Արձակագիր Լևոն Խեչոյանի քայլը՝ հրաժարվել նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալից, առանց չափազանցության պետք է համարել վերջին ժամանակների ամենաքաղաքացիական, ամենաքաղաքական… ամենամարդկային ակցիան: Ոչ միայն ու ոչ այնքան այն պատճառով, որ հեղինակավոր գրողը հրաժարվել է ընդունել հասարակության վստահությունը չվայելող, կեղծված ընտրությունների արդյունքում վերարտադրված իշխանության շքանշանը:
Այդպիսի հիմնավորումներով անցած տարիներին՝ եզակի, բայցևայնպես՝ նախադեպեր եղել են: Լևոն Խեչոյանը, սակայն, իր հրաժարումը չի պայմանավորել ամենօրյա քաղաքական լեքսիկոնից վերցված կլիշեներով: Խեչոյանը հրաժարվել է՝ առանց հայհոյելու, ինչը նրա քայլը դարձրել է շատ ավելի ազդեցիկ ու սթափեցնող, քան կլիներ, եթե հայտարարեր, որ չի ցանկանում մեդալ ընդունել ավազակապետական ռեժիմից, ապօրինի իշխանությունից և այլն:
«…Էլի իմ երկիրն է, էլի իմ հայրենիքն է, շնորհակալ եմ վստահության և մեդալի համար, սակայն այն չեմ կարող ընդունել, երբ այս չափերի արտագաղթ կա երկրում, երբ իմ եղբայր ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, հենց այսօր էլ նստացույց են անում: Այսքանից հետո ես ինչպե՞ս կարող եմ մեդալ ստանալ… Այդ մեդալը կոչվում է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», ես էլ, որպես արվեստագետ, մտածում եմ՝ եթե երկրից այսքան մարդ է արտագաղթում, եթե ազատամարտիկներն այսքան ծանր վիճակում են, նաև ժողովուրդն է գտնվում սոցիալապես ծանր պայմաններում, ուրեմն ես նույնպես մեղավոր եմ, ուրեմն որպես արվեստագետ՝ իմ խոսքը լավ չեմ ասել, որ այսպես է: Այսքանից հետո ես ի՞նչ իրավունք ունեմ մատուցած ծառայությունների համար մեդալ ստանալ: Հնարավոր է, որ նաև ինձնից է գալիս այս ամենը, ուրեմն ես լավ գիրք չեմ գրել, որպեսզի լավ լիներ երկրի վիճակը. ես այդպես եմ մտածում»,- մեդալից հրաժարվելն այսպես է բացատրել Լևոն Խեչոյանը:
Սա իսկական մտավորականի, իսկական քաղաքացու դիրքորոշում է, որն այնքան պակասում է Հայաստանում: Հատկապես, երբ այդ բացակայությունը, դատարկությունը տարիներ շարունակ լցվում է պալատական մտավորականների ճոռոմ ներկայությամբ: Հրաժարվելով մեդալից՝ Լևոն Խեչոյանն իրականում արձանագրել է, որ չի ցանկանում ու չի պատրաստվում մասնակցել իշխանական խրախճանքին, որը տեղի է ունենում սոցիալ-տնտեսական ծանր վիճակի, արտագաղթի, բարոյահոգեբանական անկման, այսինքն՝ ժանտախտի պայմաններում:
Կարդացեք նաև
Այսպիսով նա անուղղակիորեն բացահայտել է ոչ միայն ու ոչ այնքան՝ իրեն մեդալի արժանացրած իշխանության, այլ մնացած չակերտավոր մտավորականների կերպը, ովքեր մեծագույն հաճույքով այս օրերին նախագահական նստավայրում ստանում են իրենց բաժին հասած պարգևները: Լևոն Խեչոյանը, վստահաբար, նման նպատակ չհետապնդելով, արձանագրել է Հայաստանում իրական մտավորականների բացակայությունը, ինչն այդպիսին ներկայացող մարդկանց «համքարությունը» հազիվ թե երբևէ նրան ների: Խեչոյանն արձանագրել է ոչ միայն մտավորականների, այլև քաղաքական ուժերի, իրենց ընդդիմություն համարողների բացակայությունը, ովքեր հայհոյելով իշխանությանը՝ նույնպիսի հաճույքով վերցնում են իրենց բաժին հանված մեդալները, ներեցեք՝ մանդատները: Խեչոյանը դա արել է, սակայն, մեղադրելով ոչ թե իշխանությանը կամ ընդդիմությանը, այլ ինքն իրեն: Պատկերացնո՞ւմ եք, ինչ կլիներ, եթե մեր պետական ու քաղաքական «վերնախավի» ներկայացուցիչները գոնե մեկ օր նման կերպ մտածեին: Իհա՛րկե չեք պատկերացնում: Որովհետև, եթե դա ինչ-որ հրաշքով տեղի ունենար, Հայաստանը չէր լինի այնպիսի վիճակում, որը ստիպել է Լևոն Խեչոյանին հրաժարվել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալից:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում