Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ն խոստովանում է՝ Թուրքիան վիժեցրեց Ցեղասպանության ճանաչման գործընթացը

Մայիս 30,2013 15:50

Այսօր արտգործնախարարության 2012-ի տարեկան կատարողականի հաշվետվությունը  քննարկելիս ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին: Նախ նա դժգոհեց, որ հաշվետվությունը ներկայացված  է վարդագույն գույներով. «Փաստաթուղթ է այն մասին, թե ինչպիսի մեծ եւ աննախադեպ հաջողություններ է գրանցել նախարարությունը հաշվետու տարում: Երբ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրեցին, հնչեցին մեղադրանքներ իշխանության հասցեին, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը վիժեցնում են: Մենք վերջին 10 տարվա կտրվածքով ունեցե՞լ ենք որեւէ երկրի կողմից ցեղասպանության ճանաչում: 2007-ից գալիս է  ֆոտբոլային դիվանագիտությունը, 2010-ին Շվեդիան ճանաչել է, 2011, 2012-ին չենք ունեցել: Ի վերջո ժամանակը չէ՞, որ խոստովանի արտգործնախարարությունը, որ ֆուտբոլային դիվանագիտությունը վիժեցրել է Ցեղասպանության ճանաչման գործընթացը»:

Նիկոլ Փաշինյանը հորդորեց իր հարցերին պատասխանել մատչելի լեզվով, ոչ թե դիվանագիտական լեզվով եւ բառապաշարով:

Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Հայ -թուրքական արձանագրությունները՝ եկեք իրար հետ չկապենք, որովհետեւ իրականում դրանք դանդաղեցվում էին այդ ժամանակ: Թուրքական մամուլում լուրեր են տարածվում, որ իբր ինչ-որ գաղտնի բանակցություններ կան: Որեւէ բանակցություններ չկան, այդ լուրերի տարածումն ընդամենը ձեռնտու է Թուրքիային: Հիմա ամեն ինչ մեր ձեռքում է, եւ Թուրքիան այդ տեսակետից իրոք ճնշման տակ է, մենք պետք է փորձենք փաստեր բերել, որ այս ամբողջ գործընթացը ցեղասպանության ճանաչման՝ հենց Թուրքիան է վիժեցրել»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հարցրեց՝ «Խոջալուի այսպես կոչված ջարդերը ճանաչել են Միացյալ Նահանգների մի քանի նահանգներ, ձեզ չի՞ թվում, որ ՀՀ արտգործնախարարությունը հարված է հասցնում ՀՀ ազգային անվտանգությանը, երբ հանրության առաջ այսպիսի հաշվետվություններ է ներկայացնում՝ վարդագույն երանգներով»:

Ըստ Շավարշ Քոչարյանի, «Իրենք Խոջալուի հետ կապված ահավոր մեծ ծախսեր են անում, փորձում են անցկացնել: Որոշ տեղերում նրանց դա հաջողվել է»: Նա վստահեցրեց, որ ՀՀ արտգործնախարարությունը աշխատանքներ է տանում, օրինակ, գրքույկ են հրատարակել տարբեր լեզուներով եւ տարածում են իրական դեպքերի մասին:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ արձանագրվեց, որ Թուրքիան համոզում էր միջազգային հանրությանը, տեսնում էր ճանապարհ՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը վիժեցնելու համար, այսինքն, դուք հաստատեցիք, որ հայ-թուրքական արձանագրություններով Թուրքիան հասավ նրան, ինչին ուզում էր հասնել, 5 տարի համոզում էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031