Հուլիսի 1-ից «ՀայՌուսգազարդի» համար 1000 խմ ռուսական գազը թանկանալու է $9-ով, ներքին շուկայում վառելիքի միջին գինը բարձրանալու է $28-ով։ Վերջնական սպառողների համար գազի գնի բարձրացումը զգալի մի մասով պայմանավորված է «ՀայՌուսգազարդում» հաստատուն ծախսերի ավելացմամբ։
… ՀԾԿՀ-ի կողմից գազի սակագնի հաշվարկներից երևում է, որ «ՀայՌուսգազարդում» վերջին տարիներին տեղի է ունեցել ոչ թե հաստատուն ծախսերի կրճատում, այլ ընդհակառակը, նվազել է գործունեության արդյունավետությունը։ Սպասարկման ոլորտում ընկերությունների արդյունավետության գնահատման ցուցիչների թվում մեկ աշխատակցի կողմից սպասարկվող հաճախորդների քանակն է։ Այսպես՝ 2009թ. վերջնական սպառողների համար գազի սակագինը հաշվարկելիս ՀԾԿՀ-ն հիմնավորված է համարել «ՀայՌուսգազարդում» 4792 աշխատակցի առկայությունը, 2013թ. հուլիսից-2014թ. հուլիսի համար գազի սակագինը հաշվարկելիս՝ 5783 աշխատակցինը՝ ընկերության կողմից ներկայացված 6 հազ-ի դիմաց։ Թեև հանձնաժողովը որոշակիորեն նվազեցրել է ընկերության աշխատակիցների թվաքանակը, վերջինիս 20,7%-ով ավելացումը տեղի է ունենալու բաժանորդների թվի 10,7%-ով աճի պայմաններում։
Մյուս կողմից, եթե 2009թ. ապրիլի վերջին «ՀայՌուսգազարդի» մեկ աշխատակից սպասարկում էր 121 բաժանորդի, ապա 2013թ. ապրիլի վերջին՝ արդեն 111 բաժանորդի։ Համեմատության համար՝ «Գազպրոմի» մոլդովական դստեր՝ «Մոլդովագազի» մեկ աշխատակից սպասարկում է 128 բաժանորդի։ Եթե հաշվի առնենք նաև, որ Հայաստանում գազի ներտնային սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացվում է ոչ թե «ՀայՌուսգազարդի», այլ «Էյ-Ի-Ջի Սերվիսի» (2012թ. վերջին՝ 1009 աշխատակից) կողմից, ապա պարզ երևում է «ՀայՌուսգազարդի» աշխատակազմի ուռճացված լինելը։
ՀԾԿՀ-ի կողմից վերջնական սպառողների համար գազի սակագնի հաշվարկից երևում է, որ «ՀայՌուսգազարդում» նախատեսված է ոչ միայն աշխատակիցների թվաքանակի ավելացում, այլև աշխատավարձերի կտրուկ բարձրացում։ Այսպես, եթե 2009թ. վերջնական սպառողների համար գազի սակագնի հաշվարկման հիմքում դրվել է ընկերությունում միջին աշխատավարձի Դ100 հազ. ցուցանիշը, ապա ներկայում հիմք է ընդունվել Դ227 հազ-ը։ Ստացվում է, որ «ՀայՌուսգազարդում» աշխատակիցների արդյունավետության նվազման ֆոնին միջին աշխատավարձը բարձրանալու է մոտ 2,3 անգամով, այն դեպքում, երբ հանրապետությունում 2008թ. համեմատ կուտակային գնաճը կազմում է 22%, իսկ միջին աշխատավարձերն աճել են 54,7%-ով։ Իհարկե, միջին աշխատավարձի 2,3 անգամով բարձրացման պայմաններում աշխատակիցների «մաքուր աշխատավարձերի» աճն ավելի փոքր է լինելու՝ 2 անգամ, սակայն ընկերությունը պետք է հաշվի առնի նաև գազի գնի բարձրացման հետևանքները տնտեսության վրա։
Կարդացեք նաև
«ՀայՌուսգազարդում» աշխատակիցների թվի, ինչպես նաև միջին աշխատավարձերի աճն այն հիմնական գործոններից է, որոնք և հանգեցնելու են ընկերության կողմից ձեռք բերվող և հետագայում իրացվող գազի գների անհամաչափ բարձրացման։
Արմենակ ՉԱՏԻՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգ» թերթի այսօրվա համարում