Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի ստամոքսահենք տնտեսություն

Մայիս 30,2013 11:08

Գիտելիքահենք տնտեսության գաղափարը շրջանառության մեջ դրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: 2008 թվականին վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո նա սկսեց խոսել այն մասին, որ իր թիմը պատրաստվում է կառուցել գիտելիքի վրա հիմնված հասարակություն և տնտեսություն, որն էլ, իր հերթին, պետք է հիմնվի ուժեղ կրթական համակարգի վրա:

Վարչապետը և նրա տնտեսական բլոկի ենթակաները հաջորդ տարիներին այս արտահայտություններն այնքան հաճախ էին օգտագործում, որ այն դարձավ արդեն ականջին հաճելի բառ: «Երկրի ապագան մենք տեսնում ենք՝ որպես գիտելիքահենք հասարակություն և տնտեսություն»,- ասում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել կրթության, ինչպես նաև՝ դրա հետ կապված ոլորտների, մասնավորապես, ՏՏ ոլորտի մեջ, որը մեր թիվ մեկ գերակայությունն է:

Գիտելիքահենք տնտեսություն կառուցելու, այսպես ասած,  տեսլականը արտացոլված էր նաև ՀՀ կառավարության 2008-2012 թվականների ծրագրում: Գիտելիքահենք տնտեսություն կառուցելու համար հարկավոր է զարգացնել կրթությունն ու գիտությունը: Այսինքն՝ հարկավոր է մեծացնել ֆինանսավորումը:

2007 թվականին՝ մինչև Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելը, կրթության ոլորտին ուղղվող պետական ծախսերը կազմում էին ՀՆԱ-ի 2.9%-ը: Կառավարության ծրագրով նախատեսվում էր այդ ցուցանիշը հասցնել 3.5%-ի: Սակայն 2012 թվականին կրթության ոլորտին ուղղված ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 2.6%-ը (2012 թվականի ՀՆԱ-ն եղել է մոտ 4 տրիլիոն դրամ, իսկ կրթության ոլորտին բյուջեից հատկացվել է 105.5 մլրդ դրամ):

Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ կառավարությունը նպատակ ուներ 2008-2010թթ. ընթացքում ՀՆԱ-ն աճեցնել տարեկան 8-10%-ով, ապա կրթությանն ուղղվող բացարձակ ֆինանսավորումը պետք է առնվազն կրկնակի ավելանար: Սակայն ավելացել է ընդամենը 1.9 միլիարդ դրամով կամ 1.8%-ով՝ 2008 թվականի 103.6 միլիարդ դրամից հասնելով 105.5 միլիարդ դրամի: Եթե հաշվի առնենք այս տարիների ընթացքում արձանագրված գնաճը, ապա կարելի է ասել, որ կրթությանն ուղղված ֆինանսավորումն իրականում նվազել է:

Այսքանը՝ գիտելիքահենքի մասով: Հիմա անդրադառնանք ստամոքսահենքին: Սոցիալական ոլորտին ուղղվող պետական ծախսերը  2008 թվականին  կազմում էին ՀՆԱ-ի 6%-ը: Կառավարությունը նախատեսում էր այդ ցուցանիշն ավելացնել 0.2 տոկոսային կետով՝ 2012 թվականին հասցնելով 6.2%-ի: Սակայն 2012 թվականին սոցիալական ոլորտի պետական ֆինանսավորումը կազմել է ՀՆԱ-ի 7.6 %-ը: Սոցիալական ոլորտի պետական ֆինանսավորումը 2008 թվականի բյուջեով 219.2 միլիարդ դրամ էր, իսկ 2012 թվականին՝ 307.2 միլիարդ:

Սոցիալական ոլորտի ծախսերի ավելացումն, իհարկե, անհրաժեշտություն էր: Ավելին՝ պետք եղածից ավելի քիչ էր, քանի որ անգամ սոցիալական ոլորտին ուղղված ֆինանսավորման 50%-անոց ավելացումը չի կարողացել կրճատել աղքատության մակարդակն ու արտագաղթի տեմպերը:

Այսինքն՝ խնդիրն այն չէ, թե ինչո՞ւ է կառավարությունն ավելացրել սոցիալական ֆինանսավորումը: Խնդիրն այն է, որ ստեղծված իրավիճակում սոցիալական խնդիրների լուծումն այլևս հնարավորություն չի թողնում գիտելիքահենք տնտեսություն զարգացնելու համար:

Ինչ-որ տեղ սա նաև տրամաբանական է, քանի որ սոված փորով գիտական լուրջ արդյունք ակնկալել հնարավոր չէ: Անցած 5 տարիների ընթացքում կառավարությունը ոչ թե գցել է գիտելիքահենք տնտեսության հիմքերը, այլ փորձել է գոնե այնպես անել, որ մարդիկ կարողանան գոյատևել: Առաջնահերթություն դարձել է ոչ թե գիտությունն ու դրա վրա հիմնված տնտեսությունը, այլ՝ հացի խնդիրը լուծելը:

Ավելացնենք, որ դա անուղղակիորեն արտացոլվում է նաև կառավարության նոր ծրագրում:  62 էջանոց այդ փաստաթղթում «գիտելիքահենք» բառն ընդհանրապես բացակայում է, իսկ «գիտելիք» բառն օգտագործվում է ընդամենը 3 անգամ, որից երկուսը՝ նույն նախադասության մեջ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031