Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկարիչները սրբերի դասից են»

Մայիս 30,2013 14:05

Նկարչուհի Նարգիզ Փաշայանը՝ իր, վրձնակից ամուսնու. հայաստանյան չափանիշների եւ արվեստի մասին

Օրերս ՀՀ նկարիչների միությունում ավարտված գրաֆիկայի եւ քանդակի ցուցահանդեսին «Առավոտի» ուշադրությունը գրավեց նկարչուհի Նարգիզ Փաշայանի «Ջրահարս» գրաֆիկական աշխատանքը: Արվեստագետի «Զբոսանք» կտավը տեղ էր գտել ընթացիկ տարվա գարնանը, դարձյալ  միությունում, շուրջ 140 նկարչուհիների ներկայացրած ստեղծագործությունների թվում: Մինչ այդ էլ նրա 39 աշխատանքները, որ ցուցադրված էին քաղաքապետարանում, հետաքրքրություն էին առաջացրել մասնագետների եւ արվեստասերների շրջանում: Հիմնականում խոսվում էր նկարչուհու ոճային բազմազանության, տարբեր նյութերի հմուտ օգտագործման, համարձակ վրձնահարվածների, ազատ եւ դինամիկ գունային «ծեփումների», ինչպես նաեւ նրա աշխատանքներից բխող բուռն  էմոցիայի մասին:

«Առավոտը» հանդիպելով  Նարգիզ Փաշայանին, հիշեցրեց ժամանակին իր կողմից արտահայտած «նկարիչները դասվում են սրբերի շարքը» արտահայտությունը, որը տարաբնույթ խոսակցությունների առիթ էր տվել: Այս կապակցությամբ նկարչուհին ասաց. «Օրինակ, հայկական մանրանկարչության ցանկացած նմուշ հոգեւոր դպրոց է, էլ մատնացույց չանեմ համաշխարհային ստեղծագործողների՝ Ջոտոյի, Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոյի եւ մյուսների աշխատանքները, որոնց առջեւ իսկապես խոնարհվում է առաջադեմ մարդկությունը»:

Հարցին` ի՞նչ է փոխվել 1980-ականների սկզբից ստեղծագործող, արտերկրում բազմաթիվ  ցուցադրությունների մասնակից նկարչուհու ոճի ու թեմատիկայի մեջ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դրանք անընդհատ փոփոխվում են, իսկ ես ընդհանրապես ազատ  ոճի ստեղծագործող եմ: Եթե ոճ ասվածը դիտարկենք մերօրյա  չափանիշներով, ապա կտեսնենք, որ, օրինակ, ռեալիստականը աբստրակտի հետ է միահյուսված… Մուսաս այդ պահին ինչ թելադրում է, դա էլ հանձնում եմ կտավին: Կարճ ասած՝ ոճերն ու ուղղությունները ինձ չեն հուզում, դրանցով թող զբաղվեն արվեստաբանները: Ես կտավին եմ հանձնում այն, ինչն այդ պահին ժայթքում է ներսիցս: Այդուհանդերձ նշեմ, որ արվեստում գոյություն ունեն կանոններ, որոնք պետք է պահպանել»:

Մեր զրուցակիցը մշակույթի այլ ոլորտի արվեստագետների օրինակով  համոզված է, որ առանց մենեջերի պարզապես հնարավոր չէ ներկայանալը ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում. «Անհրաժեշտ է բանակցություններ վարել, միջավայր ստեղծել, նկարները բերել ցուցադրական տեսքի եւ այլն: Իմ դեպքում մենեջերի դերը ստանձնել է մասնագիտությամբ մաթեմատիկոս քույրս»: Տիկին Փաշայանը, առանց մանրամասնելու, հավելեց, որ ցանկացած արվեստագետի, այդ թվում՝ նկարչի հաջողությունը մեծ հաշվով կախված է դիպվածից:

Ընդհանրապես նկարիչների մոտ, մասնավորաբար՝ հայաստանցի, խնդիր դարձած աշխատանքների վաճառքի առիթով, մեր զրուցակիցը փաստեց, որ իր դեպքում դա կայանում է պատահականության սկզբունքով. «Կտավներիս վաճառքը հիմնականում լինում է  ցուցահանդեսների ժամանակ: Լինում է նաեւ, որ այդ նպատակով հատուկ այցելում են արվեստանոց»:

Ռեպլիկին, թե վաճառելիս հաշվի առնո՞ւմ է հայաստանցիների ոչ բարձր գնողունակությունը, տիկին Փաշայանի պատասխանը հակիրճ էր. «Սակարկել չեմ սիրում, եթե բանը հասնում է դրան, պարզապես նվիրում եմ»:

Հայտնի է, որ մեր  մեծահարուստներից շատերը, անվանի նկարիչների աշխատանքներից բացի, իրենց անձնական  հավաքածուներում ներառում են նաեւ ժամանակակիցների գործեր: Հետաքրքրվեցինք՝ օրինակ, վերջերս ԱԺ-ում անհատական ցուցահանդեսից հետո գնվե՞լ է իր նկարներից: Արվեստագետը չթաքցրեց, որ վաճառել է, ու հավելեց հետեւյալը. «Ես այնքան էլ նրանց ճաշակով չեմ»:

Դիտարկմանը, թե ամուսինը՝ նկարիչ Դավիթ Պետրոսյանը կարծես ցուցադրությունների առումով չի ենթարկվում  իր «ռիթմին», Նարգիզ Փաշայանն ասաց. «Երկուսս ստեղծագործող տարբեր անհատներ ենք: Ընտանիքում բավարարվում ենք միայն մեկմեկու խորհուրդներ տալով: Ինչ վերաբերում է ցուցահանդեսներին, Դավիթի ստեղծագործությունները հիմնականում ցուցադրվում են եվրոպական երկրներում՝ Ֆրանսիայում, Բելգիայում եւ այլն»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Նարգիզ Փաշայանն ամուսնու հետ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031