Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր Աննա Մարտիրոսյանի, Արսեն Բաբայանի, Աիդա Գասպարյանի, Նունե Մանուկյանի, Աշոտ Բաբայանի, Կառլեն Մանուկյանի հայցով նախնական դատական նիստը:
Հայցը «Լոկալ Դեվելոփրըզ» ՍՊ ընկերության տնօրեն Սամվել Մայրապետյանի դեմ է:
Երրորդ անձ են ճանաչվել արտակարգ իրավիճակների նախարարությունը, քաղաքապետարանը, քաղաքաշինության նախարարությունը, մշակույթի նախարարությունը:
Դատարան էին ներկայացել «Լոկալ Դեվելոփրըզ» ՍՊ ընկերության տնօրենի ներկայացուցիչը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Սիրունյանը, եւ հայցվորներից Աննա Մարտիրոսյանի ներկայացուցիչ Լ.Բեջանյանը եւ Աիդա Գասպարյանի ներկայացուցիչ Սամվել Դավթյանը:
Կարդացեք նաև
Դատավորը կողմերին տեղեկացրեց, որ մյուսներին եւս պատշաճ ծանուցվել է այսօրվա դատական նիստի մասին: Սակայն երրորդ անձինք ներկա չէին, ինչի կապակցությամբ կողմերն իրենց դիրքորոշումն արտահայտեցին:
Աննա Մարտիրոսյանի ներկայացուցիչ պարոն Բեջանյանն ասաց. «Իրենք ոչ միայն չեն հարգում մեզ, այլ ծիծաղում են մեր վրա: Իրենք չեն գալիս դատարան, որովհետեւ վախենում են: Իրենք վախենում են գալ դատարան եւ ասել, որ կա քաղաքաշինության նորմերի խախտում: Ես էլ եմ վախենում պարոն Սամվել Մայրապետյանից: Ահ ու սարսափի մեջ ենք ապրում բոլորս, աշնան տերեւի նման սկսում են դողալ: Ճիշտ չի, որ չլսենք նրանց»:
Ալեքսանդր Սիրունյանն էլ ասաց, որ չեն կարող չլսել նրանց, քանի որ բողոք կբերեն:
Դատարանը գտավ, որ գործով ծանուցված մարդիկ կզրկվեն իրենց իրավունքներից եւ իրենց դիրքորոշումն արտահայտելուց, հետեւաբար, հետաձգեց դատական նախնական նիստը:
Կարինե Պետրոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել երեք նախնական նիստ: Մինչ այդ, այս գործով վարույթը գտնվել է դատավոր Սամվել Թադեւոսյանի մոտ: Վերջինին չորս անգամ բացարկ է հայտնել հայցվոր կողմը, որն ընդունվել է:
Հայցվորի ներկայացուցիչ Սամվել Դավթյանն Aravot.am-ին ասաց, որ Աբովյան փողոցի ետնամասում` Պուշկինի վրա, շինարարություն է իրականացնում Սամվել Մայրապետյանը: Անցյալ տարվա նոյեմբերից դիմել են դատարան, տասնմեկ անգամ միջնորդություն են արել, որպեսզի արգելանք դրվի, թույլ չտրվի շինարարությունը շարունակել, սակայն շինարարությունն ընթանում է:
Մենք դատական նիստի ձախողումից հետո եղանք վիճելի տարածքում` ԱՕԿՍ-ի հայտնի շենքի ետնամասում:
Պարզվեց, որ Սամվել Մայրապետյանը Աբովյան փողոցի 3 եւ 3/1 հասցեի թիվ 6-րդ եւ 7-րդ հասցեներում գտնվող անշարժ գույքի սեփականատեր է դարձել:
ՀՀ կառավարության որոշման համաձայն, հայցվորների՝ 1481.6 քմ հողամասը ճանաչվել է գերակա հանրային շահին ուղղված օտարման գոտի:
Սամվել Մայրապետյանի շինարարական կազմակերպությունը, ըստ տեղաբնակների, որոնց տան դռները բացվում են կառուցվող շինարարական օբյեկտից /ասում են` տասնմեկ հարկանի հյուրանոցի/ ոտաչափ հեռու, խախտել է իրենց իրավունքները:
«Շենքի պատը կառուցվում է հայցվորների սեփականությունը հանդիսացող շենքերից մոտ 60 սմ հեռավորության վրա, այն դեպքում, երբ պիտի լիներ 6-15 մետր հեռավորության վրա»,-ասում է Ս.Դավթյանը:
Ի դեպ, մեր զրույցի ժամանակ Սամվել Դավթյանը մեզ տրամադրեց ՀՀ ճարտարապետների միության, քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի, արտակարգ իրավիճակների նախարարության տված տեղեկանքները:
Ըստ ԱԻՆ տեղեկանքի. «Կախված շենքերի հրակայունության աստիճանից՝ բնակելի, հասարակական նշանակության շենքերի միջեւ պահանջվող հակահրդեհային միջտարածությունը պետք է կազմի 6-15 մետր», իսկ Ճարտարապետների միության նախագահ Մ. Մինասյանի տեղեկանքի համաձայն էլ. «տեղում պարզվել է, որ նախագծի մշակման եւ համաձայնության գործընթացում հաշվի չեն առնվել ՀՀ-ում գործող քաղաքաշինության նորմերը…Տեղյակ ենք նաեւ, որ հյուրանոցային համալիրի նախագիծը չի քննարկվել Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդում»:
Այս շինարարության հետ կապված՝ քաղաքաշինության նախարարի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը մեկ ամսվա ընթացքում պիտի պատասխան տար կատարվածի մասին: Դեռ տալիս է:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 20-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ