Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Հարությունյան. «Այդ ի՞նչ ահռելի սարսափ է, որ չեն թողնում մի նորմալ լիդեր մտնի էս երկիր»

Մայիս 31,2013 10:39

Հատված դերասան Լեւոն Հարությունյանի հետ հարցազրույցից:

Պարոն Հարությունյան, որպես դերասան, որպես մարդ, ով ապրում եւ ստեղծագործում է Հայաստանում, այսօր մեր երկրում ամենագլխավորը ո՞րն է Ձեզ համար։

– Ամենավերջին խնդիրը, որ ինձ հանգիստ չի տալիս, երկիրը դատարկվելու խնդիրն է։ Վերջին շրջանում անընդհատ դուրս եմ գալիս հանրապետությունից ու տեսնում եմ, թե սահմաններում ինչ է կատարվում, իսկ դա ահռելի մարդկանց քանակ է, որ գնում է երկրից ընդմիշտ։ Մենք վաղը մեծ պրոբլեմ ենք ունենալու այդ մարդկանց հետ բերելու հարցում։ Իմ մոտ արդեն այնպիսի վիճակ է, որ էլ չեմ ուզում մշակույթից խոսել, դա էլ է իմաստազրկվում, որովհետեւ մշակույթ կա այն ժամանակ, երբ կա հանդիսատես, իսկ այսօր իմ հանդիսատեսը գնում է։ Ես այսօր ուզում եմ հասկանալ՝ ո՞ւմ համար եմ աշխատում, եւ արածս ո՞վ պիտի գնահատի, թե՞ մայիսի 28-ին պիտի կոչում տան…. նախապես ասում եմ, ոդ կոչում ինձ պետք չի, զզվում եմ բոլոր կոչումներից ու կյանքում չեմ ընդունում ոչ մի կոչում, որովհետեւ այդ ամենն այնքան սուտ է…:

Այսինքն, եթե Ձեր արած գործը գնահատեն էլ ու կոչում տան, հրաժարվելո՞ւ եք։

– Երբ ես իմ կատարած աշխատանքը նայում եմ, տեսնում եմ, որ ոչ մի բան էլ չեմ արել իմ ասպարեզում, ու երբ հետ եմ նայում, ասում եմ՝ լավ, ինչի՞ համար։ Այսօր ամեն ինչն է կորցրել իր իմաստը։ Հիմա պետք է ոչ թե մշակույթից խոսել, այլ երկիրը շողուլի բերել։ Ասացվածք կա. «Ձուկը գլխից է հոտում»։ Այդ խոսքը երկար ժամանակ է՝ ինձ հանգիստ չի տալիս, որովհետեւ մեր ձուկը վաղուց արդեն գլխից հոտել է։ Այդ հոտած տեղերը պետք է մաքրել ու այս պետությունը շուտ շողուլի բերել, ազգս, իրանց լեզվով ասեմ՝ արդեն «վարի» է գնում։ Ես ամեն անգամ քաղաք դուրս գալուց այդ էներգիան զգում եմ։ Մենք չինացի չենք, ու դրա համար, երբ մի հայ էլ գնում է, իմ ու քո վրա երեւում է։ Այսօր ամենամեծ խնդիրն արտագաղթն է ու ես ուզում եմ հասկանալ, թե վերեւում նստած «մեծություններն» ինչ են մտածում դրա մասին, ինչ են ձեռնարկում, ո՞րն է իրենց կռիվը, կամ ո՞ւմ առաջ պիտի պատասխան տան վաղը։ Գոնե մտածեն, որ իրենց փոխարեն վաղը իրենց գենետիկան, իրենց շարունակողն է պատասխան տալու, պապերի խնդիր կա վերջապես, թող մի քիչ զգույշ լինեն ու կինտոյի հոգեբանությամբ չաշխատեն, թոռներդ ինչի՞ պիտի հետո քո համար պատասխան տան։ Սա է ամենամեծ խնդիրը, ու ինձ համար շատ զզվելի է դարձել այս ամեն ինչը։ Էն, որ մեջս կռիվ կա, բայց կողքից անընդհատ ասում են, որ դե լավ, ի՞նչ գործ ունես, բայց մի օր մեկը գործ պիտի ունենա՞, թե՞ չէ։ Հա, հասկանում եմ, որ էս երկրում, երբ ճշմարտությունն ասում ես, վաղը, մյուս օրը պիտի պրոբլեմներ ունենաս, որովհետեւ սա էս երկրի ձեռագիրն է, իրանք էդպես են վերացնում պրոբլեմը ու այսօր ազգս հենց էդպես վերացնում են։ Մի օր եթե թուրքն ուզենա գրավել էս ամեն ինչը, կարող է 25 միլիոն թուրքից 5 միլիոնին ուղարկել Հայաստան ու ընդամենը ասի՝ ոչ մի բան մի արեք, ուղղակի քայլեք…. իսկ մենք այսօր տեղ ենք տալիս, որ իրանք վաղը, մյուս օրը իմ ու քո հողի վրա նորմալ քայլելու տեղ ունենան։ Էս երկրում պետք է ամեն ինչ շատ շուտ փոխել, էս երկրի ամենամեծ պրոբլեմն էլ այն է, որ 98 տոկոսը՝ ոչ մեկն իր տեղում չէ, այսօր մեզ նորմալ լիդեր է պետք, որ մարդկանց հույսն ու հավատը վերականգնի, ուրիշ ճանապարհ չկա։

Ասացիք, որ երկիրը պետք է շողուլի բերել, ու թերեւս մարդկանց մեծ մասն էլ փոփոխությունների հույսը կապում էր ընտրությունների հետ, բայց մի տարվա մեջ եղած 3 ընտրություններից հետո մարդկանց հուսահատությունն ու հիասթափությունն ավելի խորացան, էլ չհաշվենք սրված սոցիալական խնդիրները։ Այսքանից հետո ինչպե՞ս եք տեսնում երկիրը շողուլի բերելու ճանապարհը, եթե անգամ ընտրություններից հետո ոչինչ դեպի լավը չփոխվեց։

– Ես ընտրությունից ընտրություն զզվում եմ ինքս ինձնից, թող ազգս ինձ ների՝ զզվում եմ նաեւ երկրիցս, որովհետեւ չեմ կարողանում հասկանալ՝ ոնց կարելի է այդպես սուտ խոսալ։ Իսկ շողուլի բերելու 3 ուղի կա, կառավարության պիտի գան մարդիկ, ովքեր ուզում են այս երկրի համար ինչ-որ բան անել, ովքեր ուզենան մնալ պատմության մեջ, ու գոնե 20-25 տարի հետո այս քաղաքում իրենց անունով փողոց բացվի։ Ճանապարհը դա է՝ սարքել օրենքով երկիր, որ օրենքը հավասար լինի նախագահից սկսած, չգիտեմ ումից վերջացրած, հավասար լինի չգիտեմ ում էրեխեքից սկսած, իմ էրեխուց վերջացրած, ու այդ օրենքը գործի բոլորի համար։ Ես եկել եմ նրան, որ մարդկանց պետք է պատժել, անգամ կախել, ուրիշ տարբերակ չունենք, արդեն ժամանակն է, որ նման բան անենք, բոլորը հղփացել, լպիրշացել են, ու արդեն պատժելու, պատասխանատվության ենթարկելու շրջանն է եկել։ Դա էլ եթե չարեցինք, ժամանակն է դուռը փակել ու նորմալ կոպեկներով ծախել, որովհետեւ ամեն ինչ ծախված է արդեն։ Ախր ցավն այն է, որ ճանապարհը բոլորը գիտեն, ուղղակի ես ուզում եմ հասկանալ՝ այդ ի՞նչ ահռելի սարսափ է, որ չեն թողնում մի նորմալ լիդեր մտնի էս երկիր ու ուզենա այս երկիրը կառավարել։ Գիտեմ, որ գլուխը կուտեն վաղը, մյուս օրը, հարցը դրանում չի, բայց դա մի օր պիտի լինի, չէ՞։ Ես այդ հարցն անընդհատ ինձ տալիս եմ ու հետո հասկանում, որ երեւի ինչ-որ մեկին ձեռ է տալիս, եթե մինչեւ հիմա երկիրը չի սարքել։ Բայց չեն հասկանում, որ հայրենիք են կորցնելու շուտով։ Եթե հայը առաջ՝ 91-93 թթ.-ին երկրից գնում էր, որ փող աշխատեր-բերեր հայրական տունը սարքեր, այսօր հայրական տունը ծախում է, որ ընդհանրապես երկրից գնա։ Ոնց անենք, որ փոխե՞նք, այնքան պարզ է, որ չեմ ուզում խոսեմ, կարեւորը՝ երկրի տերերը շատ լավ գիտեն ոնց անեն։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Հարգելի Լևոն,եթե հաջորդ անգամ քեզնից հարցազրույց վերցնեն,ինչ ուզում էս ասա,միայն թե մի ասա ԱԶԳՍ,քանի որ դու հայ ազգը ոչ հորիցդ էս ժառանգություն ստացել,ոչ էլ մեզ բոլորիս սեփականաշնորհել էս: Հայ ազգին այդպես դիմելու իրավունք չունի նույնիսկ երկրի Նախագահը(քանի որ նա իր պարտականությունները կատարում է որոշակի ժամանակահատվածում):Ամբողջ ազգի անունից իրավունք ունի խոսել միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսը:Իսկ այն,որ նա չի խոսում,դա ուրիշ հարց է:

    • Arman says:

      “Ամբողջ ազգի անունից իրավունք ունի խոսել միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսը:”
      Ինքն էլ չունի, եթե այդ տեսանկյունից նայենք: Իսկ ընդհանրապես բոլորս ունենք:
      Մարդը սրտացավ կիսվելա բոլորիս հետ, կեղտ եք բռնում վրեն? Իսկ դու քո ժառանգությունը ում հորից ես ժառանգել?

    • GAG says:

      dyadyur քո ուզածը ինչ է չհասկացա, մարդը նորմալ նկարագրում է իրավիճակը, դու ինչու ես վատանում…

  2. Armine G says:

    Պրն Հարությունյան դուք ճիշտ եք ու ճիշտ ուղու վրա եք: Ցավոք սրտի վախը մեծ դեր է խաղում և կասեցնում է ժողովրդի արդար պայքարը: Ժողովրդին այնքան են ճնշել ու ստորացրել, որ նա չի ապավինում իր ուժին, չի հավատում որ հաղթանակի բանալին իր ձեռքում է: Վախից դրդված մենք սևին սպիտակ ենք ասում, անարդարությունը հանդուրժում ենք, բայց մինչև ե՞րբ: Մինչև որ մեր միջի վախը կոտրենք ու փոթորկած արմատախիլ անենք անարդարությունը ու մաքրենք մեր երկիրը տզրուկներից ու սրիկաներից: Մեր հաղթանակը մեր ձեռքում է, միայն թե հաստատակամ ու քաջ պետք է լինենք: Վախկոտները չեն հաղթում:

  3. Spartak says:

    Այս ամբողջ մտահոգության համատեքստում ա՞յս էր Ձեր խնդիրը:Լևոնն ի՞նչ է ասում, Դուք՝ ի՞նչ:Կաթողիկոսի առումով էլ եք սխալ և, ընդհանրապես, արտահայտությունը ուղիղ ձևով մի ընկալեք:Հաճախ է այդպես ասվում:Լևոնն առաջինը չէ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031