Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մտահոգիչ վիճակագրություն

Մայիս 30,2013 13:59

Նոր ուսումնական տարվա շեմին որոշ բուհեր բարձրացրեցին ուսման վարձերը, որը հասարակական լուրջ մտահոգությունների տեղիք տվեց: Մի կողմից՝ սոցիալական առանց այն էլ լարված իրավիճակում ազգաբնակչության համար բարձր ուսման վարձը հերթական  ֆինանսական բեռն է, մյուս կողմից՝ բուհերի համար այն լրացուցիչ դրամական ներհոսք է, ուղղված պրոֆեսորադասախոսական անձնակազմի վարձատրության բարձրացմանը, կրթության որակի բարելավմանը, բուհի զարգացմանը: Իմ կարծիքով, կրթավճարների բարձրացումը, որը իր չափով չի գերազանցում տարեկան 100 000 դրամի շեմը, արդարացված է, սակայն մինչ դրան անցնելը, բուհերը պարտավոր էին նախ վերանայել ֆինանսական կառավարման իրենց մոտեցումները եւ դրամական ռեսուրսների խնայման ռեզերվներ բացահայտեին:

Վիճակագրական համեմատական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ պետական բուհերը որոշակիորեն ուռճացրել են ինչպես պրոֆեսորադասախոսական, այնպես  էլ վարչաօժանդակ անձնակազմը, որտեղ էլ պետք է փնտրել լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ձեւավորման ուղիները: Այսպես, եթե արեւմտյան բուհերում մեկ դասախոսի հաշվով սովորում է միջինը 25, իսկ հեռավար ուսուցմամբ` անգամ 30 ուսանող, ապա ՀՀ բուհերում այդ ցուցանիշը նախորդ հինգ տարիների կտրվածքով միջինացված կազմում է 13 ուսանող: Ավելին, եթե վերջին տարիների պաշտոնական վիճակագրությունը գրանցել է համալսարանական ուսանողների նվազում (2009/2010 ուստարի` 115 հազ. մարդ,  2010/2011 ուստարի`111 հազ. մարդ,  2011/2012 ուստարի` 95 հազ. մարդ), ապա դրան հակառակ` այդ նույն տարիների պրոֆեսորադասախոսական անձնակազմը ավելացել է եւ համապատասխանորեն կազմել է 8396, 8843 եւ 9122 մարդ (ՀՀ ԱՎԾ Տարեգիրք, 2012 թ., էջ 126):  Զուգահեռաբար, արտասահմանցիների շրջանում իջել է նաեւ կրթության գրավչությունը, եւ եթե հինգ տարի առաջ մենք ունեինք 4200-ը գերազանցող օտարերկրացի ուսանողներ, ապա վերոնշյալ տարիներին մեր բուհերում համապատասխանաբար սովորել են 3089, 3316,  3036 արտասահմանցիներ:

Եվ ինչ է ստացվում. հանրապետությունում կրճատվում է բուհերում սովորող ուսանողների քանակը, եւ դրան զուգահեռ մեծանում է դասախոսների համակազմը,  այն դեպքում, երբ նոր մասնագիտություններ չեն ավելանում: Կարծում եմ, որ այս հարցը պետք է մտահոգի համալսարանների ղեկավարությանը, որոնք ինչ-որ տեղ, գուցե նաեւ սոցիալական նկատառումներով, ավելացնում են բուհի աշխատակազմը, սակայն մյուս կողմից՝ պետք է առավելապես հետամուտ լինեն ֆինանսական խնայողությունների բացահայտմանը եւ առաջնահերթություն համարեն գերծանրաբեռնված արհեստածին կրթական մոդուլների կրճատմանը, ուսանողակենտրոն ուսուցման ճանապարհով լսարանային ժամերի նվազեցմանը, որոշ առարկաների ավանդական դասավանդման տեխնոլոգիաներից` հեռավար ուսուցման աստիճանական անցմանը, որը չի բերի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ավելացում, այլ՝ հակառակը:

 

Վարչաօժանդակ անձնակազմի գծով համեմատական վիճակագրությունը նույնպես մտահոգիչ է: Եթե արտերկրի բուհերում այդ անձնակազմի տեսակարար կշիռը բուհի կադրային համակազմում հասնում է մինչեւ 12%,  ապա մեր իրականությունում համանուն ցուցանիշը երբեմն գերազանցում է 25% շեմը: Հետեւաբար,  այստեղ էլ ֆինանսական տնտեսումների լուրջ ռեզերվներ կան, եթե ՀՀ բուհերը գնան խոշորացման ճանապարհով, օպտիմալացնեն կառավարման կառուցվածքը, ինչը  անընդմեջ արվում է արտասահմանում: Ավելին, եթե ներկայումս արեւմտյան բուհերում լիարժեք անցում է կատարվում էլեկտրոնային կառավարման համակարգին, ապա մենք դեռեւս ավանդաբար շարունակում ենք «ուռճացնել» վարչական եւ սպասարկող անձնակազմը, դրանով  ավելացնելով բուհի վերադիր ծախսերը:

Ուրեմն ժամանակն է հաշվի առնել այս մտահոգիչ վիճակագրությունը եւ բարձրացված ուսման վճարները հնարավորինս ուղղորդել կրթության որակի բարելավմանը եւ ոչ թե սոցիալական հիմնախնդիրների լուծմանը: Համոզված եմ, որ այն կբխի  ոչ միայն ուսանողների եւ նրանց ուսման վարձերը մուծող ծնողների շահերից, այլեւ`  կրթական շուկայում համալսարանների մրցունակության ամրապնդման պահանջներից:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031