Այսօր Մաշտոցի պողոտայում ապամոնտաժվում էին ռեստորանների, ինտերնետ ակումբների, խանութների եւ այլ օբյեկտների օտարալեզու գովազդները: Երեկ տնտեսվարողների նախազգուշացման վերջին օրն էր: Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության կողմից տնտեսվարողներին մինչեւ
մայիսի 29-ը ժամանակ էր տրվել` «Գովազդի մասին» եւ «Լեզվի մասին» օրենքի խախտումներով տեղադրված գովազդային ցուցանակները հանելու եւ թերությունները վերացնելու: Սակայն մի շարք տնտեսվարողներ չեն կատարել քաղաքապետարանի պահանջը:
Մաշտոցի պողոտայում գործող «Քամելոթ» ռեստորանի տնօրինությունն այսօր կանգնած հետեւում էր, թե ինչպես է ապամոնտաժվում իր ռեստորանի գովազդային ցուցանակը: Լեզվի պետական տեսչությունից Aravot.am-ին հայտնեցին, որ «Քամելոթ»-ն ընդամենը մի քանի ամիս առաջ է նույն խախտումը թույլ տալու համար տուգանվել 250 հազար դրամով: Ռեստորանից քիչ այն կողմ հանված եւ գետնին էր դրված նաեւ ինտերնետ ակումբի օտարալեզու ցուցանակը:
Մեզ հետ զրույցում, քաղաքապետարանից հայտնեցին, որ օրենքի խախտումներով տեղադրված գովազդային ցուցանակներից ազատվելու ակցիան շարունակվելու է բոլոր վարչական շրջաններում:
Կարդացեք նաև
Տուգանվելո՞ւ են այն տնտեսվարողները, որոնք խախտել են քաղաքապետարանի սահմանած ժամկետը Aravot.am-ի հարցին, Լեզվի պետական տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանն ասաց, որ կտուգանվեն այն տնտեսվարողները, որոնք քաղաքապետարանի գործողություններից հետո կորոշեն թողնել օտարալեզու գովազդային ցուցանակները: Ըստ տիկին Հարությունյանի, օրենքում մի շարք բացեր կան, որոնք թույլ չեն տալիս այդպիսի գովազդներից վերջնականապես ազատվել: Մասնագետի խոսքերով, տնտեսվարողը կարող է պարբերաբար տուգանվել, բայց` չփոխել իր ցուցանակը. «Օրենքի ուժով նա պարտավոր է հայերենացնել, բայց եթե չի անում, նրա նկատմամբ պատասխանատվություն չի առաջանում»:
Տիկին Հարությունյանն իր պրակտիկայում նկատել է, որ տնտեսվարողները գերադասում են իրենց ապրանքը գովազդել օտար լեզուներով. «Պետական քաղաքականությունն այն է, որ տեսչությունները շատ չճնշեն տնտեսվարողներին, ուստի մենք հույս ունենք, որ տնտեսվարողների իրավագիտակցությունը կբարձրանա: Պետք է մտածեն, որ իրենց բիզնեսը ծառայում է հայ ժողովրդին, ոչ թե զբոսաշրջիկներին: Մեր տնտեսվարողներն ամեն ինչ անում են օտարների համար: Քիչ է մնում օտարալեզու գովազդային ցուցանակը մատուռ դարձնեն ու առաջը մոմ վառեն, շատ վիրավորական է այս առումով»:
Քաղաքապետարանից նաեւ հայտնեցին, որ բոլոր այն տնտեսվարողներին, որոնց գովազդային պաստառներն ապամոնտաժվել են, ցանկության դեպքում կտրամադրվի անվճար խորհրդատվություն եւ նրանց կմատուցվի դիզայներական ծառայություններ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ