Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցի տնտեսվարողներն իրենց բիզնեսի բարգավաճումը միայն օտար հաճախորդների հետ են կապում

Մայիս 30,2013 16:51

Այս պահի դրությամբ «Արմավիա» ավիաընկերությունը Հայաստանի պետական բյուջեին պարտք է ավելի քան 7 միլիարդ դրամ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը ի պատասխան տեղեկացրեցին Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ):

Խոշոր պարտքի պատճառը այն է, որ ավիաընկերությունը, ըստ ՊԵԿ-ի, տեւական ժամանակ չի կատարել շահութահարկի, ոչ ռեզիդենտի շահութահարկի, եկամտահարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարի, եկամտային հարկի եւ պետական տուրքի վճարումները, որոնք էլ կուտակվելով միլիարդավոր դրամների են հասել:

Գումարային հարցը լուծելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն «Արմավիա»-ի դեմ դատական հայց է ներկայացրել: Կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից Վարչական դատարան է ներկայացվել հայցադիմում՝ «Արմավիա»-ից հօգուտ պետբյուջեի 7 միլիարդ 35 միլիոն 703 հազար 888 դրամ (մոտ 17 միլիոն դոլար) գումարի բռնագանձման պահանջով:

Պետական եկամուտների կոմիտեից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ Վարչական դատարան դիմում են ներկայացրել այս տարվա ապրիլի սկզբին, դատարանն էլ ապրիլի 19-ին որոշել է հայցն ընդունել վարույթ եւ նախնական դատական նիստ նշանակել մայիսի 27-ին, բայց քանի որ նշված օրը կառավարության որոշմամբ սահմանվել էր ոչ աշխատանքային օր, նախնական դատական նիստը տեղի չի ունեցել, իսկ նիստի նոր օր դեռեւս նշանակված չէ:

Ապրիլի 1-ից սնանկացման գործընթաց սկսած «Արմավիա»-ն պարտք է մի շարք ընկերությունների՝ Հայաստանում եւ արտասահմանում, չեն վճարվել նաեւ ավիաընկերության նախկին աշխատակիցների մի քանի ամսվա աշխատավարձերը: Սնանկացման գործընթաց սկսած «Արմավիա»-ն, ըստ օրենքի, պետք է դիմեր դատարան՝ իրեն սնանկ ճանաչելու պահանջով, մինչդեռ մինչ այսօր ավիաընկերությունը նման հայցով դատարան չի դիմել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան ասաց, որ վարչական դատարանում հարուցված քրեական գործի մասին իրենք վաղուց էին տեղյակ:

«Արմավիա»-ն ընդունում է, որ պարտքեր կան եւ դրանք շատ են, մենք բանակցություններ ենք վարում, որ պարտքերը մարվեն, բանակցություններ են ընթանում նաեւ Պետական եկամուտների կոմիտեի հետ», – փոխանցեց Ավետիսովան:

Այն հարցին, թե ինչպե՞ս են վարում բանակցությունները, երբ Պետական եկամուտների կոմիտեն պարտքը բռնագանձելու հայցով դատարան է դիմել, «Արմավիա»-ի մամլո խոսնակը չպատասխանեց:

Հարցի շուրջ պարզաբանումներ «Ազատություն» ռադիոկայանը փորձեց ստանալ նաեւ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից, որտեղից էլ փոխանցեցին, որ «Արմավիա»-ի պարտքի մասին իրենք իրավասու չեն խոսել, իսկ ինչ վերաբերում է Հայաստանում ավիացիոն ոլորտի ապագայի շուրջ տեղի ունեցող քննարկումներին, ապա այս հարցում նորություններ դեռ չկան:

Հովհաննես Մովսիսյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031