Լրահոս
Օրվա լրահոսը

Շքանշաններից հրաժարվող ազատամարտիկը սպառնում է մի շիշ բենզին վերցնել ու իրեն վառել Բաղրամյան 26-ի դիմաց

Մայիս 30,2013 17:31

P1092130Այս մասին այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հայտարարեց արցախյան ազատամարտի մասնակից, գյումրեցի Մկրտիչ Բաղդասարյանը: Ազատամարտիկը բնակվում է սոցիալապես ծայրահեղ պայմաններում, անգամ բնակարան չունի, 3-րդ կարգի հաշմանդամ է, տառապում է շաքարային դիաբետով, անցած տարի ստացել է սրտի տարածուն ինֆարկտ, և անչափ դժգոհ է իշխանավորների արհամարհական վերաբերմունքից:

Ըստ նրա, ինքը` երկու անչափահաս երեխաների հետ, ապրելով վարձով, իրեն ավելորդ ու անապահով է զգում հայրենիքում: Նա այսօր ընթերցեց իր դիմում –բողոքը` ուղղված ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որտեղ մասնավորապես ասված էր. «Հույսս լիովին կորցրել եմ ՀՀ ղեկավարությունից,, որին չի հետաքրքրում իր հաղթանակած զինվորն ու նրա երկու անչափահաս երեխաները: Ես ինձ անապահով և ավելորդ եմ զգում իմ հայրենիքում: Գտնում եմ, որ իմ հաղթանակած հայրենիքում, եթե ես գրանցում անգամ չունեմ և մեր`կամավորականներիս, գործը մասամբ է հիշվում, իսկ պաշտոնատար անձանց կողմից նվաստացուցիչ կերպով և ցուցադրական տրամադրվում է չնչին ողորմություն, ուստի նպատակահարմար եմ գտնում իմ արյան գնով ձեռք բերված մեդալները (ոչ լրիվ ստացածս մեդալները) հանձնեմ ձեզ: Եթե կարիքը առաջանա, կարող եմ նաև հրաժարվել տրվող կենսաթոշակից»:

Ազատամարտիկը դժգոհեց, որ իրենց այնպիսի սոցիալական վիճակի մեջ են գցում, որ թողնեն ու երկրից հեռանան: «Իմ կոչն է իմ ազատամարտիկ ընկերներին, Երևանում նստացույց անող ընկերներիս, ոչ թե մենք պետք է գնանք էս երկրից, այլ իրանք պտի գնան էս երկրից, որովհետև մենք արյուն ենք տվել, ամեն ինչ տվել ենք, ամենաթանկն ենք տվել, դրա համար մենք չունենք ստեղից գնալու: Եթե իրանք ստեղից գնան, մենք ավելի ապահով կապրենք մեր երկրում, իրանք են մեզ խանգարողը: Խոսքս հենց պրեզիդենտի, վարչապետի մասին է: Կառավարման բուրգերը որ կա, բուրգը որ շինել են օլիգարխներով, ապահովություն են ձեռք բերել, էն ժամանակ որ պատերազմ էր, ազատամարտիկները, կամավորները պայքար էին մղում, տեսնում էին, որ մարդիկ կային, որոնք մի էպիզոդ գալիս-երևում էին էնտեղ, հետո գալիս Հայաստանի Հանրապետության մեջ տերիտորիա էին գրավում: Ոչ թե թուրքի դեմ կկռվեին, այլ Հայաստանում տերիտորիա կզավթեին, հարստացան, էսօրվա օրը մեր գլխին պրոբլեմ դարձան, իսկ այն մարդիկ, որոնք անշահախնդիր պայքարեցին հանուն հայրենիքի, կամ սպանվեցին կամ վերադառնալով Հայաստան բանտերն ընկան», -նեղսրտեց ազատամարտիկը:

Նա հարցնում էր` ո՞վ կարող է ապացուցել` ինքն է ավելի հայրենասեր, թե՞ երկրի նախագահը կամ ԱԺ-ի ցանկացած պատգամավոր: «Էգուց Աստված ոչ անի, որ կռիվ լինի, էս շքանշաններով չէ, որ ես պիտի կռվեմ, առանց էս շքանշանների էլ զենքս կվերցնեմ, կգնամ, թեև առողջականս չի ներում, բայց ինչքան կարողացա: Այս շքանշանները շատ թանկ են իմ համար, ամեն մեկը իմ արյան գինն է, բայց ստիպված եմ այս քայլին գնալ»:

Նա ասաց, որ իր դիմում-բողոքը, շքանշանների հետ միասին, դնելով ծրարի մեջ, կտանի ու հետ կհանձնի Երևան` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, երբ որ 10 հազար դրամ ճարի, իսկ դա, ամենայն հավանակնությամբ, կլինի առաջիկայում թոշակը ստանալուն պես:

Մկրտիչ Բաղդասարյանը զայրացած է, որ երկրաշարժին կորցրել է երկու սենյականոց բնակարան, սակայն իրեն մեկ սենյականոց են հատկացրել, որն էլ սոցիալական վատ պայմանների պատճառով ստիպված վաճառել է, հիմա վարձով է ապրում: «Գոնե տեսնեմ, որ էրեխես կռիշ ունի գլխի վրա, նոր հոգիս հանգիստ տամ, մենք մուրացկան չենք, չեն դիմում փող ուզելու, իմ միակ ցանկությունն է, որ իմ էրեխեքը Հայաստանի մեջ հայ մեծանան: Եթե պետությունս շատ աղքատ է, թոշակս էլ կնվիրաբերեմ, դրանից հետո մի շիշ բենզին կվերցնեմ ու Բաղրամյան 26-ի դիմաց ինձ կվառեմ, տեսնեմ կպրծնենք, թուրքերը կվառեին քիչ է, հիմի հայը հային կվառե, էնպես կվառե, որ հայի վառածը անբուժելի է»,- ասաց ազատամարտիկը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031