Որքան էլ ցավալի ու նույնիսկ ողբերգական է դա գիտակցելը, բայց դա այդպես է: Հայաստանից գնացածների և Հայաստան ժամանածների բացասական տարբերությունը գնալով ավելանում է` հուշելով ոչ հեռվում գտնվող ժողովրդագրական աղետի և արդեն առաջիկա մի քանի տարում ազգային անվտանգության հիմքերի սասանման մասին:
Մյուս կողմից` անշեղ և արագ ընթացքով աճում է վերջին տարիներին արդեն իսկ ահագնացած ՀՀ պետական պարտքը, որն արդեն տագնապալի չափերի է հասել: Եթե 2005 թ. Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է մոտ 1 մլրդ 100 մլն ԱՄՆ դոլար, մինչև 2009 թ. սկիզբ աճել ու հասել է շուրջ 1 մլրդ 600 միլիոն դոլարի, ապա հետագա երեք տարում` 2009-2011 թթ., մեր երկրի արտաքին պետական պարտքն աճել է շուրջ 2 մլրդ դոլարով և 2012 թ. տարեսկզբի դրությամբ գերազանցել 3,5 մլրդ դոլարը: Նշված պարտքի աճը հատկապես շեշտակի ու չափազանց մեծ է եղել 2009 թվականին, իսկ 2011 թ. աճել է 269 մլն դոլարով:
Ընդգծենք, որ արդեն 2013 թ. հունվարի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը գերազանցել է 3 մլրդ 738 մլն դոլարը, այսինքն` անցյալ տարեսկզբի համեմատ աճել 170 մլն դոլարով: Ակնհայտ է, որ միայն աճն ավելի քան հինգ անգամ գերազանցում է օտարերկրացիներին վաճառված Երևանի կոնյակի գործարանի գնին: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն` վերոնշյալ 3 մլրդ 738 մլն 707 հազար դոլար ՀՀ արտաքին պետական պարտքի գերակշիռ մասը` 3 մլրդ 140 միլիոն 439 հազար դոլարը, ՀՀ կառավարության պարտքն է (դրանք ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի վարկային միջոցներն են), իսկ 598 մլն 268 հազար դոլարը` ՀՀ կենտրոնական բանկի պարտքը:
Կառավարության վերցրած վարկերի գրեթե կեսը տրված է Համաշխարհային բանկից, մոտ 900 մլն դոլար Հայաստանը պարտք է Արժույթի միջազգային հիմնադրամին, ահռելի գումարներ է պարտք նաև Ռուսաստանին, Ճապոնիային, Գերմանիային:
Կարդացեք նաև
Հայաստանը 3 մլրդ 738 մլն 707000 դոլար արտաքին պարտքից բացի, ս. թ. հունվարի 31-ի դրությամբ ունի նաև 636 մլն 963 հազար դոլարի ներքին պարտք (այդ թվում` 624 մլն 963 հազար դոլար` պետական պարտատոմսերով, և 12 մլն դոլարի առևտրային վարկ ՀՀ ռեզիդենտից), ինչը նշանակում է, որ ՀՀ պետական պարտքը 2013 թ. հունվարի վերջի դրությամբ կազմել է 4 մլրդ 375 միլիոն 670000 դոլար:
Վերջին 4 տարվա ընթացքում արտաքին պարտքի կտրուկ ավելացումը, ինչը, բնականաբար, նշանակում է նաև պարտքի սպասարկման գումարների էական աճ, չէր կարող իր ազդեցությունը չունենալ բյուջեի ծախսային ծանրաբեռնվածության ու մեր ժողովրդի կենսամակարդակի վրա: Հետևանքներն առավել լուրջ ազդեցություն սկսել են ունենալ անցյալ տարվանից: Արտաքին պարտքի սպասարկման համար 2012 թ. պետական բյուջեով հատկացվել էր բյուջեի ծախսերի մոտ 15 տոկոսը` շուրջ 157 մլրդ դրամ, որից մոտ 110 միլիարդը վարկային միջոցների մայր գումարների սպասարկման, իսկ մոտ 47 մլրդ դրամը` տոկոսավճարների համար:
Պարտքի սպասարկումը ծանր է լինելու նաև 2013 թ. և առաջիկա տարիներին, այնպես որ, մենք դեռ ստիպված կլինենք համապատասխան բառերով հիշելու մեր և մեր սերունդների հաշվին վարկեր-պարտքեր վերցրած պաշտոնյաներին: Ընդ որում, երբ խոսքը վարկերի մասին է, բոլորս էլ լավ գիտենք, որ դրանց եթե չասենք մեծ, զգալի մասը, մեղմ ասած, մսխվում է, ժողովուրդն այդպես էլ չի իմանում, թե ինչպես եկան այդ գումարները, ինչպես ծախսվեցին: Ավելի ճիշտ, իմանում է, բայց արդեն բոլորովին այլ կերպ` Երևանում ավելացող ջիպերի քանակով, հաճախ ԾԻԳ-երի և այլ պետական մարմինների համապատասխան պաշտոնյաների կանանց, զավակների, զոքանչների անուններով ձևակերպված նորակառույց առանձնատներով, ռեստորաններով, խաղատներով և այլ օբյեկտներով:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայացք» թերթի այսօրվա համարում