Լրահոս
Օրվա լրահոսը

Խայտառակ վիճակ` մարզային հիվանդանոցներում. ի՞նչ է մտածում առողջապահության նախարարությունը

Մայիս 30,2013 12:34

Aravot.am-ը պարբերաբար ահազանգեր է ստանում մարզային հիվանդանոցներից: Մասնավորապես խնդիրներ են առաջացել հղի կանանց շրջանում` ծննդաբերության հետ կապված: Նրանք մեզ պատմեցին, որ իրենց մարզում չի թույլատրվում իրականացնել կեսարյան հատում, ու ամենագլխավորը պարտադրում են կնոջը ծննդաբերել միայն իր մարզում այն դեպքում, երբ մարզային ծննդատունը չի կարողանում հղի կնոջն ապահովել ոչ պարզագույն ծառայություններով, ոչ էլ ծննդատների շենքային պայմաններն են նորմալ: Իսկ հղի կանանց տրվող հավաստագիրը չի գործում այլ մարզում, ուստի, չնայած պետությունը վճարում է, բայց հղի կինը ևս ստիպված է գումար վճարել, որպեսզի քիչ թե շատ նորմալ պայմաններում ծննդաբերի:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն այս հարցի կապակցությամբ պարզաբանեց. «Մայիսի 1-ից նախարարի նոր հրամանն է ուժի մեջ մտել, համաձայն որի` հավաստագրերը գործում են տվյալ մարզում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիվանդը կարիք ունի բժշկական օգնություն ստանալու Երևանում` բժշկական ցուցումով: Եթե նա բժշկական ցուցումով ուղեգրվում է Երևան, կամ իր մարզից դուրս ավելի բարձր մակարդակի ծննդատուն` բարդացված ծնունդի և այլ դեպքերում, ապա այդ պարագայում ծննդօգնությունն անվճար է կատարվում: Ինչ վերաբերում է կոնկրետ խնդրին, ապա կարող եմ համապատասխան մասնագետ կցել, ով կզբաղվի այդ հարցով»:

Այս պահին մարզային հիվանդանոցներում ընթանում են համատարած կրճատումներ: Աշխատակիցներին կրճատում են, որպեսզի մյուսների աշխատավարձերը բարձրացնեն: Այս մասին տեղյա՞կ է նախարարությունը և ի՞նչ քայլեր է ձեռնարկում խնդիրը լուծելու համար: Հարցին ի պատասխան Ս. Քրմոյանը նշեց. «Մենք էլ ունենք ահազանգեր: Ուստի նախարարը հանձնարարել է հավաքել ողջ տեղեկատվությունը: Իրենք դա պատճառաբանում են եկամտային հարկի հետ կապված խնդիրներով, բայց իրականում պետությունն առանձին է դա լուծում: Այժմ ողջ տեղեկատվությունը ներկայացրել ենք ֆինանսների նախարարություն` պարզելու արդյոք այդ խնդիրը կապված է եկամտային հարկի հե՞տ, թե` ոչ: Մինչև այս շաբաթվա վերջ մեր կարծիքը կարտահայտենք այդ կապակցությամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031