«Այս տարվա ծրագրերից մեկը կլինի կլինի «Ուրախ ձեռքեր» նախագիծը, որն իրենից մի մեծ ամրոց կներկայացնի, որտեղ պատկերված կլինեն փոքրիկների գունավոր ձեռքերը: Չկա ավելի ազնիվ ու սուրբ բան, քան մանկական ձեռքերը: Կլինի նաև նկարչություն սրբատաշ քարերի վրա, որը վերջում երեխաները կարող են իրենց հետ վերցնել: Բոլոր ներկերն ու նյութերը մենք տրամադրելու ենք»,-այս մասին այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային ծրագրերի գծով փոխտնօրեն Աստղիկ Մարաբյանը:
Նույն կենտրոնի հանրային կապերի և մարկեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը նշեց, որ միջոցառումը կմեկնարկի ժամը 17-00-ին և հրավառությամբ կավարտվի ժամը 22-ին. «Կրթական ծրագրերը լինելու են ժամը 17-00-19-00-ն, որից հետո կլինեն համերգային ծրագրեր: Եվրատեսիլից հետո առաջին անգամ համերգով հանդես կգա «Դորիանս» խումբը: Նախորդ տարի մեզ մոտ այցելել են շուրջ 70.000 մարդ և հույս ունենք, որ այս անգամ ևս նման ցուցանիշ կգրանցենք»:
Վերջինիս փոխանցմամբ` միջոցառման գործընկերն է «Հայէկոնոմբանկը». «Դիմել ենք շատերին, բայց մեր առաջարկին արձագանքել է միայն այս բանկը»,- ասաց նա, հավելելով, որ միջոցառման ընթացքում երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու արվեստի տարբեր խմբակների և ժամանցային ծրագրերի, որոնք հիմնականում ընդգրկված են կենտրոնի կրթական ծրագրերի մեջ, իսկ տիկնիկային թատրոնը, զվարճալի խաղավար ծաղրածուները կապահովեն երեխաների ուրախ ժամանցը:
Աստղիկ Մարաբյանի խոսքով` կենտրոն հաճախող երեխաները գրեթե միշտ իրենց հետ բերում են որևէ ոչ պետքական իրեր, որոնք հետագայում զարգացնում, դարձնում են փոքրիկ քանդակներ և այլ աշխատանքներ, որը կրում է «Ստեղծիր քո պատմությունը» խորագիրը: «Ծրագիրն այս տարի ևս ընդգրկված է միջոցառումների ցանկում, որն առաջին համագործակցությունն է «Հայէկոնոմբանկի» հետ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ կենտրոնն այս տարի նաև մասնակցում էր «Թանգարանային գիշեր» միջոցառմանը: Արվեստի կենտրոնի աշխատակիցները վստահեցրին, որ բոլոր սպասելիքներն ու ակնկալիքներն այս տարի ևս արդարացան: «Շուրջ 25 հազար այցելու ենք ունեցել այդ օրը»,- մանրամասնեց հանրային կապերի և մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը, նշելով, որ բոլոր նրանք, ովքեր այդ օրը չեն կարողացել ներկա գտնվել և դիտել ցուցադրությունը, ապա կարող են տեսնել հունիսի 1-ին:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ