Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտվել են մարդիկ, ովքեր արարքի կատարման հետ կապ չունեն

Մայիս 30,2013 14:13

 Հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հրանտ Գեւորգյանի հետ

-Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանի դատավճռով Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար օրեր առաջ տասը տարվա ազատազրկման դատապարտվեց կապիտան Հակոբ Մանուկյանը: Որքան հայտնի է, Դուք բողոքարկելու եք այն: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատմամբ դատավճիռը:

-Դատավճիռն  այլ կերպ, քան խայտառակ դատական ակտ, չես կարող որակել: Այս դատական ակտով  կրկին անգամ հաստատվեց, որ   քրեական արդարադատության  իրականացման ոլորտում  գերատեսչական շահն է առաջնայինը: Այդ նպատակին պետք է ծառայի դատավորը՝ վերածվելով մեղադրող կողմի: Նա  պետք է շրջանցի եւ քողարկի  բոլոր տեսակի  կեղծիքներն ու անօրինականությունները, որոնք կատարվել են քրեական գործի նախաքննության ընթացքում եւ իր հերթին կատարի  անօրինականություններ, մի խոսքով՝  պատվիրված  դատավճիռը կայացնելու համար պետք է գործադրի օրինական եւ անօրինական բոլոր միջոցները:  Ասվածի ապացույցն է  նախագահող դատավոր Մարդանյանի դեմ բերված 10-ից ավելի ինքնաբացարկի միջնորդությունները:

Ընթերցելով  դատավճիռը՝ պարզապես զարմանք ես ապրում,  ինչպես  կարող է արդարադատություն իրականացնող կոչվածն  այդ աստիճանի անտարբեր գտնվել իր նմանի նկատմամբ, առավել զայրացուցիչ է, երբ   գիտակցաբար  դատավճիռը   կայացվում է  քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումների արդյունքում ձեռք բերված ապացույցների պարագայում: Ակամայից հարց է ծագում, արդյոք  դատավորը  կամ մեղադրողը  մեկ բացահայտման ցուցանիշ արձանագրելու համար   դատապարտելով երկու երիտասարդ սպաների՝ նույն  կերպ կվարվեի՞ն իրենց զավակների կամ թեկուզ մերձավոր ազգականի նկատմամբ կամ եթե ամբաստանյալների հետեւում կանգնած լինեին բարձրաստիճան պարոններ:

-Ձեր կարծիքով, ո՞ր հանգամանքները գնահատման չարժանացան:

-2010 թվականի հուլիսի 27-ին  Տավուշի մարզում տեղաբաշխված  «Մեհրաբներ» կոչվող զորամասի կողմից պաշտպանվող «Ղուզլու-12» մարտական  հենակետում, առավոտյան ժամը    7.50-ի  սահմանում, հայտնաբերվել է հենակետի  ավագ    Արտակ Նազարյանի  դին:  Զինվորական ոստիկանության  աշխատակիցները,  քննիչից անկախ, մարտական հենակետի 10 ժամկետային զինծառայողների եւ  3 մարտական հենակետերի պատասխանատու՝ կապիտան  Հակոբ Մանուկյանին  տարել են Բերդ քաղաքում գտնվող  զինվորական ոստիկանության մեկուսարան,  խախտելով  զինված ուժերի  կարգապահական կանոնագրքի պահանջները, առանց արձանագրելու կոնկրետ կարգապահական խախտումը: Կալանավորմանը հաջորդել են ինտենսիվ հարցաքննություններ, որոնց մասին մեծամասամբ արձանագրություններ չեն կազմվել: Իսկ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ  կալանավորումն օրինականացնելու նպատակով արտագրվել է զինվորական մասի հրամանների գիրքը, իսկ թանաքը  դեռեւս   չէր չորացել, դատավորը մերժեց մեր միջնորդությունը՝ փորձաքննությամբ թանաքի վաղեմությունը պարզելու մասին, կրկին անգամ հաստատելով, որ հայաստանյան իրականության մեջ դատարաններում արդարադատություն իրականացնելը  գրեթե անհնար է:

Քրեական գործի նյութերից  բխում է, որ հարցաքննությունները կատարվել են միայն Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու շուրջ եւ չի շոշափվել Նազարյանին  սպանելու կամ ինքնասպան լինելու հանգամանքները: Ընթերցողի համար կարող է անհավատալի  թվալ, որ հայկական իրականությունում  զինվորական ոստիկանության եւ քննչական մարմինների  գործածության մեջ  դեռեւս կիրառելի են միջնադարյան՝  մարդկանց պատանդի վիճակում պահելու  մեթոդները: Փաստ է, որ այս քրեական գործի քննության ընթացքում պահվել են պատանդներ:  Այդ եղանակով վկա դարձած  ժամկետային զինծառայողներին պարտադրելով  տալ  ցանկալի ցուցմունքներ: Վկաներից  ցուցմունքներ շորթելու փաստերի շուրջ կարելի է երկար խոսել, մինչդեռ կբավարարվեմ միայն  ֆեոդալական ժամանակաշրջանին բնորոշ  մեկ փաստով: Որպեսզի վկա Արթուր Մկրտչյանից  ցանկալի ցուցմունք շորթեն,  զինվորական ոստիկանություն է տարվել եւ կալանավորվել նրա  կրտսեր եղբայր՝ նորակոչիկ Վարդան Մկրտչյանը, ով,  ըստ տեղեկությունների, զինվորական երդում դեռեւս չէր   տվել եւ  ընդհանրապես որեւէ առնչություն չի ունեցել եղբոր համածառայողների հետ եւ պահվել է պատանդի կարգավիճակով, այնքան ժամանակ, մինչեւ եղբորից  քննիչահաճո ցուցմունք ստանալը: Հետագայում, որպեսզի  եղբայրը՝ Արթուրը, շարունակի նպաստավոր ցուցմունքներ տալ  նաեւ դատարանում, պատանդի կարգավիճակում հայտնված նորակոչիկի՝ Վարդան  Մկրտչյանի  նկատմամբ կրկին  ընտրվել է պաշտպանական միջոց եւ թողնվել է զինվորական ոստիկանության հսկողության տակ:

-Ձեր հարցազրույցներից մեկի  ժամանակ Դուք անդրադարձել եք Արտակ Նազարյանի «կերպարի խեղաթյուրմանը»: Ի՞նչը նկատի ունեիք:

-Այս գործում կա եւս մեկ,   կասեի՝  անմարդկային վերաբերմունք, որպեսզի քրեական գործին բնորոշ լինի Նազարյանին ինքնասպանության հասցնելու հանգամանքը,  Արտակ Նազարյանի վարքագիծը   խեղաթյուրել են, նրան դնելով զոհի կարգավիճակում՝  որպես խղճուկ, անօգնական սպայի,  ում  ենթակաները  չէին ենթարկվում, չէին կատարում նրա հրամանները ու հրահանգները,  իսկ Մանուկյանին՝  ինքնասպանության հասցնողի ակտիվ դերակատարողի, անտեսելով, որ վերջինս նրա հետ գտնվել է լավ հարաբերությունների մեջ եւ լսելով նրա մահվան մասին՝ լաց  է եղել:

Խոսելով հանգուցյալ Նազարյանին ինքնասպանության հասցնելու մասին, չեմ կարող չնկատել վարույթն իրականացնող մարմնի ոչ պրոֆեսիոնալ  մոտեցումը: Այսպես, դատաբժշկական փորձաքննությամբ  պարզվում է, որ մահվանից 6 ժամ առաջ հանգուցյալ Նազարյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Արձանագրվել է, որ հանգուցյալը մարմնական վնասվածքներ է ստացել նաեւ   մահվանից ոչ շատ առաջ եւ  3-5 օր առաջ: Մինչդեռ Հակոբ Մանուկյանի հետ վիճել է 19.07.2010 թվականին: Հարց է ծագում, հանգուցյալի մարմնի վրա արձանագրված վնասվածքներն  ինչպե՞ս են գոյացել, կամ ո՞ւմ հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Չի պարզաբանվել, թե ինչու է ինքնասպանության հետ պատճառական կապը դիտվել ոչ թե մահվանից առաջ պատճառած մարմնական վնասվածքները, այլ շուրջ 8 օր առաջ տեղի ունեցած վեճը:

 -Բայց չէ՞ որ առկա է դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը:

-Առավել քան զավեշտ է  հետմահու համալիր դատահոգեբուժական- դատահոգեբանական փորձաքննության, դատահոգեբանական մասը: Այսպես՝   դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ հանգուցյալ Արտակ Նազարյանը մահվանից 1-ից 1 ժամ 30 րոպե առաջ եղել է  միջին ծանրության ալկոհոլային հարբածության վիճակում: Ելնելով  փորձագիտական կազմակերպություններից ստացված եւ դատարանին որպես ապացույց ներկայացված փաստաթղթից, միջին ծանրության հարբածության վիճակում գտնվող անձի հոգեվիճակի վերաբերյալ ախտորոշում տալ հնարավոր չէ՝  գիտականորեն հիմնավորված մեթոդիկայի բացակայության  պատճառով, ինչը հաստատել է նաեւ Էլդա-Գրին Աբրահամյանը իր  մեկ այլ գործով տված գրությամբ, որտեղ ասվել է՝ «միջին եւ ծանր հարբածության վիճակում գտնվող անձի մոտ բացառվում է  աֆեկտի ախտորոշումը, քանի որ  ալկոհոլի ազդեցության տակ փոխվում են գործընթացների դինամիկան, եթե  հանցագործությունը կատարվել է միջին կամ ծանր աստիճանի հարբածության ֆոնի վրա,  աֆեկտի ախտորոշման հարցը առնվազն անգրագիտություն է»:  Միաժամանակ փորձագետ Էլդա- Գրին  Աբրահամյանը  եզրակացրել է.  «Դեպքի պահին Նազարյանը չի գտնվել աֆեկտի վիճակում եւ հաշիվ է տվել իր գործողություններին»:  Փաստորեն,  քրեական գործում առկա  է նույն փորձագետի կողմից հնչեցրած երկու դիրքորոշում:

-Պարոն Գեւորգյան, նման հակասական դիրքորոշումների հետ կապված՝ Դուք ի՞նչ եք պահանջել, պահանջում:

-Նկատի ունենալով, որ  ներկայացված ապացույցներով այս եզրակացությունը  դարձել է կասկածահարույց, բերվեցին    կրկնակի  դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին  միջնորդություններ,  սակայն դատարանը համարձակություն չունեցավ դրանք բավարարել, կամ թեկուզ եզրակացությունը հանել ապացույցների շարքից: Գտնում եմ,  եթե դատարանը բավարարեր այդ միջնորդությունը,   ապա ակնկալվելիք  եզրակացությամբ կպարզվեր, որ Նազարյանի հոգեբանական վիճակն ախտորոշել  հնարավոր չէ:

Դատարանը, վերջին հաշվով, չի կարողացել պարզել՝ ինչ է տեղի ունեցել 26. 07. 2010 թվականի լույս 27.07.2010 թվականի գիշերը, ինչ պայմաններում, կամ ով է Նազարյանին պատճառել մարմնական վնասվածքներ, որտեղից է ձեռք բերվել ալկոհոլային խմիչքը, արդյոք Նազարյանը մենակ է խմել, թե ոչ, ինչ է տեղի ունեցել ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց հետո, կամ վերջապես՝ Արտակ Նազարյանին սպանել են, թե նա ինքնասպան է եղել:

Գտնում եմ, որ դատարանը չհամարձակվեց բավարարել ինչպես վկաների ցուցմունքների որպես ապացույց օգտագործման անթույլատրելիության հաստատման մասին բերված, այնպես էլ  պաշտպանական կողմի եւ  տուժողի ներկայացուցիչների  այլ միջնորդությունները, քանի որ ակնկալվելիք եզրակացությունների պայմանում քրեական գործն այլ ելք կունենար, հավանական է՝ կալանավորվածներն արդարացվեին, իսկ նրանց փոխարինեին ուրիշները: Այսինքն՝ դատարանի կողմից դատավճիռ է կայացվել քրեական գործի քննությամբ չբացահայտված հանգամանքների պարագայում: Կայացված դատավճիռն  արդար չէ,  դատապարտվել են մարդիկ, ովքեր այդ արարքի կատարման հետ որեւէ առնչություն չունեն:

Ինչ խոսք, այս դատավճիռը բնորոշ է  հայաստանյան դատարանների կողմից կայացված ինչպես  դատավճիռներին, այնպես էլ վճիռներին, նկատի ունենալով, որ դատարաններն անկախ չեն եւ չեն ենթարկվում օրենքին: Քրեական արդարադատությունն  իրականացնելիս մեծամասամբ  ղեկավարվում են դատախազի գերատեսչական շահով, իսկ քաղ.  դատավարության  ընթացքում  յուրաքանչյուր  ատյան կայացնում է ցանկացած վճիռ եւ կայացված սխալ դատական ակտերի համար որեւէ պատասխանատվություն չի կրում: Կարող եմ բերել  բազմաթիվ փաստեր, որ Վճռաբեկ դատարանը բերված վճռաբեկ բողոքներն առանց պատճառաբանության վերադարձնում է, անտեսելով իր իսկ կողմից կայացված  նախադեպային որոշումները, դրսեւորելով կամայականություն՝ քաղաքացուն թողնելով  անելանելի վիճակում:

Տվյալ պարագայում  փաստաբանների բողոքը՝ կապված Վճռաբեկ դատարանի գործելակերպի հետ,  արդարացված է, նկատի ունենալով, որ նախորդ ատյանների կողմից  թույլ տրված խախտումներն  ի վերջո պետք է  հավուր պատշաճի քննարկվեն վերադաս ատյանում եւ ստանան համարժեք լուծում, այլ ոչ թե ստանդարտ ձեւակերպմամբ  վերադարձվեն՝ առանց  հիմնավոր պատճառաբանության:

Հուսով եմ, որ Վերաքննիչ քրեական դատարանը  չի կրկնի ստորադաս դատարանի թույլ տված  սխալը,  կլինի օբյեկտիվ եւ  կկայացնի արդարադատության պահանջներին համապատասխան դատական ակտ:

Հարցազրույցը՝

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031