«Ես հայ-ռուսական հարաբերությունները գնահատում եմ փայլուն, դրական, կա բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն ՌԴ-ի և ՀՀ-ի միջև բոլոր ոլորտներում: Այսօր հայ-ռուսական ռազմական գործակցությունը արդյունավետ զարգանում է: Նույնիսկ չգիտեմ էլ՝ ով ինչ է ասել հայ-ռուսական հարաբերությունների մասին: Բայց փաստ է ՀՀ-ՌԴ երկկողմ իրականացվող ծրագրերի օրեցօր խորացող դինամիկան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նա ներկայացրեց բիշկեքյան հանդիպման մանրամասները: Մասնավորապես քննարկվել է ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը, նախատեսվում են ստեղծել միացյալ զորքեր, կարևորվել է միացյալ ուժերի և ավիացիոն ուժերի ստեղծումը, կստեղծվեն հատուկ օպերացիաների համար կոլեկտիվ ավիացիոն ուժեր Կովկասում: Քննարկվել են նաև սահմանային անվտանգության հարցեր, թմրամոլության դեմ պայքարի խնդիրներ, քանի որ Աֆղանստանից մեծացել է թմրամիջոցների ներհոսքը ՀԱՊԿ անդամ երկրներ: Այս տարի ՀՀ-ում կտեղակայվի թմրանյութերի դեմ պայքարի միջազգային քարտուղարություն: Քննարկվել են նաև կիբեր անվտանգության հարցեր: ՀՀ-ում կստեղծվի նաև գիտատեխնիկական խորհուրդ՝ փակ տեղեկատվության փոխանակման համակարգով:
Լրագրողներին հետաքրքրեց՝ արդյոք ՀՀ-ՌԴ հարաբերությունների ճգնաժամային լինելու մասին չի՞ վկայում այն փաստը, որ գազի գինը բարձրացավ: Ա. Բաղդասարյանը պատասխանեց. «Դրանք շուկայական հարաբերություններ են: Կարելի է մտնել «ՀայՌուսգազարդի» ինտերնետային էջը և տեսնել, թե կազմակերպությունն ինչ առաջարկություններ է անում այլ պետություններին: Ինքս տրամադրված չեմ, որ շատ վատ է լինելու, իհարկե ամեն մի թանկացում լավ բան չէ»:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂՀ-ի հետ կապված հայտարարության մասին էլ ԱԱԽ քարտուղարն ասաց. «ԼՂՀ հարցի հետ կապված շատ լավ հայտարարություն էր: Այնտեղ կան հստակ գնահատականներ, որտեղ ամեն ինչ ասված է»:
Կարդացեք նաև
Արտագաղթի թեմայի վերաբերյալ խոսելիս Ա. Բաղդասարյանը մատնանշեց, թե այլ երկրներից էլ են արտագաղթում: Իսկ ՌԴ-ի կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրի՝ արտագաղթին նպաստելու հարցի վերաբերյալ նա փոխանցեց հետևյալը. «Ծրագիրն իրականացվում է ԱՊՀ, նույնիսկ Արևելյան Եվրոպայի երկրներում: Եթե չլիներ այդ ծրագիրը, այդ դեպքում չէի՞ն գնա ՌԴ: Այսօր չե՞ն գնում խոպան՝ Ռուսաստան»:
Կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու հարցին էլ անդրադարձ եղավ: Ա.Բաղդասարյանը թեև նշեց, որ իր կուսակիցներից կմասնակցեն հանգանակությանը, սակայն ըստ նրա՝ խնդիրը հանգանակությամբ չի լուծվի, այլ պետք է ստեղծել հակակարկտային կուռ համակարգ՝ միասնական կառավարման մեխանիզմով:
Այն, որ ՕԵԿ-ը պարտվեց Երևանի ավագանու ընտրություններում, Ա. Բաղդասարյանը «ծանր չի տանում» ու նշում. «Ընտրությունները չեն կեղծվել, դրանց համար անհրաժեշտ է փող, ռեսուրս, հեղինակություն: Իսկ մենք բավական ռեսուրսների, հատկապես ֆինանսական, չենք տիրապետել, վարչական ռեսուրսներ ևս չենք կիրառել այդ պայքարում: Ուղղակի ընտրություններում թաղային հեղինակությունների գործոնը մեծ է, իսկ ՕԵԿ-ում թաղային հեղինակություն չկա: Ուստի մեր խնդիրներից է այն, որ թաղի տղերքը ընտրական գործընթացների մեջ են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Որքան՝, մարդ կարող է անամոթ լինել, որ այսքանից հետո բաց ճակատով խոսել երկրի այսքան կարևորագույն հարցերի մասին: