Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ասպետները» և «Նժդեհիկները» վստահ են, որ հայրենիքին պետք է ծառայել առաջնահերթ լավ սովորելով

Մայիս 30,2013 17:01

Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, հյուրընկալվել էին «Հայ ասպետները» և «Նժդեհիկները»՝ «Հայ ասպետ» ԿԲՀ-ի կազմակերպիչ Սոնա Օհանյանի գլխավորությամբ:

Երեխաները խոսեցին իրենց ցանկությունների, նպատակների, իրենց պատկերացմամբ տեղի ունեցող երևույթների դրական և բացասական կողմերի, հայրենիքի կարևորության և հզորացման ճանապարհների մասին:

Երեխաները ոչ միայն խոսում էին, այլև քաջ գիտակցում ասածի կարևորությունը և հասցրել էին յուրացնել այն ամենը, ինչ ուսուցանվել է իրենց այդ տարիների ընթացքում. «Ազգային երգեր և պարեր սովորում ենք նրա համար, որպեսզի պահպանենք այն և չմոռանանք, ինչպես նաև այստեղ ես սովորում եմ վարվեցողության կանոններ»,-ասաց փոքրիկներից մեկը:

Երեխաներն անդրադառնալով մի քանի խնդիրների, ցանկություն հայտնեցին ունենալ գեղեցիկ խաղահրապարակներ` իրենց ժամանակն անցկացնելու համար, ինչպես նաև մանկական հեռուստաընկերություն, որը կցուցադրեր մանկական հաղորդումներ:

Իսկ թե ինչ են այդքան մեծ երանությամբ ցանկանում փոքրիկները, պարզեցինք նրանց պատասխաններից. «Երանի թե լիներ այնպես, որ մեր հողատարածքները մեզ վերադարձվեր», «Երանի բոլորի ընտանիքներում լսվեր մանկան ճիչը», «Երանի աշխարհում ոչ մի հիվանդություն չլիներ», «Երանի մի օր աշխարհի երեսից վերանար սուտն ու կեղծիքը», «Երանի այնպես լիներ, որ մարդիկ չդավաճանեին իրենց հայրենիքը»: Պատասխանները ոչ միայն տալիս էին, այլև հիմնավորում: Նրանք հայրենիքից հեռացողներին համարում էին դավաճաններ, սակայն շատ լավ գիտակցելով հեռացողների խնդիրները, հույս ներշնչում, որ ապագայում իրենք են տնօրինելու երկիրը և բոլոր հեռացողներին հայրենի երկիր վերադարձնելու:

Չնայած այն հանգամանքին, որ դեռ փոքր են, բայց շատ լավ տեղեկացված էին ներկա ներքին ներքաղաքական իրավիճակին, գիտեն երկրի նախագահին և համար մեկ խնդիրը համարում էին միասնականության բացակայությունը. «Լավ կլիներ, որ այսքան շատ կուսակցություններ չլինեին և միավորվեին: Պատմությունից դասեր պետք է վերցնել և գիտակցել, որ մեր հաջողության գրավականը մեր միասնության մեջ է»,-ընդգծեց Գուրգեն Դանիելյանը:

Փոքրիկներն արդեն կողմնորոշվել են մասնագիտության ընտրության հարցում` նախագահից մինչև զինվորական բուժքույր, քաղաքապետից մինչև ֆուտբոլիստ: Նրանք վստահ են, որ հայրենիքին ծառայելու ամենաառաջնային գործոնը առայժմ լավ սովորելն է:

«Հայ ասպետ» ԿԲՀ-ը գործում է 6 տարի և ընդունելությունն իրականացվում է 6 տարեկանից սկսած: Մեր այն հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվում երեխաները, «Հայ ասպետ» ԿԲՀ-ի կազմակերպիչ Սոնա Օհանյանն ասաց. «Երեխաներն ընտրվում են նախնական հարցազրույցով, որից հետո տալիս ենք մեկ ամիս նախապատրաստական շրջան, որպեսզի երեխան հասկանա մեր կարգերը` ինչ ենք մենք ուզում և ինչ է նա մեզանից վերցնելու: Ուսուցումն ամբողջությամբ անվճար է»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031