Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. Պատրաստ ենք համագործակցել ԲՀԿ-ի հետ

Մայիս 30,2013 11:43

Հատված ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից:

Պարոն Սահակյան, ՀՀԿն մենա՞կ է կառավարելու, բոլոր ասուլիսներում եւ կարծիքարտահայտումների ժամանակ շատ ինքնագոհ եք, որ ՀՀԿն հաղթել է եւ ուրիշների կարիքը չունի:

– Ոչ, լրիվ հակառակը, ավելորդ եզրահանգումներ են: Որովհետեւ Հանրապետականի քաղաքական հավատամքը, սկզբունքը նա է, որ բոլորը պիտի մասնակցեն երկրի արարմանը: Դրա համար ընտրություններից հետո էլ, առաջ էլ ասում ենք` մեր դռները բաց են, մենք կարող ենք համատեղել մեր ուժերը, այսինքն համաձայնություններ լինեն, կոալիցիաներ ստեղծվեն: Առավելն ասեմ` ժամանակի մեջ էդպես էլ քայլել ենք անընդհատաբար, բայց գալիս է մի պահ, երբ ընտրություններն են մոտենում, բոլոր դրականը կոալիցիոն մեր գործընկերները վերցնում են եւ ՀՀԿ-ին թիրախ են դարձնում, որը, կարծում եմ, ժողովրդի համար հասկանալի չէ:

Մամուլը գրում է, օրինակ, որ միջին օղակի ԲՀԿականներին հերթով հանելու եք պաշտոններից

– Իր գրածները թող մամուլն ինքը մեկնաբանի, մենք պատրաստ ենք համագործակցել: Համագործակցության ձեւերը բազմաթիվ եւ բազմաձեւ են: Էնպես որ էսօր էլ պատրաստ ենք թե՛ առանձին հարցերում, թե՛ ամբողջապես համագործակցել. դա մեր քաղաքական սկզբունքն է` 1999 թվականից սկսած…

Ընդհուպ կոալիցիա կազմե՞լը

– Կոալիցիա կազմելը քննարկելու հարց է, իքնանպատակ կոալիցիա չեն կազմում, եթե խնդիրներ կան, որոնց շուրջը տեսակետները համատեղվում են…

– Իսկ պատասխանատվությունը միայնակ կրելու տեսակետից բարդ չէ՞ ձեր վիճակը:

– Գիտեք` ես մեզ համարում եմ բեռնակիրներ: Էնպես որ բեռից պիտի չվախենալ: Մենք քաղաքական բեռնակիրներ ենք, ամեն ինչը մեզ վրա ենք վերցնում, նույնիսկ կոալիցիոն ժամանակաշրջանում խոցելի կողմերը մեզ վրա ենք վերցրել: Էնպես որ մեզ համար բարդություններ չկան: Մեզ համար կա կամք, վճռականություն, եւ էդ վճռականության շրջանակներում բոլորն էլ կարող են իրավունքներ ունենալ համատեղ գործելու: Երկիրը բոլորինն է:

Երեք ընտրություններից մեր ընդդիմությունը բավական թուլացավ: Եթե որեւէ իշխող ուժ թույլ ընդդիմություն ունի, շատ հաճախ պատճառն իշխող ուժի մեջ են փնտրում:

– Ընդդիմությունը պիտի կարողանար կոնկրետ տեսակետներ արտահայտելու ճանապարհով գնալ, բայց մեր ընդդիմությունը որոշեց շարժվել հետեւյալ կերպ. ով շատ հայհոյի Հանրապետականին, նա թիվ մեկ ընդդիմությունն է, մինչդեռ կարելի էր այլ ճանապարհով գնալ` այլընտրանքային տեսակետների եւ ծրագրերի ներկայացմամբ ժողովրդին, կարողանային ավելի հզորանալ: Առավել եւս նախագահական ընտրություններին, երբ բախտի բերմամբ թե պատահմամբ ռեալ իրավիճակ ստեղծվեց, որ դասական ձեւով անձնավորվեին ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը: Իսկ ընդդիմությունը, փաստորեն, ինքն իրեն լուծարեց:

Որեւէ քաղաքական ուժ դեռ հիմնավոր չի բացատրել, թե ինչու ինքը թեկածու չառաջադրեց նախագահական ընտրություններին: Իսկ ընդհանրապես` պետության համար վտանգավոր եմ համարում, որ մենք լուրջ ընդդիմություն չունենք: Այդպիսով` վերահսկող ծրագրերը չկան մեր իրականության մեջ, ժողովրդավարության մոդելում պիտի լինի ուժեղ ընդդիմություն, որ լինի ուժեղ իշխանություն: Բայց մերոնք իշխանությունը իրենց կուսակցության համար ոչ թե միջոց են համարում, այլ` իրենց նպատակը: Նպատակը պետք է փոխվի, դա պետք է լինի պետության հզորացումը:

Բայց ՀՀԿն էլ նպատակ ուներ իշխանությունը պահելու:

– Իշխանությունը միջոց է մեր նպատակների համար: բայց դա մեզ համար բացարձակ միջոց չէ, ամենաակտիվ միջոցներից մեկն է թեեւ: Բնականաբար քաղաքական բոլոր ուժերն էլ, եթե նպատակներ ունեն, պիտի միջոցները ստեղծեն իրենց համար: Եթե այդպես չլիներ, այլընտրանքային ծրագրերով հանդես կգային: Բայց գնացին այն ճանապարհով, որ Հանրապետականին հայհոյանքների տարափ ուղղեցին, ու եթե մի բան էլ ասում ես, նեղանում են: Իսկ իրենք ինչ ասես, որ չասացին: Ուժեղ ընդդիմություն ունենալու բանաձեւը կարող եմ ասել` կամ իշխանությունն է հնարավորություն ստեղծում, որ ուժեղ ընդդիմություն ձեւավորվի, կամ օտարները: Այս տարիներին մեզ մոտ օտարներն են փորձում ընդդիմություն ձեւավորել, որն էլ պատճառ է, որ ուժեղ ընդդիմություն չձեւավորվի:

– Պատկերացնո՞մ եք, որ 2018 թվին ՀՀԿ-ն իշխանություն չի լինելու

– Իշխանություն եթե չլինի, ուրեմն կլինի ընդդիմություն: Բայց դա միայն մի դեպքում կլինի` եթե մենք չկարողանանք որոշակի արագ քայլեր ուղղորդել` հասարակական, քաղաքական մթնոլորտը եւ սոցիալական վիճակը փոխելու ուղղությամբ: Կառավարության ծրագիրը միտված է լուծելու այդ խնդիրները:

 

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Հարգելի պարոն Գ.Սահակյան,այն,որ դուք բոլորդ (ես էլ Ձեզ պես՝նկատի ունեմ ողջ ՀՀԿ-ն) բեռնակիրներ եք,մենք դա վաղուց գիտեինք:Եվ այդ ,,պատվավոր կոչումը,, Ձեզ՝ սիրով, տվել է ժողովուրդը: Այս անգամ ոչ մեկին չզարմացրիք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031