Լրահոս
Օրվա լրահոսը

Ում են տրվել վարկերը կառավարության պահուստային ֆոնդից

Մայիս 31,2013 10:25
karavarutyun

Տնտեսվարող սուբյեկտներին օժանդակելու նպատակով վարկային միջոցներ են հատկացվել նաև կառավարության պահուստային ֆոնդից, բայց առավել հետաքրքիր է, թե որ ընկերություններին են տրվել դրանք և ինչ ճակատագիր են ունեցել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը նպատակաուղղված այդ միջոցները, եթե այլոց մերժվում են…

ՀՀ կառավարության 02.04.2009 թ. թիվ 336-Ա որոշմամբ տնտեսվարող սուբյեկտներին վարկային միջոցների տրամադրմամբ օժանդակելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամին, առանց գրավի միջոցների և տարեկան 0,001% տոկոսադրույքով, հատկացվել են 559 մլն դրամի բյուջետային վարկեր:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ «Կոնսեր» ՍՊԸ-ին (պահածոների արտադրություն) և «Վայք գրուպ» ՓԲԸ-ին (գինու արտադրություն) վարկային միջոցների տրամադրմանն աջակցելու նպատակով, վարկային երաշխավորություններ են տրամադրվել համապատասխանաբար 395 մլն և 164 մլն դրամի չափով: Ուշագրավ է, որ «Կոնսեր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված աջակցության հայտի համաձայն` նրա նախորդ տարվա հասույթը կազմել է ընդամենը 3 մլն դրամ` 8 վարձու աշխատողի առկայության պարագայում: Չնայած նշվածին, աջակցության հայտը չի մերժվել և վարկը տրվել է:

ՀՀ վերահսկիչ պալատը (ՎՊ) պարզել է, որ 2010 թ. հոկտեմբերի 29-ին բանկը ՓՄՁ ԶԱԿ-ին տեղեկացրել է «Կոնսեր» ՍՊԸ-ի 3 մլն 875 300 դրամի չափով ժամկետանց պարտավորությունների առկայության մասին, որոնք արդեն 07.01.2011 թ. դրությամբ կազմել են 7 մլն 505 000 դրամ: 2011 թ. փետրվարի 9-ին բանկը ՓՄՁ ԶԱԿ-ի գրավային հաշվից մարել է «Կոնսեր» ՍՊԸ-ին տրամադրված 395 մլն դրամի վարկը և 1 մլն 580 000 դրամի տոկոսագումարը:

2011 թ. մարտի 2-ին ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ արձանագրվել է, որ վարկառուի ստանձնած պարտավորությունները վերջինիս կողմից ոչ պատշաճ կատարելու արդյունքում բանկը ՓՄՁ ԶԱԿ-ից գանձել է 407 մլն 965 300 դրամ, այդ թվում` 12 մլն 965 300 դրամի տոկոսագումար, իսկ նշված գումարի պահանջի իրավունքն անցել է ՓՄՁ ԶԱԿ-ին: 03.03.2011 թ. «Գործակալության» պայմանագրով ՓՄՁ ԶԱԿ-ը «Կոնսեր» ՍՊԸ-ի նկատմամբ իր պահանջի բոլոր իրավունքները փոխանցել է ՀՀ ֆինանսների նախարարությանը: Հետո ի՞նչ, անհասկանալի է, թե ինչ օգուտ է եղել դրանից:

Նույն կերպ «Վայք գրուպ» ՍՊԸ-ին հատկացված 164 մլն դրամի չափով վարկի ամբողջ գումարը հիմնադրամը տեղադրել է բանկում: Վարկը տրամադրվել է տարեկան 10% տոկոսադրույքով, 29.05.2010 թ.-ից վարկի և տոկոսագումարների վճարման պայմանով:

Սակայն, 2012 թ. հոկտեմբերի 3-ին բանկը ՓՄՁ ԶԱԿ-ին տեղեկացրել է «Վայք գրուպ» ՓԲԸ-ի մոտ առաջացած 4 մլն 360 300 դրամի ժամկետանց պարտավորությունների և 30-օրյա ժամկետում պարտավորության չմարման դեպքում գրավային հաշվում առկա բոլոր միջոցները վարկի մարմանն ուղղելու մտադրության մասին: Արդյունքում` ավանդային հաշվից մարվել են վարկի` 78 մլն 74 900 դրամի չափով վերջնական մնացորդը և 4 մլն 360 300 դրամի ժամկետանց պարտավորությունները: Այսպիսով, ինչպես արձանագրել է ՎՊ-ն, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 559 մլն դրամի բյուջետային վարկից վերականգնվել է ընդամենը 85 մլն 825 100 դրամը կամ բյուջետային վարկի 15,4%-ը:

Հետաքրքիր է, թե ՎՊ-ն էկոնոմիկայի կամ ֆինանսների նախարարությանն ինչո՞ւ չի առաջադրել գումարի մնացած մասը հիշյալ ընկերություններից դատական կարգով գանձելու և համապատասխան հաշվում վերականգնելու խնդիր, փոխարենը` ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն առաջարկել է ապահովել ստացված վարկային միջոցների ծախսման նպատակայնությունը և գործարար ծրագրերի իրականացումը: Նախարարությունն ինչպե՞ս է դա ապահովելու, եթե հիշյալ ընկերությունները վարկերն առել, բայց իրենց պարտավորությունները չեն կատարել:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայացք» թերթի այսօրվա համարում  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031