Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինը» ֆիլմը հայ կնոջ ու հայ ազատամարտիկների որդիների խիզախության մասին է

Մայիս 30,2013 11:27

Ռեժիսոր Արշակ Զաքարյանի՝ 2012 թվականին նկարած «Կինը» կարճամետրաժ ֆիլմը պատմում է մի հայ կնոջ մասին, ում ամուսինն ու եղբայրը զոհվել են Արցախյան ազատամարտում: Ֆիլմի գլխավոր դերակատարը, ում մարմնավորել է դերասանուհի Զարուհի Հակոբյանը, ունի 18-ամյա որդի, որը պատրաստվում է իր ցանկությամբ զորակոչվել բանակ:

Կարճամետրաժ ֆիլմի գլխավոր իրադարձությունները տեղի են ունենում գիշերը. լուսանալուն պես, կինը պետք է որդուն ճանապարհի բանակ: Ֆիլմը հետաքրքիր է նրանով, որ կնոջ զոհված ամուսինն ու եղբայրը խորհրդավոր կերպով հայտնվում են կնոջ տան խոհանոցում, խոսում կնոջ հետ, խորհուրդներ տալիս: Նրանց, սակայն, միային կինն է տեսնում: Ի դեպ, կինը ֆիլմում անուն չունի:

Հաջորդ առավոտյան կինն որդուն ճանապարհում է բանակ, կրկին հայտնվում են ամուսինն ու եղբայրը, եւ կինը նրանց հորդորում է որդու հետ գնալ բանակ, նրան պաշտպանել: Գլխավոր հերոսուհին խոստանում է երեքին էլ սպասել:

Խոսելով ֆիլմի նախապատմության մասին՝ ռեժիսոր Արշակ Զաքարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ֆիլմը նվիրված է ազատամարտիկներ Մանչին ու Մուշեղին, որոնց աճյուններն ամփոփված են Եռաբլուրում:

«Ֆիլմում նրանց պատմությունն է վերցված: Երկուսի հետ էլ անձնապես ծանոթ եմ եղել: Ասուլիսի էի, ասուլիսի թեման էին այն հայ կանայք, որոնք զբաղվում են մարմնավաճառությամբ, որոնք շատ չնչին տոկոս են կազմում: Ես բարկացա ու հարցրեցի՝ ինչո՞ւ չեք նկատում այն մեկուկես միլիոն հայ կանանց, որոնց ուսերին շատ ծանր բեռ է ընկած՝ դաստիարակում են իրենց զոհված ազատամարտիկների եւ իրենց երեխաներին, մարդ են սարքում, տուն են պահում: Գիշերը՝ ժամը 5-ին, մուսան եկավ, ես նստեցի եւ մի ժամվա մեջ, մի շնչում գրեցի ֆիլմի սցենարը, որից հետո մշակվեց այն»:

Մեր այն նկատառման հետ, որ ֆիլմում ճոխ է ներկայացված զոհված ազատամարտիկի տունը, ռեժիսորը չհամաձայնեց ու ասաց. «Ես կասեի, որ սխալվում եք: Ներսն ու դուրսը տարբեր տներ էին նկարված: Դրսի տունն երեք ծառայած զինվորների տուն է: Նրանք օլիգարխներ չեն, այսինքն՝ սովորական աշխատող մարդիկ են, ծառայած տղաներ են, եւ նրանց տունն է դա: Ճիշտ է՝ այսօր շատ կան չքավորության մեջ ապրող զոհված ազատամարտիկների ընտանիքներ, որոնց համար ես պայքարում եմ, բայց չի կարելի անընդհատ դա շեշտել: Նամանավանդ, այս ֆիլմը ստեղծվել է ադրբեջանցիներին ցույց տալու համար, որ զոհված ազատամարտիկներ զավակները պատրաստ են այսօր իրենց հայրերի նման պայքարել հայրենիքի համար: Եվ ես չէի ուզենա այս դեպքում չքավորություն ցույց տալ: Շատ դեպքերում դու պետք է ցանկալին ցույց տաս որպես իրականություն, որպեսզի ցանկությունն իրականություն դառնա»:

Ռեժիսորը մեզ պատմեց, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում անցկացվող կինոփառատոններից մեկում Հայաստանից երեք տարի շարունակ անօթեւան մարդկանց մասին ֆիլմեր են ներկայացվել, ինչից հետո կինոփառատոնի կազմակերպիչը հարցրել է. «Ես չեմ հասկանում՝ Հայաստանում «բոմժերից» բացի ուրի՞շ մարդիկ չկան»:

«Կինոփառատոններում իրոք հոգնել են, որ մենք մեզ ներկայացնում ենք որպես աշխարհի ամենաչքավոր ժողովուրդներից: Ես, իհարկե, չեմ ասում, որ Հայաստանում չքավորություն չկա»,- նշեց ռեժիսորը:

«Կինը» կարճամետրաժ ֆիլմն, ըստ ռեժիսորի, ներկայացվել է միջազգային մի քանի կինոփառատոններում, ինչպես նաեւ՝ Լեհաստանում անցկացվող ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային փառատոնում: Այնտեղ դերասանուհի Զարուհի Հակոբյանին տրվել է «Լավագույն դերասանուհի» մրցանակը, թեւ կինոփառատոնն այդպիսի անվանակարգ չի ունեցել: Այս օրերին «Կինը» ֆիլմը ներկայացված է նաեւ «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային 3- րդ փառատոնում:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031