Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի օր Խարբերդի մանկատանը

Մայիս 30,2013 16:33

Սյուզին մի պստիկ աղջիկ է, ով ձեռքեր չունի, վատառողջ է, բայց երբ փորձում էի օգնել, ասեց՝ «Ապրես, Մարինե ջան, բայց ես կարողանում եմ ամեն ինչ»:

Վերջերս գործընկերներով խոսում էինք, որ արդեն շատ ծիծաղելի է մարդկանց ասելը, որ հաշմանդամություն ունեցող անձը քեզ նման մարդ է, էնքան ծիծաղելի է, ախր դա ասելու կարիքը պիտի որ չլինի:

Բայց… երեք օրով նկարահանումների էինք Խարբերդի մանկատանը: Այստեղ հաշմանդամություն ունեցող երեխաներ են, հատկապես մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ: Մինչ գնալը ասում էին՝ պինդ կլինես, շատ դժվար է լինելու: Ասում էին՝ դիմանալու բան չի, շատ ծանր երեխաներ են, չարժի գնալ:

Նկարահանումներից հետո էլ, երբ արդեն պատրաստի կադրերն էինք նայում, շատերը զարմացած երեսիս էին նայում, թե ինչպես ենք կարողացել երեք օր անցկացնել այդ երեխաների հետ: Հենց դրա համար էլ հիմա ստիպված եմ այսքանը գրել, քանի որ բոլորին հերթով ամեն ինչ  ասել չէի կարողանում:

Հա, այս երեխաներից շատերը չունեն ձեռքեր, ոտքեր, աչքեր, հաճախ ագրեսիվ են, ոչ ադեկվատ: Փոխարենը՝ մեր շուրջը հրաշալի ֆիզիկական տվյալներով շատ մարդիկ, ովքեր, մտածում եմ, թե ի՞նչ որակական սանդղակով են ավելի լավը նրանցից: Մենք բոլորս ունենք ձեռքեր, բայց մեզնից շատերի այդ ձեռքերը կեղտի մեջ են, ունենք ոտքեր, որ մեզնից շատերին ավելի հաճախ սխալ ճանապարհներով են տանում, ունենք աչքեր, բայց մեզանից էնքան քչերն են ունակ տեսնել, մենք կարողանում ենք խոսել, բայց մեր խոսքի մեջ գերակշռում է հայհոյանքը, մտավոր խնդիրներ չունենք, բայց ավելի անադեկվատ քայլեր ենք անում, ավելի վտանգավոր ենք հաճախ ու էսպես շարունակ: Դե ինչքան էլ պարզունակ թվան իմ գրածները, դրանք պարզ ճշմարտություններ են:

Մանկատանն էլ ասացին, որ շատերը հրաժարվում են այցելել այս մանկատուն, քանի որ կամ՛վախենում են, կամ՛տհաճություն ու ցավ ապրում:

Կրտեսերների խմբից Սյուզին, Տիգրանուհին, Զարուհին հավաքվել էին ավագների խմբի առաջ ու ողջունում էին իրենց խմբի նախկին տղաներից մեկին՝ Արտյոմին: «Ցավդ տանեմ», «մեռնեմ ջանիդ», «սիրում ենք քեզ շատ», «կարոտել ենք քեզ, Արտյոմ». մի կերպ էի հասկանում, թե ինչ են ասում, բայց էնպիսի սիրով էին շրջապատել իրար, որ անհնար էր չնկատելն ու չհուզվելը: Իսկ մանկատնից դուրս, մեր կյանքում ես նման բաներ չեմ տեսնում:

Նկարահանելու համար երեխաներին օգնում էինք դուրս գալ այգի: Սյուզին մի պստիկ աղջիկ է, ով ձեռքեր չունի, վատառողջ է, բայց երբ փորձում էի օգնել, ասեց. «Ապրես, Մարինե ջան, բայց ես կարողանում եմ ամեն ինչ»:

Հետո սկսեցին միասին երգել: Հեռվից նայում էի ու զգում, որ նման ջերմ տեսարանի կարոտ եմ մնացել մեր էդքան «նորմալ» կյանքում: Էս երեխաները շատ լավ հիշում են քո անունը, քեզ միշտ սիրով բարևում ու դրա դիմաց ոչ մի բան էլ չեն ակնկալում:

Էսքանից հետո ես զարմանում եմ, թե ինչու եք դուք բոլորդ էդքան վախենում այս երեխաների աչքերի մեջ ուշադիր նայելուց: Եթե վախենում եք, ձեզ տհաճ եք զգում, ուրեմն դուք նայում եք իրենց ձեռքերին, ոտքերին, բայց դրանից էն կողմ չեք կարողանում տեսնել, այսինքն կյանքում դուք միայն սովորել եք արտաքինին նայել, ոչ ավելին:

 

Եթե շատերն ասում են, որ մենք պարտավոր ենք գնալ այդ երեխաների մոտ, որովհետև նրանք մեր սիրո կարիքն ունեն, ես կասեմ հակառակը՝ երազում եմ, որ այս երեխաները ձեզ բոլորիդ ցույց տային, թե ինչ է իսկական սերը, հարգանքը, կյանքը…

 

Մարինե Քոչարյան՝ mynews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մուրադ Իսկաջյան says:

    երբ մենք շրջում ենք մեր երեսը, որպեսզի չտեսնենք ուրիշի ցավը՝ դա ոչ թե խղճահարությունից է, այլ անսրտությունից և անձնասիրությունից:Երբևէ մտածել եք, թե որքան ավելի դժվար է այդ տկար մանկանց համար մեզ դիտելը, երբ մենք քայլում ենք, խոսում, տեսնում… և դրան գումարած անսիրտ ենք: Մեղա Աստծո, որ մենք կեղծ պատճառաբանություններով անտեսել ենք նրանց: Աշխարհում առաջին անկելանոցը հիմնադրող մեր ժողովուրդը այսօր երես չի կարող դարձնել հիվանդից ու տկարից:Ես հանդիմանված ձեր այս գրությունից, ամոթահար, բայց սիրով պիտի այցելեմ նման մարդկանց:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031