ՀՀ պաշտպանության նախարարությունում մայիսի 30-ին ամփոփվեց «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովը:
Գիտաժողովի ավարտին մասնակիցների կողմից մի շարք առաջարկներ արվեցին` միտված սպա-հոգեբանների համակարգի զարգացմանը, ինչպես նաև ռազմական հոգեբանների գիտելիքների և հմտությունների, մասնագետական ունակությունների բարձրացմանը: Ներկայացվեցին նաև զինվորականների շրջանում կոնֆլիկտների առաջացման հոգեբանական գործոնները, նշվեցին դրանց վերացման ուղիները, այդ համատեքստում ընդգծվեց սպայական անձնակազմի վերապատրաստման կարևորությունը:
Ողջունելով մասնակիցներին և իր գոհունակությունը հայտնելով գիտաժողովի անցկացման կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց ռազմական հոգեբանության գործոնը զինված ուժերում` նշելով, որ այն կարող է վեր հանել և՛ բացասական, և՛ դրական երևույթները` լուծում տալով ծառացած խնդիրներին: Պաշտպանության նախարարը հավելեց, որ հոգեբանական պատրաստության աշխատանքների արդյունքները տեսանելի կլինեն զինծառայողի բարձր պատրաստվածության, առաջադրված խնդիրներն արդյունավետ կատարելու դեպքում: Այս առումով Սեյրան Օհանյանը կարևորեց վարժանքների անցկացումը զինծառայողների հոգեբանական զարգացման և մարտական ոգու կոփման գոծում: Նա հատուկ ուշադրություն հրավիրեց մայրենի լեզվի ուսուցման և ընդհանրապես կրթական պրոցեսի վրա:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով` կարևորագույն խնդիրներից է հաղթողի կերպարի ձևավորումը հասարակության շրջանում, հատկապես` բանակում. «Բանակը բոլոր երկրներում, առավել ևս մեր իրականությունում, ընկալվում է որպես սրբություն: Մեր բանակը կռվել, հաղթել է և այսօր էլ հայրենիքի սահմաններն է պաշտպանում: Հաղթողի գործոնը, հաղթողի կերպարը հարկավոր է խորապես ներկայացնել հասարակությանը` ընդգծելով այն ամբողջ դրականը, որ կա բանակում, նաև` բանակի քրտնաջան աշխատանքն ու այն քննությունը, որ բանակն ամեն օր հանձնում է սահմանները պաշտպանելիս»,- եզրահանգեց պաշտպանության նախարարը:
Կարդացեք նաև
Ավարտին Սեյրան Օհանյանը նախանշեց հետագա անելիքները` աշխատանքները գործնական փուլ տեղափոխելու համար, ինչպես նաև գիտաժողովի անդամներին հանձնարարեց կազմել միջոցառումների ծրագիր` ճիշտ ընտրելով գործողությունների հաջորդականությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ