Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռավոր մի տեղը»՝ սեռական շահագործման մասին

Մայիս 30,2013 14:10

Վահան Զանոյանը բարձրաձայնում է ցավալի խնդրի մասին 

Նախկին գործարար, գրող Վահան Զանոյանը մեկ ու կես տարի Դուբայում ուսումնասիրություններ է անցկացրել, հանդիպել Արաբական Միացյալ Էմիրություններում թրաֆիքինգի զոհ դարձած 12 կանանց, լսել նրանց զրույցները: Ասում է՝ դիպվածով առաջինը հանդիպել է մի 17- ամյա աղջկա հետ, որի պատմությունն էլ հիմք է դարձել իր «Հեռավոր մի տեղ» վեպի համար: Պարոն Զանոյանը որոշել է, որ պետք է բարձրաձայնել խնդրի մասին, որը կսթափեցնի ի պաշտոնե դրա համար պատասխանատուներին, զսպաշապիկ կլինի թրաֆիքինգով զբաղվողների եւ զգուշացում՝ երիտասարդ կանանց համար:
Սփյուռքահայ գրողը նախորդ երկու գրքերը ուղղակի նվիրել է, իսկ «Հեռավոր մի տեղ» վեպը մտադիր է վաճառել: Ասում է՝ ամբողջ հասույթն ուղղելու է մի շարք կազմակերպությունների, որոնք պայքարում են սեռական շահագործման դեմ, կաջակցի զոհերի վերականգնմանը, ինչպես նաեւ «Օրրան» բարեգործական հ/կ-ին:
«Առավոտի» հետ զրույցում Վահան Զանոյանը նշեց, որ տարվա կեսը Հայաստանում է անցկացնում ու քաջատեղյակ է մեր երկրի խնդիրներին: Համոզված է, որ որոշ ԶԼՄ-ների համարձակությունը, նորանոր շքեղ ռեստորանների ու սրճարանների բացումը կամ զբոսաշրջիկների թվի աճը դեռեւս Հայաստանի բարելավման ապացույց չէ, ոչ էլ Հյուսիսային պողոտան է իրական Հայաստանը: Նրա ձեւակերպմամբ, մարդիկ հուսալքված են, արտագաղթը գնալով աճում է, որ Հայաստանի փայլը միայն արտաքինից է: Մինչդեռ իսկական Հայաստանը Երեւանից դուրս է, այնտեղ վիճակը ծանր է. «Եթե մակերեսից դուրս գանք ու նայենք ներսը, շատ մտահոգիչ է»:
Հարցրինք՝ մայիսի 28-ին Հանրապետության տոնն էր, տոնի զգացողություն ունեցե՞լ է: Վահան Զանոյանը պատասխանեց, որ ընդամենը երաժշտություն է լսել Հյուսիսային պողոտայում ու տեսել հուսալքված մարդկանց, ու չի կարծում, թե ժողովուրդը տոնելու տրամադրություն ուներ:
Մեր զրուցակիցը պատմում է, որ բացի իր դոբայյան հանդիպումներից, վեպի համար աղբյուր է ծառայել հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի «Անապատի գիշերներ» վավերագրական շարքը: Նրա ասելով՝ Էդիկից սովորել է այն տեխնիկան, թե ինչպես պետք է հարցազրույցներ վարել զոհերի հետ, որոնց 5-6 ամիս համոզել է խոսել: Զանոյանն ասում է, որ այդ կանանցից երեւի 5-6-ն են իրական զոհեր, մնացածը հավանաբար գիտակցված ե
ն գնացել նման քայլի՝ ելնելով սոցիալական ծանր վիճակից: Իսկ ամենամեծ դժբախտությունն այն է համարում, որ այդ հայուհիների մեջ աղջիկներ կային, որ իրենց գյուղից դուրս չէին եկել, անգամ Երեւան չէին եկել եւ խաբեությամբ հայտնվելով Դուբայում՝ սեռական շահագործման են ենթարկվում, ծեծվում, բռնաբարվում: «Մեր լռությունը կքաջալերե այս ոճիրը, հայ համայնքներու մեջ միտում ունինք ըսել՝ չէ՛, լա՛վ, այդ մասին չխոսինք, ամո՛թ է, ոմանք էլ կսեն չխոսինք, քանի որ ցնցիչ նյութ է, ոմանք ինձի քաջալերեցին՝ չգրել»,- հիշում է մեր զրուցակիցը, որը դեմ գնալով բոլոր կարծիքներին՝ շարադրել է իր վեպը: Ու ողբերգությունն ու ոճիրը ներկայացվել է գեղարվեստական միջոցներով: Պատմությունը ծայրից ծայր Լարա Գալյան անունով հայուհու մասին է, դեպքերն ու բոլոր տեղանուններն իրական են, միայն մարդկանց անուններն են միտումնավոր փոխված: Հորինված է գյուղերից մեկի Մարդաշեն անունը: Նա չի ցանկացել զոհերի իրական անունները նշել եւ բացահայտել աղջիկների ինքնությունը, որովհետեւ նրանք շատ խոցելի են. նախ սպառնալիքների տակ են, թե որեւէ բան ասելու դեպքում իրենց վերջը կտան եւ երկրորդ՝ աղջիկներն իրենք չեն ուզում, որ մարդիկ իմանան, թե ինչով են զբաղված եղել Դուբայում: Վեպում անդրադարձ կա Հայաստանի ներկա իրավիճակին, սփյուռքահայերի ու Հայաստանի հայերի փոխհարաբերություններին, Հայաստան աշխարհի արտաքին գեղեցկությանը, սակայն բուն պատմությունը թրաֆիքինգի զոհերի մասին է:
Զանոյանը փաստում է, որ Էդիկ Բաղդասարյանի վավերագրությունից հետո Աբու Դաբիի հայկական դեսպանատունը ավելի զգոն է դարձել, ու եթե նախկինում արաբական բանտերում՝ մարմնավաճառության համար փակված, 400-500 հայ կին կար, այժմ նրանց թիվը խիստ պակասել է:
Հեղինակը մտադիր է գրքի հիման վրա ֆիլմ նկարել: «Հեռավոր մի տեղ» վեպը անգլերեն տարբերակ ունի, նախատեսված է այն թարգմանել նաեւ արաբերեն եւ տարածել Միջին Արեւելքում: Ի դեպ, անգլերեն տարբերակը տարածվել-հասել է մինչեւ Ճապոնիա:
«Հեռավոր մի տեղը» դրական ավարտ ունի, բայց կյանքն ավելի դաժան է:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Գիրքը չեմ կարդացել, բայց կարծում եմ վատ չէր լինի գրքին տրվեր,՝ ,,Դեպի Ապահով Հայաստան,,
    վերնագիրը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031