Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը պարզաբանում է Ամալյա Նազարեթյանին հոգեբուժարան տեղափոխելու առնչությամբ

Մայիս 30,2013 21:08

Վերջին օրերին զանգվածային լրատվության մի շարք միջոցներով տեղեկատվություն է տարածվել, որ Երևան քաղաքի Կոմիտաս 56 շենքի 152 բնակարանի բնակիչ Ամալյա Նազարեթյանին ոստիկանների և հոգեբույժի մասնակցությամբ բռնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան, քանի որ տվյալ շենքի առաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի տնօրինությունը ցանկացել է շինարարական փոփոխություններ կատարել, ինչին դեմ է եղել Ա.Նազարեթյանը:
Հրապարակումներից մեկում նշվել է նաև, որ դրանից օրեր առաջ համայնքային ոստիկանության ծառայողը մոտեցել է նրա հարևաններից մեկին և հորդորել, որ նա ստորագրի մի թղթի տակ` առ այն, որ Ա.Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի, սակայն վերջինս և նույն շենքի մյուս բնակիչները հրաժարվել են ստորագրել:
Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է հետևյալը:
2013 թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 54/8 հասցեում գործող «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցների կոլեկտիվ դիմումն այն մասին, որ իրենց սրճարանի հարևանությամբ գտնվող Կոմիտաս 56 շենքի բնակիչ Ամալյա Նազարեթյանը պարբերաբար այցելում է սրճարան և հաճախորդների ներկայությամբ վիրավորական արտահայտություններ հնչեցնում իրենց հասցեին` խանգարելով սրճարանի բնականոն աշխատանքը:

Դիմումատուները խնդրել են ձեռնարկել միջոցներ` վերջինիս հոգեկան վիճակը պարզելու համար, քանի որ նրա մոտ նկատվում են տարօրինակություններ և շեղումներ:
Հիշյալ դիմումի կապակցությամբ նյութերի նախապատրաստումը հաձնարարվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Արարատ Բարբարյանին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում վերջինս բացատրություններ է վերցրել «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցներից, ովքեր պնդել են դիմումում նշված հանգամանքները: Հիշյալ շենքի բնակիչներ Գ. Հ.-ն և Մ. Թ.-ն բացատրություններով հայտնել են, որ իրենք երբևէ չեն շփվել Ա.Նազարեթյանի հետ և նրա հոգեկան վիճակի վերաբերյալ միայն կարող են նշել, որ վերջինս դրսևորել է տարօրինակ վարքագիծ:
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի և ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. հունվարի 30-ի ցուցումի պահանջների համաձայն` Ա.Նազարեթյանի հոգեկան վիճակը հետազոտելու համար ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից միջնորդություն է արվել առողջապահական մարմիններին:
Միջնորդության կապակցությամբ 2013 թ. մայիսի 13-ին Ա.Նազարեթյանի բնակարան է այցելել շտապօգնության համապատասխան խումբը` հոգեբույժի գլխավորությամբ: Վերջինիս խնդրանքով հիշյալ բնակարան է այցելել նաև համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա.Բարբարյանը` հասարակական կարգի ապահովման համար: Նա կանգնել է բնակարանի մուտքի դռան մոտ, իսկ հոգեբույժը շուրջ 1 ժամ 30 րոպե Ա.Նազարեթյանի հետ զրուցելուց հետո որոշում է կայացրել նրան տեղափոխել ՀՀ ԱՆ Ավանի հոգեբուժական կլինիկա` ստացիոնար հետազոտման ենթարկելու համար:
Հոգեբույժի և նրա հետ բնակարան այցելած բուժաշխատողների ուղեկցությամբ Ա.Նազարեթյանը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ, իսկ ոստիկանության ծառայողը նշված վայրում ընդամենը պահպանել է հասարակական կարգը և որևէ կերպ չի միջամտել բուժաշխատողների գործողություններին:
ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Վարդան Հովհաննիսյանը և նույն բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Արարատ Բարբարյանը նույնաբովանդակ բացատրություններով պնդել են վերոգրյալը և հավելել, որ դիմումի վերջնական ընթացքը լուծելու համար զանգահարել են ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ, որտեղից տեղեկացրել են, որ համապատասխան բժշկական հանձնաժողովի և դատարանի որոշմամբ Ա.Նազարեթյանի նկատմամբ նշանակվել է պարտադիր բուժում: Վարդան Հովհաննիսյանը և Արարատ Բարբարյանը նշել են, որ իրենք ղեկավարվել են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի և ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. հունվարի 30-ի ցուցումի պահանջներով և սահմանված կարգով միջնորդություն են արել առողջապահական մարմիններին` Ա.Նազարեթյանի առողջական վիճակը հետազոտելու համար: Բացի այդ, նշել են, որ ոստիկանության որևէ ծառայող Կոմիտաս 56 շենքի որևէ բնակչի չի հորդորել թղթի տակ ստորագրել` առ այն, որ Ա.Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի:
Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 54/8 հասցեում գտնվող «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցներ Գ. Չ.-ն և Ն. Ա.-ն նույնաբովանդակ բացատրություններ են տվել այն մասին, որ ոստիկանության Արաբկիրի բաժնին հասցեագրած դիմումը գրել են ինքնակամ, այդ հարցում ոչ ոք իրենց չի ուղղորդել և դիմումը նպատակ է հետապնդել կանխելու Ա.Նազարեթյանի ագրեսիվ վարքագիծը, քանի որ նրա մոտ նկատել են հոգեկան շեղումներ: Հավելել են, որ իրենք «Իդեալ» խանութի տնօրինության և աշխատակիցների հետ որևէ առնչություն չունեն և վերոհիշյալ դիմումը գրելու համար վերջիններիս կողմից որևէ միջամտություն չի եղել:
Երևան քաղաքի Կոմիտաս 56 շենքի բնակիչ Մ. Թ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ Ա.Նազարեթյանը իրենց շենքի բնակիչ է, սակայն ինքը որևէ շփում չի ունեցել նրա հետ, ուստի չի կարող նրա վարքագծի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնել: Հավելել է, որ ինքը երբևէ չի լսել, որ «Իդեալ» խանութի տնօրինության կամ աշխատակիցների ու Ա.Նազարեթյանի միջև եղած լինեն տարաձայնություններ: Նշել է, որ ոստիկանության որևէ ծառայող իրեն չի հորդորել ինչ որ թղթի տակ ստորագրել` առ այն, որ Ա.Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի:
Նշված հանգամանքները հաստատվել են Երևան քաղաքի Կոմիտաս 56 շենքի այլ բնակիչների հետ անցկացված զրույցներով, ովքեր հրաժարվել են գրավոր բացատրություններ տալ և պատճառաբանել, որ իրենք արդեն հոգնել են Ա.Նազարեթյանի հետ կապված հարցի քննարկումից, քանի որ ամբողջ օրը լրագրողները նույն հարցի կապակցությամբ հեռախոսազանգերով և այցելություններով անհանգստացնում են իրենց:
Ի դեպ, նշված հասցեի երկու բնակիչներ դեռևս 2011 թ. մարտի 18-ին դիմումներ են ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին` մտահոգություն հայտնելով իրենց հարևանուհու տարօրինակ վարքի կապակցությամբ:

ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ-ի հերթապահ բժիշկ Գ. Բ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ Ա.Նազարեթյանը ներկայումս գտնվում է իրենց կլինիկայում, և դատարանի որոշմամբ նրա նկատմամբ նշանակվել է պարտադիր բուժում:
Ամալյա Նազարեթյանի բուժող բժիշկ, ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ-ի 3-րդ բաժանմունքի բժիշկ Գ. Փ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ Ա.Նազարեթյանը 2013 թ. մայիսի 13-ին շտապօգնության խմբի կողմից տեղափոխվել է իրենց կլինիկա` «Սուր հոգեշարժական գրգռվածություն» նախնական ախտորոշմամբ: 2013 թ. մայիսի 14-ին Ա.Նազարեթյանը զննվել է բժշկական հանձնաժողովի կողմից, նա եղել է խիստ լարված, ագրեսիվ, փորձել է հարվածել բուժաշխատողներին, հայհոյել է և արտահայտել թունավորման հայցամոլական զառանցական մտքեր ու թշնամաբար է տրամադրված եղել շրջապատի նկատմամբ: Հանձնաժողովի կողմից տրված եզրակացության համաձայն` Ա.Նազարեթյանը հոգեկան վիճակով համարվել է իր և շրջապատի նկատմամբ վտանգ ներկայացնող հիվանդ, ուստի ստացիոնար բուժման կարիք է ունեցել: Քաղաքացի Ա.Նազարեթյանին հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու նպատակով կլինիկայի ղեկավար Ա. Հակոբյանը դիմել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, 2013 թ. մայիսի 18-ին վճիռ է կայացրել Ա.Նազարեթյանին ենթարկել հիվանդանոցային հարկադիր բուժման` ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ-ում:
Բժիշկ Գ. Փ.-ն հավելել է, որ Ա.Նազարեթյանն իրենց կլինիկայում հաշվառված չի եղել և կհաշվառվի կլինիկայից դուրս գրվելուց հետո: Նա նշել է նաև, որ որևէ մեկն իրենց չի ուղղորդել, չի խնդրել, որ Ա.Նազարեթյանին ընդունեն իրենց կլինիկա, այլ իրենք օրենքով սահմանված կարգով իրականացրել են իրենց պարտականությունները: Ա.Նազարեթյանը հիշյալ կլինկա ընդունվելիս ու դրանից հետո երբևէ չի հայտնել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն կիրառելու մասին: Բժիշկն ավելացրել է, որ Ա.Նազարեթյանը դեռևս գտնվում է հոգեշարժական գռգռվածության վիճակում, արտահայտում է զառանցական մտքեր և չի կարող բացատրություն տալ:
Բացատրությանը կից բժիշկը ներկայացրել է դատարանի վճռի և իրենց կողմից կազմված եզրակացության պատճենները:
Համաձայն նշված վճռի՝ Ա.Նազարեթյանը հայտարարել է, որ իր բնակարանի հարևանությամբ գտնվող սրճարանի աշխատակիցները բժիշկ Գ. Փ.- ի ընկերներն են և վերջինիս հետ ունեցած պայմանավորվածության համաձայն` իրեն տեղափոխել են հիվանդանոց: Այդ նույն սրճարանի աշխատակիցները բազմիցս փորձել են իրեն թունավորել:
Հարկ է նշել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 54/8 հասցեում գտնվող «Կոմիտաս» սրճարանի վերոհիշյալ աշխատակիցների կողմից ոստիկանության Արաբկիրի բաժնին նախկինում ևս 2 դիմումներ են հասցեագրվել` Ա.Նազարեթյանի ագրեսիվ վարքագիծը կանխելու համար: Դրանց կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում Ա.Նազարեթյանը պարտավորվել է այլևս չանհանգստացնել սրճարանի աշխատակիցներին:
Իր հերթին Ա.Նազարեթյանը տարբեր ժամանակահատվածներում տարբեր բնույթի 3 դիմում է հասցեագրել ոստիկանության Արաբկիրի բաժին` օլիգարխների կողմից իր տունը վերցնելու, իր բնակարանից գողություն կատարելու և իրենց շենքի բակում կայանված ավտոմեքենաների կողմից իր անդորրը խանգարելու վերաբերյալ: Նախապատրաստված նյութերով դիմումներում նշված հանգամանքները չեն հաստատվել, ուստի դրանք եզրակացությամբ կցվել են կարգագրին:
Այսպիսով, կատարված ուսումնասիրությամբ զանգվածային լրատվության միջոցներում նշված հանգամանքները չեն հաստատվել:
Ա.Նազարեթյանին ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ տեղափոխելիս ոստիկանության Արաբկիրի բաժնի որևէ ծառայողի կողմից նրա նկատմամբ բռնություն չի կիրառվել, իսկ ոստիկանության ծառայող Ա.Բարբարյանի ներկայությունը հասարակական կարգն ապահովելու նպատակ է հետապնդել:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները կարգապահական բնույթի խախտումներ թույլ չեն տվել, ուստի նպատակահարմար է ուսումնասիրության արդյունքները թողնել անհետևանք` առանց ծառայողական քննություն կատարելու:

 

30-05-2013-001

30-05-2013-002

30-05-2013-004

 

ՀՀ Ոստիկանության մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031