Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունի. Նույն ապատիան է ժողովրդի մեջ եւ նույն ցանկությունը՝ հեռանալու

Մայիս 30,2013 11:52

Հատված երգիչ-երգահան Վահան Արծրունու հետ հարցազրույցից:

– Պարոն Արծրունի, Հայաստանում այս տարի երկու ընտրություններ կազմակերպվեցին՝ նախագահական ու Երեւանի ավագանու։ 2 դեպքում էլ վերարտադրվեց իշխանությունը։ Բայց եթե իշխանությունները փորձում են հավաստիացնել, թե իրենք ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններում են հաղթել, ՀՀ քաղաքացիներն անդադար հեռանում են երկրից։ Իսկ արդյո՞ք իր ցանկալի իշխանությունն ունեցող, նրա հետ հույսեր կապող մարդն այդպես է վարվում։

– Կա երկու տարբերակ, առաջինը, որ թվերը, որոնք ներկայացված են ընտրությունների ժամանակ, իրապես ճիշտ են, որովհետեւ այդ քվեն գնվել է։ Եվ մի այլ տարբերակ կա, որը ճիշտն ասած ինձ համար այնքան էլ տրամաբանական չէ, այսինքն՝ ընտրակաշառքը վերցրել են եւ ձայները տվել են ուրիշներին, բայց էլի ընտրակեղծիք է տեղի ունեցել։ Այսինքն՝ մի քիչ

անտրամաբանական, իրարամերժ հասկացությունների մի իրավիճակ է ստեղծվում, որից ես ընդամենը մի հետետւթյուն եմ անում։ Դուք շատ ճիշտ բառ օգտագործեցիք՝ վերարտադրություն։ Այսինքն՝ երբ որ հասկանում ես, որ վերարտադրման ստրատեգիան է գործում, այդ պարագայում ընտրություն, թե ոչ ընտրություն, դեմոկրատական պրոցես, դիտորդ եւ այլն եւ այլն, սրանք

ընդամենը դառնում են երկրորդական։

Այսինքն՝ ամեն դեպքում արտագաղթող քաղաքացին գիտի, որ իր ընտրած իշխանությունը չէ այսօր, որի հետ նա հույսեր է կապում։

– Հեռանկար չեն տեսնում, այսինքն՝ լայն իմաստով նրանք հասկանում են, որ կյանքի որակը չի կարող փոխվել։ Յուրաքանչյուր ընտրությունը յուրաքանչյուր դեմոկրատական երկրում բնակչության համար եւ ժողովրդի համար շանս է կյանքի որակը փոխելու։ Երբ որ մենք 20 տարիների ընթացքում հասկանում ենք, որ որեւէ ընտրություն այդ կյանքի որակը չի փոխում, այլ հակառակը, յուրաքանչյուր ընտրությունից հետո այդ պրոբլեմները, որոնք որ կուտակված են, ավելանում են, մարդիկ հուսահատված քայլեր են սկսում ձեռնարկել, որպեսզի գոնե անձնական մակարդակի վրա պահպանեն կամ բարձրացնեն կյանքի այն որակը, որը որ կցանկանային իրենց համար, իրենց ընտանիքի, իրենց երեխաների։ Եվ շատ խորհրդանշական է, որ այս պարագայում արդեն միջին խավը, այսինքն՝ սոցիալապես ապահովված խավն է հեռանում երկրից։

Ձեր կարծիքով, անարդարությունն ու հեռանկարի բացակայությո՞ւնն են ստիպում այդ մարդկանց հեռանալ։

– Միանշանակ: Որ ոլորտը վերցնենք, սկսած սպառման շուկայից, վերջացրած քաղաքականությամբ, դուք առնչվում եք կեղծիքների հետ։ Սպառման շուկայում այն ապրանքը, որը դուք ուզում եք գնել, պարզվում է, որ կեղծված է, սննդամթերքը լիարժեք թունավորված է, իրերը, սկսած հագուստից, վերջացրած կահույքով, էլի էն չի եւ վերջիվերջո քաղաքականությունը։ Կեղծիք

կեղծիքի վրա։ Լավ, ինչքան կարող է պարզ քաղաքացին դիմանալ այս իրավիճակին։ Ինչքան կարող ես դու մոլորեցնել քո հանրությանը նրանով, որ հետպատերազմական տարիներ են, երիտասարդ պետություն է, բոլոր երկրներում էլ ամեն ինչ վատ է, մենք ինչով ենք իրենցից տարբերվում։ 20

տարի արդեն անցել է, մի հատ նոր սերունդ ի հայտ է եկել, որը չի կարող մերվել այս իրականության հետ։

Հեռացողներին դուք արդարացնո՞ւմ եք։ Թե կարծում եք՝ պետք է մնալ փոփոխություններ պարտադրել ու ստիպել հաշվի նստել քեզ հետ։

– Գիտեք ախր, ենթադրենք, այն ռեսուրսը, որ ունի հանրությունը՝ իրականությունը փոխելու, շտկելու, վաղուց սպառվել է։ Վերջին շրջանի այդ բողոքները՝ կապված Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, դուք տեսաք ոնց աչքի առաջ այդ ռեսուրսը ի հայտ եկավ եւ սպառվեց։ Խոսելով ռեսուրսի մասին, խոսքը նախ գաղափարայինի մասին է։ Այսինքն՝ որն է գաղափարախոսությունը, որ քեզ տնից մղում է դեպի հրապարակ։ Իսկ

երկրորդը իրատեսական ռեսուրսն է, այսինքն՝ այն հնարավորությունը, որ դու ունես որպես հանրություն ազդելու իշխանության վրա։ Եթե այդ տեսանկյունից դիտարկենք, մենք կհասկանանք, որ հանրությունը որեւէ

ոչ սահմանադրական, ոչ էլ իրատեսական ռեսուրս չունի, որովհետեւ հենց որ հարցը հասնում է լուրջ գործողություններին, մայրաքաղաքի փողոցներում հայտնվում է ազգային բանակը, եւ բոլոր հարցերը փակվում են։ Իշխանությունը, որպես այդպիսին, ունի այդ ռեսուրսը եւ կառավարական ռեսուրսը, այսինքն՝ այն ինստիտուցիաները, որոնք իբրեւ թե պիտի պետություն ներկայացնեն, եւ ամենակարետրը՝ ռեպրեսիվ ռեսուրսը, այսինքն՝ ոստիկանությունը եւ բանակը։ Հանրությունն ի՞նչ իրավունք ունի, ոչ սահմանադրությունն է մեծ հաշվով տալիս իրեն այդ իրավունքը՝ կառավարության դեմ դուրս գալ, ոչ էլ որեւէ գաղափարախոսություն կա, որի շուրջ կարող է համախմբվել հանրությունն այսօր։ Գիտեք, ես ոչ թե մեղադրում եմ հանրությանը, ես փաստում եմ այն, որ 20 տարիներին երեք իշխանությունների ներքին քաղաքականությունը, վերջիվերջո բերեց այս հետեւանքներին, դրա համար էլ շարժ չկա, դրա պատճառով էլ այն լճացումն է, որը ինձ շատ ծանոթ է եւ այդ գարշահոտը լճացման, որը որ ինձ քաջ ծանոթ է վերջին սովետական տարիների շրջանից։ Նույն հոտն եմ առնում էս ամեն ինչից։ Նույն ապատիան է ժողովրդի մեջ եւ նույն ցանկությունը՝ հեռանալու։ Հեռանալու այս գարշահոտից։ Դրանով էլ ինձ թվում է պայմանավորված է այսօր արտագաղթի թափը եւ արտագաղթողների նոր որակը:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031