Լրահոս
Օրվա լրահոսը

Վերլուծական թռիչք

Մայիս 30,2013 13:47

Հայ վերլուծական մտքի թռիչքները հիրավի տպավորիչ են՝ մեր մեկնաբանները կարողանում են կապել Հայաստանում կատարվող բոլոր իրադարձությունները եւ հարմարեցնել դրանք սեփական տեսություններին: Ընդհանրապես, առանց մեծ ճիգերի ամեն ինչ կարելի է  բխեցնել  ամեն ինչից: Վերցնենք ցանկացած երկու իրադարձություն: Օրինակ՝ այս շաբաթ Հայաստանում կրկին կարկուտ է տեղացել, իսկ Բոլոնիայի համալսարանում հայտնաբերվել է հրեաների սուրբ գրքի՝ Թորայի հնագույն օրինակներից մեկը: Ուզո՞ւմ եք իրար հետ կապեմ այդ երկու տեղեկատվությունները: Քանի որ հրեաների սուրբ գրքերում գրված է, որ իրենց ազգը պետք է տիրի ամբողջ աշխարհին, հրեաները դա անում են ուրիշ ազգերի, մասնավորապես,  թուրքերի միջոցով: Եվ ահա, Թորայի պահանջներին համապատասխան, նրանք հրահանգել են թուրքերին, որպեսզի վերջիններս կարկտային ամպերը քշեն դեպի Հայաստան, ինչի հետեւանքով էլ մեզ մոտ կարկուտ եկավ: Ինձ թվում է՝ այս իմ «վերլուծությունը» լիովին տեղավորվում է Հայաստանում «մասոն բռնողների» տրամաբանության մեջ:

Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին չի մասնակցել Բիշքեկում կայացած ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Թե ներկայիս, թե նախորդ նախագահները, թե այլ պետությունների ղեկավարներ այս կամ այն պատճառով երբեմն չեն մասնակցում նման միջոցառումների: Որեւէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական ինֆորմացիա այն մասին, որ դա դեմարշ է կամ բոյկոտ՝ ի պատասխան գազի գնի բարձրացման, չկա: Մանավանդ, որ թե նախագահը եւ թե լրահոսին հետեւող ՀՀ մնացած քաղաքացիները առնվազն մեկ տարի առաջ գիտեին, որ գազը թանկանալու է: Իսկ բոյկոտի եւ դեմարշի վարկածի դեմ վկայում է թերեւս այն, որ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների նախարարների խորհրդի նիստին:

Բայց ոչ: Սկզբում վերլուծաբանները գալիս են այն միանշանակ եզրակացության, որ Սերժ Սարգսյանը բոյկոտում է ՀԱՊԿ-ը, իսկ հետո ավելի խորանում՝ բոյկոտի վարկածը հորինել է հենց իշխանությունը՝ նախագահի վարկանիշը բարձրացնելու նպատակով: Եվ այստեղ այդ տեսության հեղինակներին օգնության է գալիս Ուելսի արքայազն Չարզլը, որը նույն ժամանակահատվածում եկել է Հայաստան: Դե, գիտեք՝ աշխարհի ամենաազդեցիկ մասոնական օթյակը Լոնդոնում է՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով: Ուրեմն, ըստ վերլուծաբանների, Հայաստանը երես է թեքել իր ռազմավարական դաշնակցից եւ մասոնների դրդմամբ կողմնորոշվում է դեպի Արեւմուտք: Ուղղակի հիշեցնեմ առավել խորաթափանց վերլուծաբաններին, որ թագավորական ընտանիքը թեեւ շատ մեծ հարգանք է վայելում Անգլիայում, սակայն ոչ մի գործնական իշխանություն չունի եւ զբաղվում է հիմնականում բարեգործական, հումանիտար ծրագրերով: Հենց այդպիսի ծրագիր է Չարլզը իրականացնում Երեւանում՝ առօրյա քաղաքականության հետ այդ ամենը անմիջական կապ չունի:

Բայց եթե ուզում եք, ես մի շարք եզրահանգումներով կարող եմ «ապացուցել», որ արքայազն Չարլզը իրականում կիրգիզ է եւ Հայաստան է եկել Բիշքեկից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Գրիգոր says:

    Հետաքրքիր է, իսկ եթե, տոնը անտեսելով, Նախագահը մեկներ Բիշքեկ, այդ դեպքում ինչ մեկնաբանություններ կլինեին?)))))))

  2. Nem says:

    Ցավալի է,բայց դա է հացը հանապազօրյա,գրելու արհեստով զբաղվողի, /չասեմ վաստակողի/ :
    Սուտը, կեղծիքը մեծ փողերի հիմքն են,միայն լրագրողները չեն /նեչիստոպլոտնիյ/ ահմաքուր….

  3. Համլետ says:

    Արամ ջան,կարելի էր մի լավ հոդված էլ ,,Տիգրան Սարգսյան ու օֆշորային ընկերներ,, ՍՊԸ-ի (https://7or.am/am/news/view/52637/) մասին գրել,որ ,,ջիգյարով,, քննարկեինք…Նա իմ կարծիքով սա արդեն չի մարսի…

  4. Maxim says:

    Իհարկե այդ ամենը՝ Ձեր տրամաբանությամբ չէ, այլ նրա ում մասին էլ խոսվում է, որը դեռ շատ
    անհայտ փաստերի առաջ է կանգնեցնելու երկրին, բայց արդյո՞ք՝ առանց պարասխանատվության, դատի ու դատաստանի:

  5. Արմեն says:

    Ինչ հզոր ազգ ենք, բոլորս կամ գրեթե բոլորս հանգիստ առանց մտահոգվելու համ նախագահ համ վարչապետ համ նախարար…. համ կաշխատենք համ էլ կքննադատենք: Մեկ վարկյան անգամ չենք մտահոգվի, վոր միգուցե չկարողանամ: Բոլորս տաղանդավոր ու հանճարեղ ենք կամ գրեթե բոլորս:
    ՈՒ այս դատողությամբ ուզում ենք նորմալ երկիր ունենալ, բայց կստացվի արդյոք…

    Հաստատ չի ստացվի

  6. harut says:

    Ամէն տեղ եւ ամէն վատ բանի մէջ հրեաներուն-թուրքերուն- մասոններուն մատը տեսնելը ազգային
    հիւանդութեան վերածուած է մեր մէջ (հայրենիքի եւ սփիւռքի մէջ հաւասարապէս) որովհետեւ շրջափակուած ենք ոչ միայն աշխարհագրականօրէն այլ նաեւ հոգեպէս -մեր խօսակցութիւններուն միակ նիւթը մեր անցեալի վէրքերն ու ներկայի դժուարութիւններն են -որքան ալ իշխանութիւնը փորձէ առտու-իրիկուն երգելով -պարելով մետալներ բաժնելով ուրախ տրամադրութիւններ ստեղծել
    ոչինչ կը փոխուի երբ տեսնենք մեր պատգամաւորներու դաժան դէմքերն ու մտաւորական անգոյ մակարդակը։ Փոխանակ վերոյիշեալ օտար թշնամիներու աչքի շիւղերը տեսնելու մեր աչքի գերանները հանենք կարծեմ մեր հալածախտն ալ կը մեղմանայ ժամանակի ընթացքին։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031