Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը գազի գնի սխա՞լ հաշվարկներ է անում (Տեսանյութ)

Մայիս 30,2013 16:13

Այսօր «Արմատ» ակումբում «Հասարակական պաշտպանների միության» տնօրեն Արամ Գրիգորյանը գազի սակագնի որոշման վերաբերյալ որոշակի հաշվարկներ ներկայացրեց, ըստ որի, պարոն Գրիգորյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մեթոդաբանությունը անտրամաբանական է համարում:

Պարոն Գրիգորյանը հաշվի առնելով գազի սակագնի սուբսիդավորումն` ասաց .«Եթե ասում են, որ սահմանի վրա 270 դոլար է 1000 խորանարդը, եւ եթե ասում են՝ 30%-ը սուբսիդավորվելու է, դա նշանակում է, որ «ՀայՌուսգազարդը» սահմանի վրա գնում  է 189 դոլարով, մեր հաշվարկներով ստացվում է` 189 դոլարով: Հիմա ստացվում է՝ 189 դոլարով գազը սահմանին գնել եւ բերել սպառողին վաճառել, սակագինը սպառողին վաճառվող գինն է, իսկ սահմանինը կոչվում է գազի գին: Այդտեղ կա ներքին ծախսեր, սակագինը ձեւավորվում է ներքին ծախսերում, այդ ծախսերի 50-70%-ը մոտավորապես կառույցների աշխատակիցների աշխատավարձերն են:

Երբ մենք համեմատում ենք 2010 թվականը 2013-ի հետ, «ՀայՌուսգազարդի» գործառույթներում ֆունկցիաների մեջ որեւէ բան չի փոխվել, բայց 2010-ին ներկայացրել է 4700 աշխատող, 2013-ին` 6000: Պատկերացնո՞ւմ եք որքան ծախս է ավելանում, եւ եթե այդ տարբերությունը մենք բազմապատկենք իրենց ներկայացրած միջին աշխատավարձով` 227 հազար դրամ, տեսեք ինչքան ծախս ավելացավ: Տնտեսագիտության մեջ չկա, որ որեւէ մի երկրում, որ ինքնարժեքից 2-3 անգամ ավելի շատ ձեռնարկությանը տրամադրվի ավելի մեծ շահույթ` մոտ 11 միլիարդ դրամ, այսինքն ինքնարժեքից, շահագործման ծախսերից ավելի շատ շահույթ է ստանում: Ասում են շահույթը 10%-ից ավել չպիտի գերազանցի, բայց շահույթը համեմատած ինքնարժեքի հետ`  շահագործման ծախսերի, իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  մեթոդիկան այնպիսին է, որ իրենք հաշվարկում են ինչ որ հիմնական միջոցներից ելնելով այն գործառույթներով, որոնք բնակչին գազ տրամադրելու գործառույթի հետ որեւէ կապ չունեն: Սրանք պետք է լուրջ  տնտեսագիտական վերլուծությունների ենթարկվի, ավելին` հանձնաժողովը ըստ օրենքի, պետք է անկախ փորձագետ հրավիրի, ինչը չի անում: Քաղաքական մարմինը հանձնաժողովին թելադրում է այն, ինչ պիտի արվի, նախագահն էլ, եթե հանձնաժողովին ասի` 150-200 սարքեք, տենց էլ կհաշվարկեն: Սրա դեմ է պետք պայքարել»:

Ասուլիսի մեկ այլ մասնակցի՝ «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանի կարծիքով էլ` «Էներգետիկայի նախարարությունը որեւէ  ռազմավարություն չունի, մենք չունենք նախարարություն, ես վախենում եմ մենք մի օր էլ չունենանք պաշտպանության նախարարություն»:

Արամ Գրիգորյանի խոսքերով էլ՝ մեր երկրի միակ թշնամին կառավարման համակարգն է, եւ այդ թշնամին բոլոր օղակներում է. «Գործադիր, օրենսդիր, նախագահական, բլոր-բոլոր օղակներում: Վաղը բոլոր ոլորտներում թանկացումներ կլինեն, մարդկանց եկամտային մասը չկա, կենսամակարդակը կամաց-կամաց կիջնի, եւ այլ զարգացումներ կլինեն: Գուցե գազի գնի թանկացումն այն բարիքն է, որ հետագայում ազատվենք էդ չարիքից»:

Արամ Գրիգորյանի այս կարծիքին «Նախախորհրդարանի» անդամն ավելացրեց. «Մեր կառավարման համակարգն այսօրվա ճեղքերի առկայությամբ չի կարողանա դիմագրավել հերթական հարվածին: Կառավարությունը գազի սակագնի բարձրացմամբ եւս մեկ ճեղք է բացում իր կործանման ճանապարհի համար: Մեզ համար ստեղծում են կյանքի հետ անհամատեղելի պայմաններ Հայաստանի Հանրապետությունում: Ոչ ոք հունվարին կամ փետրվարին գազի գինը չի կարողանալու վճարել, եթե հաշվի առնենք այսօրվա գնաճը, դրա հետ մարդը գնալու է գազը վճարի, այդ ընթացքում կլինի վերջնական պայթյունը Հայաստանի Հանրապետության, որպեսզի չպայթենք ու չմնանք փլատակների տակ, պետք է շուտ ինքնակազմակերպվել եւ այս ամենի հարցը լուծել ամենակատեգորիկ ձեւերով»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031