Այսօր գրողների միությունում տեղի ունեցավ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի՝ Արտակ Վարդանյանի թարգմանությամբ՝ «Քարե երազներ» գրքի քննարկումը: Մասնակցում էին պատմական գիտություների թեկնածու, Armenpress լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը եւ հայագետ, միակ Նախիջեւանագետ Արգամ Այվազյանը:
Խոսելով գրքի մասին Արամ Անանյանը ասաց. «Այս գիրքը այն ստեղծագործություններից է, որ կարելի է համարել արգելված գիրք Ադրբեջանում: Արքամ Այլիսլին գիրքը հրապարակելու մեկ պատճառ է ունեցել՝ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելը: Հալածանքներ սկսվեցին Այլիսլիի նկատմամբ դրանից հետո, որովհետեւ հուժկու հարված կար Իլհամ Ալիեւի եւ ադրբեջանական իշխանության դեն: Ադրբեջանը շատ դժվար է առերեսվում իր անցյալին, նրանք ժխտելով ներկան, փորձում են բացահայտել անցյալը»: Նա նաեւ հավելեց, որ գիրքը խիզախորեն նկարագրում է իրականությունը, այն ուղղված չէ որեւէ մեկի դեմ, գիրքը կոչ է հասկանալու, ընդունելու, գնահատելու:
Իսկ Արգամ Այվազյանն էլ նշեց, որ վեպը բաղկացած է չորս գլխից, որոնց հիմքում ընկած են Բաքվի եւ Ագուլիսի ջարդերը: Նրա խոսքով, այնտեղ ճշմարտությամբ նկարագրվում է, թե ինչպես են ադրբեջանցիները հալածում հայերին. «Աքրամ Այլիսլին առաջին մտավորականն է Ադրբեջանում, որ իմանալով հանդերձ, որ աշխատանքից հետո կհալածվի՝ հրապարակեց գիրքը, սակայն այդ աստիճանի հալածանքների չէր սպասում: Եղան մի քանի մտավորականներ որոնք ընդվզումներ կազմակերպեցին, սակայն նրանք պաշտպանում էին ոչ թե Այլիսլիին, այլ ազատ խոսքի իրավունքը»:
Գրքի մասին կարծիք հայտնեց նաեւ արձակագիր, դրամատուրգ Նելլի Շահնազարյանը ասելով. «Արքամ Այլիսլին այս ամենը արել է իր ազգը պատմական անցյալից մաքրելու եւ իր ազգին պաշտպանելու համար»:
Անի ԱՄԻՐԽԱՆՅԱՆ