Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Շավարշ Քոչարյանին. «ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերություններն անա՞մպ են»

Մայիս 30,2013 16:28

Այսօր արտգործնախարարության 2012-ի տարեկան հաշվետվությունը քննարկելիս ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեջբերեց հենց նախարարության հաշվետվությունից մի հատված եւ հարցեր ուղղեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին՝ «2012-ի զարգացումները ցույց տվեցին, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ՀՀ-ի կողմից որդեգրած ռազմավարությունը ոչ միայն ըմբռնելի է, այլ նաեւ աջակցություն է վայելում միջազգային հանրության կողմից: Ի վերջո որտե՞ղ է  անդրադառնում միջազգային հանրության այդ ըմբռնումը՝ ԼՂՀ հարցի կարգավորման ուղղությամբ: Ինչու է իշխանությունը բյուջեի կատարողականը ներկայացնում վարդագույն երանգներով: Պրոբլեմ չի՞ Հայաստանի համար, որ Խոջալուի ինչ-որ իրադարձություններ միջազգային հանրությունը սկսում է ճանաչել: Սուվերեն երկրների խորհրդարանները՝ Պակիստան, Չեխիա, Կոլումբիա, Մեքսիկա, ճանաչել են: Դուք անընդհատ ձեր խոսքում ասում եք՝ տապալվում է Ադրբեջանը, բայց իրենք իրենց գործը անում են: Սաֆարովի դեպքը ինչքան էլ ասեք, որ ապտակ է Միացյալ նահանգներին, բայց փաստ է, որ արտգործնախարարությունը ձախողվել է»:

Շավարշ Քոչարյանը վստահեցրեց, որ Ադրբեջանը հանդես է գալիս ուժի սպառնալիքներից, հանդես է գալիս ռազմական կոչերով, հետ չի քաշում դիպուկահարներին շփման գծից: Իրենք ամեն ինչ անում են՝ անվստահության մթնոլորտ սերմանելու համար: Բայց բանակցությունները պետք են, որ ոչ միայն նպաստեն, որ կողմերը գան կայուն պայմանավորվածության, նաեւ թույլ չտան, որ փխրուն զինադադարը նորից վերաճի ռազմական գործողության. «Միջնորդներն ունեն նաեւ այդ առաքելությունը: Չնայած զոհեր կան, ընդ որում հիմնականում Ադրբեջանի պատճառով, բայց այնուամենայնիվ, զինադադարը պահպանվում է: Համանախագահների ֆորմատը զսպաշապիկ է»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց՝ «Ռուսաստանը տեսնո՞ւմ է խնդիր՝ Հայաստանի՝ Եվրամիության հետ անդամակցելու գործընթացում, արդյոք  ՌԴ-ն ՀՀ-ի հետ շփումներում որեւէ մտահոգություն արտահայտո?ւմ է՝ մասնավորապես ասոցացման պայմանագրի հետ կապված, թե՞ այս առումով հայ-ռուսական հարաբերություններն անամպ են: Եղան մեկնաբանություններ, որ գազի գնի հետ կապված փոփոխությունները կարող էին կապ ունենալ այս պրոցեսների հետ»:

Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «ՌԴ-ում կան տարբեր մոտեցումներ, համենայնդեպս ցիտեմ առաջին դեմքին, որ այդ գործընթացները իրար չեն խանգարում: Եթե մենք ԵՄ անդամակցության խնդիր ենք դնում կամ  ԵՄ անդամ ենք, մենք չենք կարող լինել ԱՊՀ ազատ առեւտրի գոտու պայմանագրի անդամ: Մենք չենք կարող որեւէ քայլ կատարել համագործակցության իմաստով մաքսային միության, եւ այլն…եւ այլն: Եվ հակառակը՝ եթե դառնում ես մաքսային միության անդամ, դու արդեն սուվերեն չես շատ հարցերում: Այդ դեպքում արդեն Եվրոպայի հետ ազատ առեւտրի պայմանագիրն անհնար է: Եթե դու այդ քայլերին չես գնում, ապա մեկը մյուսին չի խանգարում, ինչը եւ անում է Հայաստանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Շավարշը,՝ դեմքի միմիկաներով և ժեստիկուլյացիաներով կարող է ցանկացած հարցի լուծում տալ,
    ինչպես մարդամեկը՝ կենաց ասելով ու շալլախո պարելով:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031