Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից արտագաղթ եղել է միշտ

Մայիս 30,2013 12:27

Պետք է վերջապես հասկանալ արտագաղթի պատճառները եւ ոչ թե պարզապես նստել ու մտածել այն կանխելու ուղիների մասին ու հերթական անիմաստ փաստաթուղթը ստեղծել, այլ կոնկրետ քայլեր ձեռնարկել:
Իսկ պատճառները հայտնի են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու` աշխատանք չունենալը եւ աշխատանքով ապրել չկարողանալը. զարհուրելի գներին նույնքան զարհուրելի աշխատավարձերի անհամապատասխանությունը:
Իսկ շատ եւ անհեռանկար աղքատները կայուն բնակչություն չեն կարող լինել, էլ ուր մնաց բազմանան: Մարդիկ հեռանում են երկրից, քանի որ մի այլ երկրում կարողանում են գոյատեւել կամ ավելի լավ ապրել. հեռանկար են տեսնում, վերջապես: Գնում են կամ ընտանիքներով` մշտապես, կամ մենակ, որ այստեղ ընտանիք պահեն: Գիտեմ նաեւ մարդկանց, որոնք այստեղ գոյատեւում են Ռուսաստանում թոշակ ստացող ծնողների հաշվին:
Հայաստանից արտագաղթ եղել է միշտ, բոլոր դարերում եւ հավանաբար նույն պատճառներով: Չգիտեմ` որեւէ ժողովուրդ իր պոեզիայում ունի՞ պանդխտության երգեր: Իսկ պանդխտության թեման եղել է մեր շատ բանաստեղծների ոգեշնչման աղբյուրը. մենք էլ, ոգեշնչվելով, ժամանակին բազմաթիվ շարադրություններ ենք գրել:
Մարդ չի հասկանում` մի՞թե դա մեր ազգային մենթալիտետի բաղադրիչ է: Անցյալ դարերում անհուսությունից արտագնա աշխատանքի մեկնածները պանդուխտներ էին, սովետի ժամանակ` խոպանչիներ: Չնայած խոպանչիները բանաստեղծական ներշնչանքի աղբյուր չդարձան: Բայց անցյալում վերոհիշյալ երեւույթը թերեւս եղել է, այսպես ասած, չափի մեջ, եթե, իհարկե, դրանում չափ կարող է լինել: Ոչ պանդուխտները, ոչ խոպանչիները երկիր չէին դատարկում. մարդիկ փող էին վաստակում, վերադառնում:
Այսօր եւ արդեն քանի տարի` այլ է: Արտագաղթն այնպիսի ծավալներ է ստացել, որի դեմ աչք փակելը հավասարազոր է ինքնասպանության: Ընդ որում, այն գնալով ահագնանում է:
Պաշտոնական տվյալներով, անցած չորս ամիսների ընթացքում միայն օդային ճանապարհով Հայաստանից մեկնածների թիվը, անցյալ տարվա նույն ամիսների համեմատությամբ, 15 հազարով ավելացել է: Չորս ամսում: Բայց հեռանում են նաեւ ավտոբուսներով, որոնց տոմսերը քիչ է մնում վիճակահանությամբ վաճառեն: Ինչ-որ բանի մասին է խոսում նաեւ այն, որ այս տարի շրջանավարտների թիվը 10 հազարով պակասել է: Սա է իրականությունը:
Բանը հասել է նրան, որ մարդկանց գիտակցության մեջ Հայաստանից հեռանալու հնարավորություն ունեցող, բայց չհեռացողն ընկալվում է որպես սոցիալական հիվանդ: Այս գիտակցությունը պիտի փոխվի:
Ինչպես մի ժամանակ գլխի էր ընկել Կարլ Մարքսը, կեցությունն է որոշում գիտակցությունը: Եվ ճիշտ էր գլխի ընկել. պիտի փոխվի մարդկանց կեցությունը: Աշխատանք եւ ապրելու հնարավորություն` սա է բանաձեւը: Եղած հնարավորությունների սահմաններում` նաեւ արդարություն: Պետականորեն որդեգրած ժողովրդավարական ընթացքի պարագայում արտագաղթը կանխելու ուրիշ ճանապարհ պարզապես չկա:
Անցած քսան տարիներին մեր հասարակ հասարակության յուրաքանչյուր անդամ ապրել ու գոյատեւել է մենակ` առանց զգալու պետության աջակցությունը: Եղել է թերսնված ինքը` սրտում անկախության վեհ գաղափարը:
Միայն վերջերս ինչ-որ ծիլեր նշմարվեցին: Բանից պարզվում է` կարկուտը նաեւ օգտակար հատկություններ ունի` չնայած ջարդում ու ոչնչացնում է գյուղացու տարեկան հույսը: Բայց այն նաեւ սնուցում ու ոռոգում է պետական միտքը, որից ծնվում է մարդուն մենակ չթողնելու, նրա հոգսը կիսելու գաղափարը: Սրա ականատեսը եղանք կարկտահարությունից տուժած շուրջ հինգ տասնյակ գյուղական համայնքներին պետական աջակցություն ցույց տալու հանգամանքով: Ժամանակավորապես սառեցվեցին գյուղացիական վարկերը, օգնություն ցույց տրվեց, ինչը եւ շարունակվում է:
Հուսադրող է այն, որ հատուկ տուժած գյուղացիներին օգնելու նպատակով ստեղծված ֆոնդին իրենց միջոցներից գումարներ են փոխանցում պետական տարբեր կառույցներ, նախարարություններ, գործարարներ: Բերքը չփրկվեց. պիտի փրկել գյուղացուն:
Բայց միայն կարկուտը եւ բնական աղետները չպիտի պատճառ լինեն, որ պետությունը կանգնի մարդու կողքին: Արեւոտ եղանակին նույնպես մեր հասարակության զգալի մասը օգնության կարիք ունի: Այսինքն՝ համապարփակ միջոցներ պիտի ձեռնարկվեն եւ շարունակաբար: Պետությունն ամեն օր պիտի վկայի իր ներկայությունը: Այլապես ավելի են լավանալու ավիաընկերությունների գործերը:

Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Ա. says:

    Էտեղ պետո.թյո.կ կա՞, որ ակնկալիք ո.նենաս:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031