Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը կուլ կգնա՞ թուրք-ադրբեջանական ալյանսին

Մայիս 30,2013 14:25

Քաղաքագետը ՌԴ-ի կեցվածքում «թշնամական էլեմենտներ» է նկատում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չմասնակցեց օրեր առաջ Բիշքեկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Ի դեպ, դա առաջին անգամն էր, որ ՀՀ նախագահը չէր մասնակցում նման ներկայացուցչական միջոցառման: Պաշտոնական Երեւանի պատճառաբանությունը հետաքրքիր էր՝ ՀՀ նախագահը Բիշքեկ չի մեկնի մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրվա միջոցառումներին ներկա գտնվելու համար: Ֆորմալ տեսանկյունից հայկական կողմի բացատրությունը «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համոզիչ է համարում. «Հայաստանում  համապետական տոն էր, մեզ համար շատ կարեւոր եւ շատ լավ է, որ նախագահը մնաց Հայաստանում»: Բայց հաշվի առնելով Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ այն փորձը, որ ՀՀ բոլոր նախագահները մշտապես ներկա են գտնվել այն բոլոր միջոցառումներին, որոնց մասնակցել է նաեւ ՌԴ նախագահը, հարց է առաջանում՝ ի՞նչը կարող էր նման դիրքորոշման պատճառ հանդիսանալ: Ստեփան Գրիգորյանն այս առիթով ասաց. «Տոն օրը լավ առիթ էր չգնալու եւ բացատրություն տալու, բայց նման որոշման հիմքում, ըստ իս, երկու խնդիր է: Առաջինը՝ գազի սակագնի բարձրացումը բարձր տոկոսով, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում եւ ակնհայտորեն թուլացրեց իշխանությունների դիրքերը: Երկրորդը՝ Լավրովի հայտարարությունը»: Հիշեցնենք, որ օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր. «Ստատուս-քվոն, անշուշտ, անընդունելի է, ընդ որում՝ բոլորի համար: Առաջին հերթին՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղում ապրողների համար, ես դրանում խորապես համոզված եմ: Ստատուս-քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինել, այլեւ Հայաստանի տնտեսական շրջափակում, այդ պատճառով այստեղ պետք չէ որեւէ մեկին համոզել այդ ստատուսի անընդունելիության հարցում»: Ի դեպ, քաղաքագետը Լավրովի սույն հայտարարության մեջ նույնիսկ «թշնամական էլեմենտներ» է տեսնում, մասնավորաբար՝ «ադրբեջանական տարածքների վերադարձի» դարձվածքում, քանի որ ոչ ԱՄՆ-ը, ոչ Եվրոպան, ոչ Իրանը, անգամ Թուրքիան վերջին շրջանում այդ թեմային ակտիվորեն չէին անդրադառնում: «Ակնհայտ է, որ եւ գազի սակագնի բարձրացումը, եւ Լավրովի հայտարարությունը հայաստանյան իշխանությունների կողմից ցավոտ ընդունվեցին ու իր արտացոլումն ունեցան: Հա, դա դեմարշ չէ, քանի որ ակնհայտ է, որ ֆորմալ բացատրություն կա, բայց ակնհայտ է, որ այդ երկու հարցերը ոչ ֆորմալ առումով ազդեցին ՀՀ նախագահի տրամադրությունների վրա»,- ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ, ՀՀ նախագահը չմասնակցեց նաեւ երեկ Աստանայում մեկնարկած Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրԱզԷս) ոչ պաշտոնական համաժողովին: Դրան չէր մասնակցում նաեւ Բելառուսի նախագահը: Այս համաժողովին Հայաստանի նախագահի չմասնակցությունը մեր զրուցակիցն այսպես է մեկնաբանում. «Հայաստանը ԵվրԱզԷս-ի անդամ չէ, ՀԱՊԿ-ի անդամ է, դա այլ մոտեցում է ենթադրում: Երկրորդ դեպքում բացատրությունն ավելի հեշտ է տալ՝ Հայաստանն այդ կառույցում դիտորդի կարգավիճակ ունի: Այնպես որ, այս դեպքում էլ պատասխան կա: Բայց սա նույնպես բխում է նախորդ խնդրից: Համոզված եմ, որ երկու ոչ ֆորմալ համաժողովներում էլ ՌԴ-ն Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ պետությունների ղեկավարներից պատասխաններ է պահանջելու, ու Հայաստանի նախագահը չէր ցանկանա, որ վերոնշյալ երկու խնդիրների ֆոնին ընթանային այդ քննարկումները»: Հիշեցնենք, որ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի եւ Վրաստանի հետ նախատեսվում է մինչեւ տարեվերջ՝ վիլնյուսյան գագաթնաժողով, ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանը ոչ ՀԱՊԿ-ի, ոչ էլ ԵվրԱզԷս-ի հետ կապեր չունեն, հետեւաբար նաեւ խնդիրներ չունեն: Բելառուսը թեեւ ԵվրԱզԷս-ի անդամ է, բայց Արեւելյան գործընկերության ծրագրերում ակտիվ չէ, եւ իրական հարաբերություններ չեն զարգանում: Ստացվում է, որ ՌԴ-ն պատասխաններ պետք է պահանջեր հիմնականում Հայաստանից:

Հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է հավանական, որ ստեղծված իրավիճակում ՌԴ-ն ԼՂ-ի խնդրում առավել կոշտ դիրքորոշում դրսեւորի, մանավանդ, որ արեւմտյան թեւն էլ կարծես հակված է աշխուժացնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Շաբաթվա սկզբում պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոն հայտարարել էր, որ 2013 թվականը կարող է բեկումնային լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2013-2014 թվականներին Հայաստանը եւ Ադրբեջանը հաջորդաբար ստանձնելու են ԵԽԽՎ նախագահությունը: Եվրոպացի պաշտոնյայի կարծիքով՝ դա փայլուն հնարավորություն է ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու: Ավելի վաղ Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն էլ խոսել էր այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իր մանդատը եւ պետք է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր տարբերակներ որոնել: «Չի բացառվում, որ ԼՂ հարցում ակտիվություն սկսվի, եւ դա հայկական կողմերի համար ոչ այնքան բարենպաստ կլինի: Շատ հավանական է, որ հենց ՌԴ-ն գնա այդ ուղղությամբ: Բայց մի բան կա, որի մասին ուզում եմ զգուշացնել ռուսական կողմին՝ եթե Հայաստանը ղարաբաղյան հարցում կամ մրցակցության արդյունքում, կոպիտ ասած, տարածաշրջանում շատ թուլանա, կարող ենք շնորհավորել Ռուսաստանին: Թուրքիա-Ադրբեջան ալյանսը Ռուսաստանին ընդհանրապես կհանի տարածաշրջանից: Եթե ՌԴ-ն այդ սխալներն անի, այո, Հայաստանը կթուլանա, բայց անգամ պաշտոնական մակարդակով կարող ենք արդեն ՌԴ-ին շնորհավորել՝ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ալյանսի հաղթանակի առիթով: Դժբախտաբար, ՌԴ-ի նման կեցվածք նկատելի է, քանի որ թույլ են տրվում քայլեր, որոնք չեն բխում իրենց ռազմավարական շահերից: Եթե ՌԴ-ն մտադիր է այդ ճանապարհով գնալ, մենք իրենց օգնել չենք կարող»:

Այս իրավիճակում մեր զրուցակիցը գտնում է, որ պաշտոնական Երեւանը պետք է շարունակի իր ակտիվությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում, ու հասարակությունն էլ պետք է աջակցի իշխանություններին, քանի որ այդ ծրագիրը շատ օգտակար է լինելու Հայաստանի համար:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031