Լրահոս
Օրվա լրահոսը

Գնահատում է Հայրենիքը, նախագահը պարգեւատրում է

Մայիս 30,2013 12:59

Լեւոն Խեչոյանը Արցախի ազատամարտի մասնակից է, եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» պետական պարգեւի, մեդալի արժանանալը տվյալ դեպքում հավելյալ իմաստավորում եւ արժեք է ստանում։ Հիմնականը, իհարկե, այն է, որ ժողովուրդը եւ Հայրենիքը ըստ արժանվույն են գնահատում իրենց հայրենակցի ավանդն ու վաստակը՝ թե՛ գրական-ստեղծագործական, թե՛ մարդկային-քաղաքացիական։

Այս դեպքում հատկանշական է Լեւոն Խեչոյանի դիրքորոշումը եւ հիմնավորումը, թե ինչո՞ւ, ի՞նչ պատճառներով է նա հրաժարվում պետական պարգեւից։ Մարդը ազնվորեն ու առանց երկիմաստությունների ասաց. «Ճիշտ է, ինձ համար էլ անակնկալ էր… էլի իմ երկիրն է, էլի իմ հայրենիքն է, շնորհակալ եմ վստահության եւ մեդալի համար։ Սակայն այն չեմ կարող ընդունել, երբ այս չափերի արտագաղթ կա երկրում, երբ իմ եղբայր ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, հենց այսօր էլ նստացույց են անում»։
Շատ-շատերը սեւեռվել են ակցիայի ձեւի, այսինքն՝ պետական պարգեւից հրաժարվելու հանգամանքի վրա, ոմանք անգամ այն իրենց քարոզչական խնդիրներին համահունչ «ծամծմում» են ու դեռ երկար կպտտեցնեն։ Բայց իմ ընկալմամբ, առանցքայինը գրողի այս արարքի բովանդակությունն է. ժողովո՛ւրդ, պետությո՛ւն, պաշտոնյանե՛ր, լսե՛ք, ամեն օր տասնյակ ու հարյուրավոր մարդիկ են հեռանում հայրենիքից, շատերը՝ ընտանիքներով ու անդարձ, իսկ երեկվա հաղթանակը կռած շատ մարտիկներ այնպիսի պայմաններում են, որ նստացույց անելով են ստիպված ուշադրություն հրավիրել իրենց սոցիալական խնդիրների վրա։
Սա՛ է հիմնականը։ Եվ այդ իրողությունների պատճառած ցավն է, որ կոնկրետ անհատին մղել է նման որոշում կայացնելու։ Նման խնդիրների գոյության պայմաններում գրող Խեչոյանը անհատապես չի կարող ընդունել պետական պարգեւը։
Այս ամենը մարդկայնորեն հասկանալի է, ընկալելի։ Բայց կա նաեւ մեդալի երկրորդ երեսը, ինչի մասին գրողն էլ է իր խոսքում ակնարկում։
Այո, պետական պարգեւները, մեդալները, շքանշանները շնորհվում են պետության ղեկավարի՝ նախագահի հրամանագրերով։ Սակայն դա ոչ թե նախագահի պարգեւն է, այլ պետության, եւ արտահայտում է ժողովրդի ու հայրենիքի հավաքական գնահատականը։
Տվյալ դեպքում, ի թիվս մի շարք այլ արժանավոր հայրենակիցների եւ օտարազգի գործիչների, հայրենիքը բարձր է գնահատել նաեւ գրող, ազատամարտիկ Լեւոն Խեչոյանի մատուցած ծառայությունները։ Հրաժարվե՞լ եւ մերժե՞լ հայրենիքի գնահատականը, որի նյութական արտահայտությունը տվյալ մեդալն է։ Ի վերջո, դա արքայական շնորհ չէ, այլ ժողովրդի եւ պետության գնահատականը, եթե կուզեք՝ շնորհակալությունը։
Կարծում ենք, պետական պարգեւը ոչ սիրաշահում է, ոչ էլ նման որեւէ մեկ այլ բան, առավել եւս։ Հազիվ թե գրողին պետությունը պարգեւատրի լռելու համար։ Ավելի շուտ հակառակը՝ պետական պարգեւով արտահայտված գնահատականը պարտավորեցնող հանգամանք է եւ պարտավորեցնում է տվյալ դեպքում լինել ավելի սկզբունքային ու ավելի հետեւողական։
Մի՞թե պետական պարգեւն ստանալու դեպքում Լեւոն Խեչոյանը չէր բարձրաձայնելու կամ չէր ահազանգելու այն եւ բազում այլ խնդիրների մասին, որոնց նա անդրադարձավ՝ մեկնաբանելով իր քայլը։ Չենք կարծում. սա այն դեպքը չէ, ու Լեւոն Խեչոյանն էլ այդ գրողն ու քաղաքացին չէ, որ չահազանգեր, չբարձրաձայներ կամ կոնկրետ օրվա իշխանությունների հանդեպ փոխեր իր վերաբերմունքը, որը նույնպես ոչ մեկի համար գաղտնիք չէ։
Կրկին նշենք, որ պարգեւը ընդունել-չընդունելը կոնկրետ անհատի որոշելիք հարցն է։ Բայց եւ չպետք է մոռանալ «մեդալի երկրորդ երեսի» մասին։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031