Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճանաչի’ր ազգիդ հերոսներին». Շրջիկ ցուցահանդես Երևանի 5 բուհերում

Մայիս 30,2013 16:10

Մայիսի 29-ին ԵՊՀ գրադարանի սրահում մեկնարկել է «Ճանաչի’ր ազգիդ հերոսներին» խորագրով շրջիկ ցուցահանդեսը, որն իրականացնում է  Համահայկական երիտասարդական շարժում (ՀԵՇ) ՀԿ-ն` ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ: Ցուցահանդեսը մինչև հունիսի 7-ը շրջելու է Երևանի 5 բուհերում, որից հետո հունիսի 9-ին այն կնվիրաբերվի «Մայր Հայաստան» թանգարանին:

Ցուցահանդեսն ունի ճանաչողական բնույթ. Այստեղ ներկայացված են ՀՀ 15 Ազգային հերոսները:

«Միջոցառումը կազմակերպվում է Մայիսի 28-ի տոնակատարությունների շրջանակներում և տևելու է 10 օր: Ցուցահանդեսի հիմնական նպատական է` երիտասարդներին ճանաչելի դարձնել մեր ազգային հերոսներին: Մեկնարկը տվել ենք Մայր բուհում, վերջին բուհը կլինի Ճարտարապետաշինարարական համալսարանը»,- ասաց ՀԵՇ ՀԿ-ի նախագահ Կառլեն Խաչատրյանը:HPIM6002

Ցուցապաստառներին պատկերված են ազգային հերոսների դիմանկարները, նրանց կենսագրությունը և մեկական պատգամ` ազգային հերոսների խոհապնակից:

Գրադարանի այցելու ուսանողներից Սիփան Գասպարյանը, ով ուսումնասիրում էր ցուցապաստառները, ասաց, որ բավականին ողջունելի է նմանատիպ միջոցառումը. «Ես մեր ազգային հերոսներից շատերի, հատկապես, արցախյան ազատամարտի մասնակիցների մասին որոշ տեղեկություններ ունեի, սակայն այս ցուցահանդեսի օգնությամբ գիտելիքներիս պաշարը համալրվեց ոչ միայն ազատամարտիկ- ազգային հերոսների, այլև մյուսների մասին»: ԵՊՀ-ի ուսանողը նաև նշում է, որ նմանատիպ իրադարձությունն ավելի մասսայական պիտի լինի, քանի որ շատերը չեն ճանաչում մեր հերոսներին:

Գրադարանում այդ պահին բավականին մեծ անցուդարձ էր, սակայն ցուցապաստառների շուրջ հավաքված էին հատուկենտ մարդիկ: Այդ պահին գրադարանից դուրս եկող մի խումբ ուսանողուհիների հարցրինք` արդյոք տեղյա՞կ են, թե ինչ ցուցադրություն է. Ուսանողուհիների հավաստիացմամբ, իրենք հեռվից կարողացել են հասկանալ, թե ինչի մասին է ցուցահանդեսը, սակայն մոտենալու ժամանակ չեն ունեցել, քանի որ քննաշրջանի հետ կապված, շատ զբաղված են:HPIM6003

Այն հարցին, թե որքանով է արդյունավետ հենց այս օրերին անցկացնել միջոցառումը, Կառլեն Խաչատրյանն ասաց. «Օրերը պատահական չեն ընտրված. Քննաշրջանի մեկնարկով պայմանավորված` գրադարաններում մեծ շարժ կա այս օրերին: Մենք չենք ակնկալում ստվար զանգվածի ներկայություն: Եթե սա լիներ մշակութային միջոցառում, ապա այն կտուժեր այցելուների սակավությունից, այս ցուցահանդեսի դեպքում մենք այդ խնդիրը չունենք: Նույնիսկ երկու-երեք րոպե ցուցապաստառների մոտ կանգ առնելով ու նայելով՝ կարող են որոշակի տեղեկություններ ստանալ: Սա, սակայն, չի ենթադրում, թե այլ ժամանակ կազմակերպելու դեպքում անտարբեր ուսանողներ չէին լինելու. այդպիսիք միշտ էլ լինելու են»:

Միջոցառման բաղկացուցիչներից մեկն էլ ներկաներին բաժանվող հարցաթերթիկներն են. Ցուցահանդեսին հետևող յուրաքանչյուր ուսանողի տրվում է հարցաթերթիկ` բաղկացած շուրջ 10 հարցից, որոնց միջոցով կազմակերպիչները մտադիր են պարզել ուսանողների գիտելիքները ՀՀ ազգային հերոսների մասին և միջոցառումներից ստացած տպավորությունների մասին. «Ուսանողների շարքերում կան այնպիսիք, ովքեր գիտեն մեր ազգային հերոսներին, օրինակ` Վիկտոր Համբարձումյանին, Շառլ Ազնավուրին, լսել են նրանց մասին, սակայն որ նրանք ունեն Ազգային հերոսի կոչում, ուսանողները չգիտեն: Այս ցուցահանդեսի շնորհիվ շատերն արդեն այսօր իմացել են նաև այդ մասին»,-հայտնում է Կ. Խաչատրյանը:

Այդ հարցաթերթիկները արդյուքները կամփոփվեն հունիսի 10-ին, իսկ մինչ այդ` «Ճանաչի’ր ազգիդ հերոսներին» շրջիկ ցուցահանդեսը մայիսի 30-ին կհյուրընկալվի ՀՊՄՀ-ին:

Հռիփսիմե Գալստյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031