Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ազատամարտիկ Մկրտիչ Բաղդասարյանը պնդում էր, որ մեր իշխանավորներից շատերը ղարաբաղյան պատերազմին չեն մասնակցել, մի պահ եկել-երեւացել ու վերադառնալով Հայաստան` հարստության տեր են դարձել, հողեր զավթել: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե պատերազմի դաշտից օրինակ հիշո՞ւմ է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որին վերջերս նախագահն ՀՀ Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրեց:
«Լսել եմ այդ մարդու մասին, բայց չեմ տեսել, հիմի սաղ գեներալներ են, հիմի շատերն են պատմում, թե Ղարաբաղը մի ձեռքով են վերցրել: Ազատամարտիկների մեջ էլ կան մարդիկ, որոնք պատմում են, թե Ղարաբաղը թաք ձեռքով վերցրեցին, հասել ենք նրան, որ պովռը ելնում, դատարանում ցուցմունք է տալիս, թե Ղարաբաղ է գրավել: Շերեփը ձեռքը, Ղարաբաղ է ազատել, թուրքերն էլ էնքան ապուշ են եղել, որ շերեփի դեմ են կռվել: Հիմի էլ ամենաառաջին կադրերում կանգնում, փորերը տնկում ու նկարվում են մեդալներով, բայց չեն ասում, որ առաջին դիրք չգնալու համար, գնում ճաշ էին եփում կամ ուրիշի նասկիներն էին լվացնում: Ամեն մեկը գիտի իր արածը, մենք էլ գիտենք, անուններ չեմ ուզում տալ, եթե անուններ տամ հնարավոր է իրենց էրեխեքը իրենց հորից հիասթափվեն: Հիմա անուններ չեմ տա, բայց հուշեր ունեմ գրած, մի օր ճշմարտությունը կասեմ»,- խոստացավ ազատամարտիկը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հարգելի՝ Մկրտիչ Բաղդասարյան: Տվեք նրանց բոլորի անունները առանց անհանգստամալու: Իրենց
երեխեքը իրենց հորից երբեք չեն հիասթափվի, քանի որ պտուղը ծառից հեռու չի ընկնում:
Անունները հարկավոր էր դեռ 20 տարի առաջ ասել, որպեսզի այժմ դուք էլ, մենք էլ պատանդ չդառնայինք պատերազմի ժամանակ թալանով զբաղված սրիկաներին: Հիմա արդեն ոչ թե նրանց որդիների համար եք անհանգստանում, այլ ձեր որդիների կյանքի համար: