Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհի ռեկտոր. Վարձավճարները ցածր են՝ փաստացի ծախսերի հետ համեմատած

Մայիս 30,2013 14:41

Aravot.am-ը որոշ բուհերի ռեկտորներից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են որոշել բարձրացնել ուսման վարձերը եւ ո՞րն է դրա հիմնավորումը:

Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն Aravot.am-ին ասաց, որ իրենց բուհում առայժմ  բարձրացում չկա, սակայն  մյուս տարի իրենք էլ կգնան մյուս բուհերի ճանապարհով:  «Մենք չբարձրացրինք ուսման վարձավճարները, որովհետեւ չհասցրինք անել, մյուս կողմից էլ դա անհրաժեշտություն է, որը հստակ  հաշվարկներ է պահանջում: Բուհի գումարների պետական մասի միջոցով հնարավոր չէ այն մակարդակի եւ որակի ուսում ապահովել ուսանողների համար, որը պարտավոր ենք անել: Բավարար չէ նաեւ վճարովի համակարգի միջոցով ստացվող գումարը: Շատերն ասում են՝ ինչո՞ւ Ձեզ մոտ այնպես չէ, ինչպես Ֆրանսիայում, Անգլիայում կամ մեկ այլ երկրում, բայց չէ՞ որ նրանց վարձերն է բարձր: Ստացվում է՝  կա՛մ պետք է պետությունը ամբողջ ծախսերը վերցնի իր վրա եւ ուսանողին ապահովի ամեն ինչով, կամ պետք է այդ ծանրությունն ընկնի ուսանողի վրա»,-ասաց Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը եւս հայտնեց, որ այս տարի ձեռնպահ են մնացել վարձերը բարձրացնելուց. «Ագրարային համալսարանում ուսման  վարձավճարների որեւէ բարձրացում չի կատարվել՝ հաշվի առնելով մեր հիմնական ուսանողական համակազմի եւ սպասվող դիմորդների սոցիալական վիճակը: Այս տարի բարձրացում չի եղել, սակայն հաջորդ ուսումնական տարվա համար կմտածենք՝  կնայենք, թե  ինչքան ուսանող կլինի առաջին կուրսերում»:

Իսկ հաշվարկներ արե՞լ են՝ հետագա փոփոխությունների հետ կապված: «Բնականաբար այսօրվա վարձավճարները ցածր են փաստացի ծախսերի հետ համեմատած, խոսքը ե՛ւ դասախոսների աշխատավարձերի, եւ կոմունալ ծախսերի, եւ լաբորատոր սարքավորումների ու նորոգումների մասին է: Այդ խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար վարձավճարը պետք է լիներ մեծ, մյուս կողմից էլ մեր ուսանողների սոցիալական վիճակից ելնելով՝ այս տարի ձեռնպահ մնացինք այդ քայլին գնալուց»,-նշեց ագրարայինի ռեկտորը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը  պարզաբանել էր  բուհերի վարձավճարների բարձրացման անհրաժեշտությունը, իսկ Երեւանի պետհամալսարանի մասին էլ ասել էր, որ

ԵՊՀ-ն որոշել է վարձավճարները 20000-100 000 դրամով թանկացնել և նվազագույնի շեմը նախկին 300 000 դրամի փոխարեն դարձնել 400 000 դրամ, քանի որ ամեն ինչ թանկանում է: «Այսօր պետությունը վճարում է միևնույն մասնագիտության համար ավելի մեծ գումար, քան այդ մասնագիտությունը վճարովի ծառայության դեպքում մատուցվում է։ Պետության կողմից վճարվող միջին գինը բուհական համակարգում այս տարի հասել է 456 000 դրամի»,-ասել էր նախարարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031