Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք գրողի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքը թարգմանվել է երկրորդ անգամ

Մայիս 30,2013 17:05

Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ հանրաճանաչ թուրք վիպագիր Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ընկեցիկը» վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսը: Գրքի հայերեն թարգմանության հեղինակն է ամերիկահայ գրականագետ, թարգմանչուհի Մարո Մադոյան-Ալաջաջյանը:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, կարեւորելով Շաֆակի ստեղծագործությունը, նշեց, որ հայ գրողների մոտ այնքան էլ լավ չի ստացվում գրել ցեղասպանության մասին, որովհետեւ հայերի մաշկի տակ դեռ ցավ կա:

«Իսկապես, օտար գրողները շատ ավելի լավ են ներկայացնում ցեղասպանությունը, քանի որ հայ գրողները քանիցս փորձեցին, բայց մեր մաշկի տակ այդ ցավն այնքան է նվվում, որ մենք կարծես էլ չենք կարողանում օտարվել եւ կողքից նայել 20-րդ դարի այդ մեծ աղետին»,- նշեց Գրողների միության նախագահը՝ նկատելով, որ շատ կարեւոր է այն փաստը, որ հեղափոխություն է կատարվել հենց թուրք ազգի մտածողության մեջ, իսկ Շաֆակի վեպն, ըստ Անանյանի, դրա վառ ապացույցն է:

«Ստամբուլի ընկեցիկը» վեպի հայերեն թարգմանության հեղինակը՝ Մարո Մադոյան-Ալաջաջյանն, ասաց, որ դեռ գրքի առաջին տողերը կարդալուն պես, ինքը հասկացել է, որ այն պիտի հայերեն թարգմանի:

«Ես վստահ եղա, որ այն պետք է հայերեն թարգմանվի: Հենց առաջին տողերից ես դրանում վստահ էի: Ես առաջին անգամ, երբ որ լսեցի Շաֆակի հարցազրույցը, զգացի՝ ինչքան տխուր էր նրա ձայնը: Նրա ձայնի մեջ այնպիսի վիշտ կար: Հրանտ Դինքի սպանությունից անցել էր ընդամենը մեկ ամիս»,- ասաց Մարո Մադոյան-Ալաջաջյանն ու հավելեց, որ գրքի թարգմանության հիմնական նպատակն էր՝ ցույց տալու Էլիֆ Շաֆակի նման մարդկանց գոյությունը:

Նշենք, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին պատմող վեպի հրատարակումից հետո, գրքի հեղինակին՝ Էլիֆ Շաֆակին, մեղադրանք էր առաջադրվել 301 հոդվածով, որն ազգային ինքնությունը վիրավորելու մասին է: Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 42-ամյա թրքուհին հիմա ապրում է Լոնդոնում:

Նախքան այս թարգմանությունը, «Անտարես» հրատարակչությունը վեպը թարգմանել էր թուրքերենից, իսկ այս թարգմանությունն արվել է անգլերենից: Ի դեպ, Շաֆակն այն գրել էր անգլերենով: Նկատենք, որ վեպի թարգմանության ողջ հասույթն ուղղվելու է Գյումրիի պետական մանկավարժական համալսարանում սովորող անվճարունակ ուսանողներին:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031