Բելառուսական տրակտորներ արտադրող Բոբռույսկի գործարանը Հայաստանի գյուղնախարարի նախկին տեղակալ, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանից դեռևս չի ստացել իրենցից գնված տրակտորների ամբողջ գումարը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեցին գործարանի հասարակայնության և լրատվության հետ բաժնից:
Մեզ հետ զրույցում նրանք նախկինում նշել էին, որ պատրաստվում են դատի տալ Վ․ Կարապետյանին, և մեր այն հարցին, թե գործը ո՞ր փուլում է գտնվում, պատասխանեցին. «Մեր իրավաբաններն այս պահին պատրաստում են փաստաթղթերը՝ կոնկրետ օր ասել չեմ կարող, բայց հստակ է, որ նա պարբերաբար ասում է, թե կվճարի, սակայն այդպես էլ չի վճարում: Ժամանակը վաղուց է անցել, և երբ պատրաստ լինեն բոլոր փաստաթղթերը՝ գործն արդեն կլինի դատարանում»:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսին ՀՀ կառավարության անդամ, գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը նշված գործարանին առաջարկել էր Беларус-311 մակնիշի 84 հազար դոլար ընդհանուր արժողությամբ 9 տրակտորներ վաճառել իր՝ «Վ. Կարապետյան և ընկերներ» ընկերությանը: Բելառուսական գործարանը, «Հայաստանի կառավարության անդամների հանդեպ մեծ վստահությունից ելնելով»՝ մայիսին պայմանագիր էր կնքել, և հունիսի 19-ին ապրանքը տեղափոխվել էր Հայաստան` այն պայմանով, որ գումարը կարող է փոխանցվել 10 օր ուշացումով, սակայն մինչ այժմ բելառուսական գործարանը չի ստացել տրակտորների գումարն ամբողջությամբ: