, շինարարական կառույցներ, փշալարեր կան եւ պահպանման ծախսերը նվազեցված են:
Եթե համեմատենք միջինասիական երկրների հետ, գները մոտ են:
Կարդացեք նաև
Միքայել Մելքումյանին նաեւ հետաքրքրում էր՝ տնտեսական բնույթի հանցագործությունների համար մեր հանրապետությունում ի՞նչ թվաքանակով մարդիկ են դատվել եւ չե՞ք կարծում, որ պետք է նվազ վտանգավոր հանցագործություններին մասով համաներման ինստիտուտը պետք է գործի:
Նախարարը պատասխանեց, որ տնտեսական հանցագործությունների համար դատված մարդկանց թիվը չի կարող ասել, քանի որ նման վիճակագրություն չեն վարում: Ինչ վերաբերում է համաներմանը՝ Հրայր Թովմասյանն ասաց. «Ոչ միշտ է, որ ազատազրկումը ծառայում է նպատակին: Ուսումնասիրություններ կան, որ պատիժն իր նպատակին ծառայում է առաջին 4 ամսում, հետո դրանք կորցնում են իրենց իմաստը»:
Նա համաձայնեց, որ նոր հայեցակարգ են մշակում եւ հնարավոր է Քրեական օրենսգիրքը փոխեն, տնտեսական հանցագործների համար ավելի մեղմ պատիժ կիրառեն: Նա թեզ առաջարկեց, որ միգուցե մեխանիզմ մշակեն՝ հարուստներին ազատազրկեն, աղքատներին տուգանեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ