Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հակոբյան. «Իրանից 42 դրամով գազ ենք գնում» (Տեսանյութ)

Մայիս 30,2013 14:22

«Կառավարության 30% սուբսիդավորմամբ՝ վատագույն տարբերակում` գազի գինը պիտի մնար նույնը»

«Այն օրվանից, երբ բարձրաձայնվեց գազի գնի բարձրացման մասին, տարբեր կալիբրի չինովնիկներ հանդես եկան «ՀայՌուսգազարդի» պաշտպանությամբ: Մենք չտեսանք կառավարության կողմից մի հոգու, որը կասկած հայտներ այդ գների բարձրացման տրամաբանությանն ու պատճառներին»,-այսօր «Արմատ» ակումբում ասաց «Նախախորհրդարանի» անդամ, «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության խմբի անդամ Վարդան Հակոբյանը: Նա նաեւ հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ 90 օրյա ժամկետ ունենալու պարագայում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է մինչեւ հունիսի 10-ը վերջնական որոշում կայացնել գազի սակագնի վերաբերյալ, բացի այս, հանձնաժողովը հանրությանը մոլորության մեջ է գցում. «Այս ամենից մի բան է պարզ դառնում` հարցը ավելի քան քաղաքական է եւ ուղիղ շահագրգռվածություն եմ տեսնում: Չի ստացվելու, հանրային քննարկում պետք է լինի, պետք է գործի Հայաստանում կարեւոր օրենքը` Հայաստանը դա սոցիալական երկիր է, դա նշանակում է, որ այդ երկրում չի կարող մարդը գազին ավելի շատ փող վճարել, քան ինքը թոշակ է ստանում: Իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդն ինքն է որոշում ումից գազ առնի, ումից` ջուր կամ հոսանք, ում հետ, ինչ տնտեսական հարաբերություններ ունենա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակից` «Հասարակական պաշտպանների միության» տնօրեն Արամ Գրիգոյանի խոսքերով էլ`  հանձնաժողովը որոշակի ընթացակարգեր չպահպանելով, մամուլի ասուլիսի ժամանակ արդեն հայտարարել էր գազի գինը , դա մարդկանց մոտ առաջացրել է անհանգստություն. Մարդիկ մտածում են, որ գինը որոշված է եւ այլեւս ոչինչ անել հնարավոր չէ. «Բայց ասեմ, որ սակագինը դեռ հաստատված չէ, դեռեւս գործընթացները շարունակվում են: Մինչեւ հանրության հետ քննարկում չաներ հանձնաժողովը, ըստ օրենքի, սակագնի մասին ոչինչ չպիտի ասեր: Երեկ հանձնաժողովի մոտ մարդիկ հավաքվել էին հասկանալու, թե ինչո՞ւ էին այդպիսի գին սահմանել, որպեսզի գին սահմանվի, պիտի հանրությունը, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական խմբերը տեսակետներ հայտնեին: Կան հասարակական խմբեր, որոնք սակագնի վերաբերյալ ունեն որոշակի հաշվարկներ եւ պատրաստ են այդ հաշվարկը ներկայացնել, իսկ հանձնաժողովը պարտավոր է լսել բոլորին, ուսումնասիրել հաշվարկները, հետո գար համոզման ու գին սահմանել»:

Aрavot.am-ի այն հարցին, թե ըստ այդ հաշվարկների, որքա՞ն պետք է լինի գազի գինը, պարոն Գրիգորյանն ասաց. «Կառավարության 30% սուբսիդավորմամբ` վատագույն տարբերակում` գինը պիտի մնար նույնը, բայց հանձնաժողովը պետք է լսի այդ տեսակետները, սակայն գործընթաց չի իրականացվում»: Իսկ Վարդան Հակոբյանի դիտարկմամբ էլ` «Վերջնական հաշվարկներ կարող են գոյանալ այն ժամանակ, երբ կտրամադրվի պայմանագիր` կոնկրետ նշված գնով ռուսական կողմից, եւ պայմանագիր պարսկական կողմի հետ, որովհետեւ մենք գիտենք, որ 1 խմ գազի փոխարեն իրենց վաճառում ենք 3 կիլովատ  էլեկտրաէներգիա, որի ինքնարժեքը մոտ 42 դրամ է կազմում: Այսինք` մենք այդ հաշվարկներով Իրանից 42 դրամով գազ ենք առնում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հանրությանը դեռեւս ասված չէ, թե ի՞նչ իրավական փաստաթղթով է սահմանին գազի գին սահմանվել, եւ ըստ Արամ Գրիգորյանի, այն, որ ասել են` 270 դոլար, այդ փաստաթուղթը ցույց չեն տվել. «Հանձնաժողովը պետք է հանրայնացնի այդ փաստաթուղթը: Կառավարությունից պահանջելու ենք ժամանակավոր դադարեցնել հանձնաժողովի գործունեությունը, քանի դեռ իր գործառույթները չի իրականացնում»: Պարոն Գրիգորյանի կարծիքով`  հանձնաժողովը պետք է կարգավորի ներքին շուկան, «ՀայՌուսգազարդը» մոնոպոլ ընկերություն է եւ հանձնաժողովը, ըստ էության, չի իրականացնում իր գործառույթները. «Հանձնաժողովը կատարում է քաղաքական պատվեր»:

Ասուլիսի մասնակից Կարեն Վարդանյանի խոսքերով էլ, երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հանդիպման ժամանակ, երբ նախաձեռնող խումբն ավելի հարմար ու մեծ դահլիճ էր պահանջում, մերժվեց այդ պահանջն` առանց հստակ պատճառաբանության, ուստի նախաձեռնող խումբը դիմելու է կառավարության աշխատակազմի ղեկավարին` կառավարության նիստերի դահլիճում գազի սակագնի վերաբերյալ հանրային լսումներ անցկացնելու համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031