Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաց չեմ ուտում: Արվեստն է ինձ սնում»

Մայիս 30,2013 18:12

Աշխարհում անցկացվող տարբեր կինոփառատոներում սովորաբար հանրության ուշադրության կենտրոնում լինում են ռեժիսորները, սցենարիստները, դերասաններն ու կինոքննադատները: Այս առումով որոշ չափով անտեսված է լինում հանդիսատեսը: Հանդիսատեսի մասին շատ չի խոսվում:

Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, որտեղ վերջին երկու օրերին անց էր կացվում «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, կինոյի հանդեպ իր սիրով ու ոգեւորությամբ հատկապես աչքի ընկավ մի կին:

Փառատոնի երկրորդ օրը, երբ պետք է ցուցադրվեին պրոֆեսիոնալ ոչ կոմերցիոն ֆիլմերը, հանկարծ թատրոն մտավ այդ կինն ու վազելով դեպի կինոդահլիճը՝ շփոթված հարցրեց թատրոնի աշխատակցուհուն.«Հո չե՞ն սկսվել ֆիլմերը, սաղ տրոլեյբուսները կանգնած էին, մի քիչ ուշացա»:

Այսօր՝ փառատոնի երրորդ օրը, որոշեցինք խոսել այդ կինոսեր կնոջ հետ ու պարզել նրա անունը, ինպես նաեւ պարզել՝ առհասարակ ինչով է զբաղվում:

«Մաթեւոսյան Մարուսյա է անունս: Հիմա ես դարձել եմ արվեստի մեծ բարեկամ: Երբ մարդը տարիներն իրար հետեւից գլորում ա ու աչքերը հառում երկնքին,՝ հասկանում ա, որ իրական կյանքը հասկանալու համար պիտի անընդհատ սովորի»,- Aravot.am-ի հետ իրեն այսպես ներկայացրեց 65-ամյա տիկինը:

Կնոջ հետ զրույցի ընթացքում պարզեցինք նաեւ, որ մասնագիտությամբ քիմիկոս է, բայց իրեն համարում է մայրաքաղաքի մշակութային կյանքի մի մասնիկ:

«Ամեն տեղ լինում եմ: Ներկայացում կլինի, փառատոն, թանգարան, ինձ բոլոր տեղերում էլ արդեն ճանաչում են: Ասում են՝ արի, ես էլ գնում եմ: Տեղեր կան, որտեղ ինձնից արդեն հոգնել են»:

«Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնում տիկին Մաթեւոսյանն ամենաշատը հավանել է հայ ռեժիսորներ Արեն Վաթյանի «Կավե մարդը» եւ Արշակ Զաքարյանի «Կինը» ֆիլմերը, ինչպես նաեւ հորդանանցի ռեժիսոր Սաիդ Նաջմիի «Դեմքեր» վավերագրական ֆիլմը:

«Բոլոր ռեժիսորների գործերն էլ նայել եմ՝ սկսած Ինգմար Բերգմանից մինչեւ Սթենլի Կուբրիկ: Վիկտոր Էրիսեի հետ նկարվել եմ, երբ եկել էր «Ոսկե ծիրան»-ին: Սոկուրովը ձեռքս համբուրել ա, (ցույց է տալիս ձախ ձեռքը-Ա.Ա), նրան երկու հարց եմ տվել: Բայց ամենաշատը սիրում եմ Լեո Կարաքսի ֆիլմերը»,- մեզ հետ զրույցում մեծ ոգեւորությամբ պատմեց արվեստասեր տիկինը:

Երբ տիկին Մաթեւոսյանին հարցրեցինք ընտանիքի մասին, խոժոռվեց ու ասաց.

«Երկու տղա ունեմ: Մեծին 13 տարի ա չեմ տեսնում, 19 տարեկանից մեկնել ա ԱՄՆ: Փոքրի հետ եմ ապրում, բայց նա իր ճանապարհը չի կարողանում գտնել, որովհետեւ շրջապատի ազդեցությունը շատ ա: Ես էլ նրան չեմ կարողանում օգնել»:

Հարցին՝ ողջ օրը զբաղված եք լինում մշակութային միջոցառումների այցելելով, ե՞րբ եք հասցնում հաց ուտել, պատասխանեց.

«Հաց չեմ ուտում: Արվեստն է ինձ սնում: Բացի դրանից թութ եմ ուտում: Էս այգում սեւ մեծ-մեծ թութ կա»,- պատասխանեց տիկինը ու քայլերն ուղղեց դեպի մոտակա այգին:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031