Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը սուբսիդավորման մասին հայտարարել է՝ առանց հստակ պատկերացում ունենալու, թե որտեղից են վերցնելու այդ փողերը

Մայիս 31,2013 11:17
Tigran Sargsyan

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ գազի գնի թանկացումը կարող է հանգեցնել սոցիալական բունտի, իշխանությունները որոշեցին հանդես գալ հանրության դժգոհությունը մեղմելուն ուղղված հայտարարությամբ։ Մայիսի 16-ի ՀՀ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը որոշել է իրականացնել գազի գնի 30 տոկոսի սուբսիդավորում։ Այս հայտարարությունը շատերին զարմացրեց, քանի որ ընդամենը չորս տարի առաջ, երբ կրկին առաջ եկավ գազի թանկացման եւ դրա սուբսիդավորման խնդիրը, վարչապետ Տիգրան Սարգսյանը բավականին կոշտ եւ միանշանակ պատասխանեց, որ ինքը դեմ է գազի գնի սուբսիդավորմանը։ «Ոչ, ես կողմնակից չեմ։ Իմ մտքով նման բան չի անցել։ Եվ ձեզ խորհուրդ եմ տալիս ոչ մեկի նման բաներ չհուշել»,- այն ժամանակ կառավարության նիստում ասել էր Տիգրան Սարգսյանը։ Իսկ թե ինչու է նա հիմա մտափոխվել, ով եւ ինչ է նրան հուշել, որ այս անգամ շտապեց հայտարարել գազի գնի 30 տոկոսով սուբսիդավորման մասին, հայտնի չէ։

Այդուհանդերձ, բավականին ուշագրավ է «Առավոտ»-ի հարցմանն ի պատասխան վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանի ասածը. «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առիթ ունեցել է հայտարարելու, որ սուբսիդավորման մեխանիզմներն ընդհանրապես շատ տարբեր են լինում։ Սուբսիդավորման այն մեխանիզմը, որը առաջարկվում է, այժմ մենք քննարկում ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ, եւ դրա արդյունքների մասին անպայման կտեղեկացվի հանրությունը՝ բանակցությունների ավարտից անմիջապես հետո»։

Ասել է թե՝ վարչապետը սուբսիդավորման մասին հայտարարել է՝ առանց հստակ պատկերացում ունենալու, թե ի վերջո, որտեղից են վերցնելու այդ փողերը։ Հիմա ստացվում է՝ որ էլի դիմել են ռուսներին, թե՝ մի բան արեք։ Բա որ ռուսներն էլ ոչ մի բան չանե՞ն, այդ դեպքում ի՞նչ է ասելու Տիգրան Սարգսյանը։ Հավանաբար հանրությանը շարունակաբար խաբելու մեջ հմտացած Տիգրան Սարգսյանի եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հույսն այն է, որ «բանակցություններ են ընթանում» ձեւակերպմամբ կկարողանան հերթական անգամ ժամանակ շահել, ձգձգել գործընթացը՝ մինչեւ հանրային դժգոհությունը կսառչի, իսկ դրանից հետո էլ կասեն, թե՝ այ տեսեք՝ ռուսներն ինչ վատն են, իրենց ռազմավարական դաշնակցին որեւէ կերպ չաջակցեցին, դրա համար էլ մենք գնում ենք դեպի Եվրոպա:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031