Մայքլ Բլումբերգին սպառնալիքներ են ուղղվել՝ կապված սպառազինության վերահսկման հարցում իր զբաղեցրած դիրքորոշման հետ
Նյու Յորքի ոստիկանության համաձայն, քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգին հասցեագրված երկու նամակների անալիզի արդյունքում հայտնաբերվել է, որ դրանք պարունակում էին մահացու ռիցին թույնը:
Ծրարներից մեկն անցյալ ուրբաթ օրը բացվել էր Նյու Յորքի փոստային բաժանմունքներից մեկում, մյուսը՝ կիրակի օրը, Բլումբերգի հիմնադրած «Քաղաքագլուխներն ընդդեմ անօրինական սպառազինության» կազմակերպության վաշինգտոնյան գրասենյակում:
Ոստիկանության կողմից հրապարակված հաղորդագրության համաձայն, երկու նամակներն էլ Բլումբերգին հասցեագրված սպառնալիքներ էին պարունակում, հիշատակվել էր նրա կողմից հիմնադրված՝ հրազենի վերահսկողության խստացնելու կողմ հանդես եկող կազմակերպությունը:
Կարդացեք նաև
Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են նաև, որ Նյու Յորքում հայտնաբերված նամակի հետ աշխատող ոստիկանության ծառայողների մոտ հայտնաբերվել է ռիցինով առաջացրած թույլ թունավորում:
Դեռևս հայտնի չէ, արդյոք որևէ կապ կա Բլումբերգին հասցեագրված նամակների և անցյալ ամիս ԱՄՆ-ի նախագահ Օբամային, ԱՄՆ-ի սենատորներից մեկին և Միսիսիպի նահանգի մի դատավորի ուղարկված ծրարների միջև, որոնց մեջ նույնպես ռիցին էր պարունակվում: Այս գործով անցնող կասկածյալը ներկայում կալանքի տակ է:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»