ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 30-ին ընդունել է ազատամարտիկների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամներին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ազատամարտիկներին մտահոգող խնդիրներին: Փոխվստահության մթնոլորտում քննարկվել են ազատամարտիկների ներկայացրած առաջարկները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել հանդիպմանը ներկա ոլորտի պատասխանատուներին:
Նախաձեռնության անդամ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը գոհունակություն է հայտնել հանդիպման արդյունքներից: «Մենք հարց ենք բարձրացրել ազատամարտիկների ընտանիքների սոցիալական և կենսաթոշակային խնդիրների հետ կապված: Այսօր մեզ ընդունեց պաշտպանության նախարարը, բոլոր խնդիրները արդյունավետ քննարկել ենք: Մոտակա ժամանակներում Սեյրան Օհանյանը նշված հարցերը կբարձրացնի համապատասխան մարմիններում: Մենք շնորհակալ ենք նրա ընդունելությունից»,- ասել է Վոլոդյա Ավետիսյանը` հավելելով, որ ազատամարտիկները շարունակելու են քաղաքացիական ակտիվությունը:
«Շուշի-92» ազատամարտիկների և Վետերանների միավորում ՀԿ նախագահ, պահեստազորի մայոր Ջուլիետա Գևորգյանի խոսքերով` հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում. «Սեյրան Օհանյանը մեզ ընդունեց որպես մարտական ընկեր: Մենք վաղուց ենք ճանաչում Սեյրան Օհանյանին, նրա սկզբունքներին քաջատեղյակ ենք և գիտենք, որ ընթացք կտրվի բարձրացված հարցերին: Նախարարից խնդրում էինք ազատամարտիկների կարգավիճակի հստակեցում, բժշկական ապահովագրում, ազատամարտիկների հիշատակին նվիրված թանգարանի կառուցում, թոշակների և այլ բնույթի սոցիալական խնդիրների լուծում»,- նշել է Ջուլիետա Գևորգյանը` ընդգծելով, որ իրենք կողմ են համագործակցությանը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ